1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանյան բեսթսելեր 3/18. «Թլփատվածները» եռագրությունը վերադարձել է վարկանիշային աղյուսակ

Երևանյան բեսթսելեր 3/18. «Թլփատվածները» եռագրությունը 
վերադարձել է վարկանիշային աղյուսակ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի և «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

Հակոբ Սողոմոնյանի Մեծ եղեռնին նվիրված «Թլփատվածները» եռագրությունը այս շաբաթ երկրորդ հորիզոնականում է: «Ես «Թլփատվածներին» ստեղծեցի, որպեսզի կարողանամ լիարժեք մտածել զղջման և ներման մասին: Եվ քանի որ գիտեմ, թուրքերը, իհարկե, որոշ բացառություններով, ընդունակ չեն զղջման, որովհետև տեսակը երբեք չի փոխվում, գնացի վրեժխնդրության ճանապարհով: Բայց այնքան էլ ճիշտ չէ, որ «Թլփատվածներին» ես եմ ստեղծել: Չեմ ուզում ասել, թե նրանց ստեղծել է անցյալը, աշխարհն իր սառցե սրտով կամ թուրքերն իրենց ժխտողականությամբ և կամ հայերն իրենց հատուցման պահանջով: «Թլփատվածներին» ստեղծել է ապագան: Նրանք գալիս են ապագայից, որպեսզի կարգավորեն ներկան ու ստեղծեն արդար ապագա: Ոչ միայն հայի ու թուրքի համար, այլև ողջ մարդկության համար: Բայց այդ ճանապարհով ստեղծված ապագան և արդարությունը զարհուրելի են: «Թլփատվածները» գալիս են, իսկ նրանք գալու են անպայման, վրեժխնդիր են լինելու, որպեսզի մենք կարողանանք ներել: Բայց, կրկնում եմ, կկարողանա՞նք ներել: Եվ հարցը, որ տրված է գրքի անոտացիայում՝ Կասանդրան գուժում, թե՞ ավետում է «Թլփատվածների» գալուստը, ինձ համար դեռ չունի պատասխան»,-իր գրքի մասին գրել է հեղինակը:

Վահրամ Մարտիրոսյանի «Սերը Մոսկվայում» նոր վեպը երրորդ հորիզոնականում է: Մարտիրոսյանի վեպի վերնագրի երանգը հուշում է, թե սա ամենաանհավանական արկածն է, որ կարող է պատահել Մոսկվայում, բայց այն իսկապես սիրո պատմություն է: Վեպի հերոսները սիրահարվում են և երջանիկ են միասին, ասես անկշռելիության թաղանթում, մինչև այն ճեղքում ու ներս է թափանցում իրականությունը՝ երեկ աշխարհակալ-միաձույլ, այսօր ազգային հակասություններից, սոցիալական անարդարությունից ու բռնություններից ծվատվող մեգապոլիսը:

Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: «Մանդիլիոն» գիրքն այս շաբաթ չորրորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ: «Մանդիլիոն» գրքի համար «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հատուկ մրցանակ է ստացել:

Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» բեսթսելերը, որ բնորոշվել է իբրև XIV դարի դեկորներում ծավալվող փիլիսոփայական կամ աստվածաբանական դետեկտիվ, միջնադարյան աշխարհն իր բոլոր շերտերով ընդգրկող հանրագիտարանի արժեք ունի և դրա հետ մեկտեղ պոստմոդեռնիստական գրականության կոթողներից մեկի համարում: Նոր «Վարդի անունը», որտեղ հեղինակը բազմաթիվ խմբագրական ու լեզվական շտկումներ է արել, ինչ-ինչ կրճատումներ, մասնավորապես լատիներեն մեջբերումների առումով, լույս տեսավ 2013-ին, և ֆրանսերենից հետո հայերենը երկրորդ լեզուն է, որով թարգմանվել է:

Հաջորդ հորիզոնականում է Գրիգոր Նարեկացու` «ՄՀՄ» և «Նահապետ» հրատարակչությունների լույս ընծայած «Մատյան ողբերգության» ժողովածուն: 

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը յոթերորդն է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:  Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, ութերորդն է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ինքնակենսագրական «Մայրիկ» գիրքը իններորդ հորիզոնականում է: Այն հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության և սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը՝ դրանով իսկ նվաճելով վերապրելու իրենց իրավունքը:

Վարկանիշային աղյուսակը եզրափակում է բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը» : Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:  

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ
1 0

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես/Էդիթ Պրինտ 20/16
2 *

 Հակոբ Սողոմոնյան

«Թլփատվածները»

Էդիթ Պրինտ 12
3 -1

Վահրամ Մարտիրոսյան

«Սերը Մոսկվայում»

Անտարես 10
4 *

Վահան Հովհաննիսյան

«Մանդիլիոն»

Անտարես 8
5 *

 Ումբերտո Էկո

«Վարդի անունը»

Անտարես 7
6 0

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության» 

ՄՀՄ/ Նահապետ  7/5
7 +3

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 7
8 0

 Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 7
9 *

Անրի Վեռնոյ

«Մայրիկ» 

Առպրինտ 7
10 -3

 Պաուլո Կոելյո

«Ալքիմիկոսը»

 Անտարես 6

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]