Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հերմինե Նաղդալյանը կարևոր ուղերձներ է հղել ԵԽԽՎ-ին

Հերմինե Նաղդալյանը կարևոր ուղերձներ է հղել ԵԽԽՎ-ին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ազատ ձևաչափով քննարկման ժամանակ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եվրոպացի խորհրդարանականներին փոխանցել է  2 կարևոր ուղերձ` ԼՂՀ պատգամավորների կողմից ԵԽԽՎ-ի հետ համագործակցության և ՀՀ խորհրդարանի` «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանությունների» միջազգային հարթակ ստեղծելու նախաձեռնությունները:

Մինչ այդ իր ելույթում Նաղդալյանը հարկ է համարել հակադարձել ադրբեջանցի պատվիրակներից մեկին, ով անդրադարձել էր Չիրագովի գործին առնչվող դատարանի որոշմանը` որակելով պատվիրակի խոսքերը ամբողջությամբ մտացածին և կեղծ: Մասնավորապես, ադրբեջանցի պատվիրակը հիշատակել էր «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործը` համարելով դա Ղարաբաղի և հարակից յոթ շրջանների օկուպացիայի իրավական այլևս հաստատված հիմք: ԱԺ փոխնախագահը փաստել է ադրբեջանցիների կողմից հարցերի միակողմանի ներկայացման տարածված գործելաոճը` առաջարկելով նրանց խոսել ՄԻԵԴ-ի այն որոշումներից, որոնք Ադրբեջանի դեմ են` ինչպես փախստականների, այնպես էլ քաղաքական հետապնդումների մասով:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ԱԺ փոխնախագահի ելույթն ամբողջությամբ:  

«Կարճ արձագանք իմ ադրբեջանցի գործընկերոջը. որևէ խոսք չկա Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի «օկուպացիայի» մասին: Դա պարզապես չի համապատասխանում իրականությանը: Հետաքրքիրն այն է, որ ադրբեջանցի գործընկերը մոռանում է նշել նույն թեմայի վերաբերյալ Ադրբեջանի դեմ վճիռը: Բացի այդ, կան մի շարք վճիռներ Ադրբեջանի դեմ, որոնցում դատարանը Ադրբեջանին շարունակ կոչ է արել ազատ արձակել լրագրողներին, քաղաքական ակտիվիստներին, Բաքվի ԵԽ դպրոցի տնօրենին: Սակայն, ըստ երևույթին, այդ դատողությունները չեն հետաքրքրել իմ ադրբեջանցի գործընկերոջը, ով փորձում է կեղծ տեղեկություններ տարածել դատարանի վճիռների մասին:

Հարգելի գործընկերներ, երկու ուղերձ ունեմ, որոնք կցանկանայի ներկայացնել ձեր ուշադրությանը: Վերջերս Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի իմ գործընկերների խնդրանքով` ձեզ եմ ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությունը: Հայտարարությունը ապագայի մասին է,  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պատրաստակամության` կառուցելու իրենց երկիրը համագործակցելով այս մարմնի հետ ` նրա սկզբունքների և արժեքների հիման վրա, որոնք նրանք կիսում են: Անարդար է անտեսել այս ժողովրդին` իրենց Հանրապետության կարգավիճակի պատճառով: Նրանք Եվրոպայի մասն են, երիտասարդ ժողովրդավարություն են, որոնք երբեք չեն դառնա այն երկրի մասը, որտեղ իշխում է  ժառանգական ավտորիտար ռեժիմը: Չնայած անցկացված ընտրություններին, որոնք, ըստ միջազգային բազմաթիվ դիտորդների` լիարժեք ժողովրդավարական չափանիշներին համապատասխան են եղել, Լեռնային Ղարաբաղը մեր կարիքն ունի` իր ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու և ամրապնդելու համար:

Ես դիմում եմ ձեզ բոլորիդ, Վեհաժողովի ողջ ղեկավարությանը, ինչպես նաև քաղաքական խմբերի նախագահներին ու 47 երկրների ներկայացուցիչներին« խնդրում եմ՝ ուշադիր կարդացեք ԼՂՀ Ազգային ժողովի հայտարարությունը և կզգաք այդ հանրապետության ժողովրդի ձգտումները:  Մեր Վեհաժողովը կարող է անմիջական շփումներ նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հետ` անկախ նրա կարգավիճակից` խթանելու մարդու իրավունքները, ժողովրդավարական սկզբունքները և օրենքի գերակայությունը: Եվրոպայի խորհուրդն ունի նման փորձ Եվրոպայի և աշխարհի այլ հատվածներում: Եկեք որոշ ժամանակով մոռանանք երկակի ստանդարտները, և թող մեզ առաջնորդեն մարդասիրական ու ժողովրդավարական արժեքները: Եվրոպայում յուրաքանչյուր ոք պետք է պաշտպանված լինի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և այլ համապատասխան փաստաթղթերով:

Իմ երկրորդ ուղերձն առնչվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախաձեռնությանը: Դուք տեղյակ եք, որ այս տարի ոգեկոչվեց Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը:  Մենք շնորհակալ ենք այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք իրենց աջակցությունը ցուցաբերեցին և զորակցությունը հայտնեցին այդ օրերին: Հիրավի, կարևոր է մեզ համար զգալ, որ, ի վերջո, մենք միայնակ չենք, և որ միջազգային հանրությունը և մեր ընկերները կանգնած են մեր կողքին:

Հարյուր տարի անց աշխարհն ապահովագրված չէ ցեղասպանություններից: Եթե 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչվեր և դատապարտվեր, մենք կարող էինք խուսափել մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնություններից: Լինելով ցեղասպանություն վերապրած ազգ` մենք պատասխանատվություն ենք զգում նախաձեռնելու միջազգային արշավ ցեղասպանությունների դեմ: Ժողովրդի կողմից ընտրված լինելով՝ մենք` խորհրդարանականներս, պետք է առաջ մղենք այդ ջանքերը: Մենք հավատում ենք, որ միջազգային խորհրդարանական ամբիոնը համագործակցության արդյունավետ գործիք է` մարդկության դեմ բոլոր տեսակի հանցագործությունների համատեղ պայքարում:

Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է  «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանությունների» պլատֆորմ:  Մենք կոչ ենք անում բոլորիդ միանալ այս նախաձեռնությանը: Համապատասխան նամակներ կուղարկվեն ԵԽ անդամ պետություններին, ինչպես նաև ամբողջ աշխարհի խորհրդարաններին: Հավատացած եմ, որ կմիանաք այս հարթակին` միասին այս աշխարհը դարձնելու ապահով ու ավելի  լավ վայր»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]