1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թեքեյանական 5-րդ օլիմպիադայի հաղթողները պարգևատրվել են

Թեքեյանական 5-րդ օլիմպիադայի հաղթողները պարգևատրվել են

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն հինգերորդ տարին է, ինչ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը կազմակերպում է գիտելիքների մրցույթ` «Թեքեյանական օլիմպիադա», որում իրենց ուժերն են չափում Հայաստանի եւ Արցախի Վ. Թեքեյանի անվան դպրոցների աշակերտները: Տարեցտարի ձեռնարկն էլ ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում եւ ընդլայնում է իր ծավալները: Այս տարի օլիմպիադան անցկացվել է «Մաթեմատիկա», «Հայոց լեզու եւ գրականություն» եւ «Անգլերեն լեզու» առարկաներից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Թեքեյան կենտրոնից, հիմնադրամը նպատակ ունի օլիմպիադայի միջոցով խթանել եւ խրախուսել հայոց եւ օտար լեզուների, հայ գրականության, ինչպես նաեւ բնագիտական առարկաների իմացությունը, առողջ մրցակցության պայմաններում հնարավորություն տալ աշակերտներին դրսեւորել իրենց գիտելիքները, ինչպես նաեւ ծանոթանալ տարբեր մարզերում բնակվող հասակակիցների հետ:

Թեքեյանական 5-րդ օլիմպիադան, որին մասնակցել են Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի, Կարբիի եւ Բերձորի Վ. Թեքեյանի անվան դպրոցների 8-րդ դասարանների թվով 70 աշակերտներ, տեղի է ունեցել Թեքեյան Կենտրոնում: Եվ մինչ մասնագիտական հանձնախումբն ամփոփում էր մրցույթի արդյունքները, հիմնադրամը միջոցառման բոլոր մասնակիցներին առաջարկել է հյուրասիրություն եւ մշակությաին ծրագիր: Այս անգամ նրանք այցելել են Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոն եւ դիտել Հայոց ցեղասպանությանն անդրադարձող «Շխոնց Միհրան» ներկայացումը:

Այնուհետեւ միջոցառումը կրկին տեղափոխվել է Թեքեյան Կենտրոն, որտեղ տեղի է ունեցել մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը եւ հայտարարվել են հաղթող ճանաչված աշակերտների անունները: Սակայն պետք է նշել, որ չկային պարտվողներ, քանի որ բոլոր մասնակիցներն էլ հիմնադրամի կողմից արժանացել են խրախուսական մրցանակների: Միջոցառմանը ներկա էին հյուրեր Հայաստանից եւ Արցախից:

Հյուրերին եւ օլիմպիադայի մասնակիցներին ողջունել է ԹԿՀ տնօրեն Արմեն Ծուլիկյանը: Շնորհավորելով հաղթողներին՝ նա մասնավորապես փաստել է, որ ավանդական են դարձել Հայաստանում եւ Արցախում գործող Վ. Թեքեյանի անվան հինգ դպրոցների եւ Թեքեյան Կենտրոնի փոխադարձ կապերը, եւ արդեն կայացել է թեքեյանական թիմ, որը միասնական նորանոր հաջողություններ է գրանցում, քանզի մեկի հաջողությունն ու հաղթանակը` բոլորի հաջողությունն ու հպարտությունն է: Տնօրենը նաեւ խորին երախտագիտությունն է հայտնել հիմնադրամի հովանավորներին, նվիրատուներին, հոգաբարձուներին, որոնց օժանդակության եւ ուշադրության շնորհիվ իրականություն են դառնում բոլոր ծրագրերը: Ծուլիկյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել մրցութային հանձնախմբին:

Այնուհետեւ օլիմպիադայի մասնագիտական հանձնախմբը, որի կազմում էին «Ուսմունք» վարժարանի փոխտնօրեն Ա. Ավետիսյանը (հայոց լեզու եւ գրականություն), ԵՊՀ դասախոս Ա. Մարգարյանը (անգլերեն լեզու) եւ Դ. Դեմիրճյանի անվ. թիվ 139 դպրոցի ուսուցչուհի Ա. Գեւորգյանը (մաթեմատիկա), մասնագիտական կարծիք է արտահայտել եւ գովասանագրեր, պատվոգրեր եւ մրցանակներ հանձնել բարձր առաջադիմություն դրսեւորած աշակերտներին: Շնորհավորելով նրանց՝ հանձնախումբը կարեւորել է ուսումը եւ գոհունակություն հայտնել, որ Թեքեյան դպրոցներն ունեն բանիմաց, խելացի աշակերտներ, որոնք ձգտում են նոր գիտելիքներ ձեռք բերել եւ նոր բարձունքներ նվաճել: Բարձր գնահատանքի են արժանացել նաեւ ուսուցիչները, որոնց ամենօրյա տքնաջան ու բարեխիղճ աշխաըանքի շնորհիվ աշակերտները նոր ձեռքբերումներ են գրանցում:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաեւ Արցախի Վ. Թեքեյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը, որը թեքեյանցիների անունից շնորհակալություն է հայտնել հիմնադրամի դպրոցներին աջակցություն ցուցաբերելու եւ նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար, քանզի նրանք նպաստում են հայ դպրությանն ու նոր սերնդի դաստիարակությանը:

Թեքեյան Կենտրոնում տոնական տրամադրությունը շարունակվել է համերգային ծրագրով, որն էլ ներկայացրել են «Ուսմունք» վարժարանի տաղանդաշատ սաները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]