Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների հեռանկարները

ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների 
հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 25-ին հանդիպել է  պաշտոնական այցով Երևանում գտնվող Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Հայաստանի և Չեխիայի միջև հաճախակի փոխայցերը՝ շեշտելով, որ դրանք նպաստում են տարբեր բնագավառներում համագործակցության առավել զարգացմանը և վկայում հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և հյուրընկալության համար՝ նախարար Զաորալեկն իր հերթին նշել է, որ Չեխիայի Հանրապետությունը Հայաստանը համարում է արժեքավոր բարեկամ և կարևոր գործընկեր, կարևորում Հայաստանի հետ հարաբերությունների սերտացումն ու ամրապնդումը, և իր այցելությունը հենց այդ նպատակն է հետապնդում:

Երկուստեք ընդգծվել  է, որ վերջին տարիներին հայ-չեխական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Զրուցակիցները համակարծիք են, որ հարաբերություններում առկա բարձր մակարդակը պայմանավորված է նաև Պրահայում և Երևանում դեսպանությունների նպատակաուղղված և հետևողական աշխատանքով։

Բանակցություններին անդրադարձ է արվել երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, ակտիվ միջխորհրդարանական համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության, Ռիգայի գագաթաժողովի արդյունքների շուրջ։ Զրուցակիցներն ընդգծել են  Հայաստան-ԵՄ նոր իրավական հենքի ձևավորման շուրջ բանակցությունների և մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը:

Հայաստանի արտգործնախարարը հյուրին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում ամբողջ աշխարհում անցկացվող ոգեկոչման միջոցառումները և դրանց խորհուրդը։ Նախարար Նալբանդյանը երախտագիտությամբ հիշատակել է  նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Չեխիայի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից ապրիլին ընդունված բանաձևը, Չեխիայում կազմակերպված տասնյակ միջոցառումները։

Կողմերն անդրադարձել են մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների՝ ուկրաինական ճգնաժամին, մերձավորարևելյան զարգացումներին։

Նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]