Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էդվարդ Միլիտոնյանն իր հեղինակած 70 նկարները ներկայացրեց արվեստասերներին

Էդվարդ Միլիտոնյանն իր հեղինակած 70 նկարները ներկայացրեց 
արվեստասերներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը վերջին 4 տարվա ընթացքում ստեղծած իր յոթ տասնյակ նկարները ներկայացրեց հանրությանը: Միլիտոնյանի գեղանկարչական ստեղծագործություններն ամփոփող անհատական ցուցահանդեսը հունիսի 24-ին բացվեց Հայաստանի նկարիչների միությունում: Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին մշակույթի գործիչներ, արվեստասերներ:

«Հիմնականում գեղանկարներ են, մի քանի գրաֆիկական աշխատանք կա: Որոշ նկարներ էլ կան, որ վաղուց են արվել, դրանք էլ են ներկայացվում: Ես վաղուց եմ նկարում, սա արդեն իմ իններորդ ցուցահանդեսն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Էդվարդ Միլիտոնյանը:  

Նա խոստովանեց, որ մանուկ հասակից հետաքրքրվել է նկարչությամբ: «Միշտ էլ նկարել եմ: Չգիտեմ՝ ինչն է ավելի դժվար նկարել՝ օրինակ, դիմանկարը կամ բնանկարը. ամեն ինչ էլ փորձել եմ»,- հավելեց նա:

Բանաստեղծ, նկարիչ Արևշատ Ավագյանի խոսքով՝ Էդվարդ Միլիտոնյանը և՛ լավ գրում է, և՛ նկարում: «Ստեղծագործական երկու տարերքները՝ գրականն ու գեղանկարչականը, օգնում են, որպեսզի Էդվարդ Միլիտոնյանը ներկայացնի իր ներաշխարհը»,- նշեց նա:

Քանդակագործ Դավիթ Երևանցին էլ նշեց, որ շատ է հավանել Էդվարդ Միլիտոնյանի նկարները: «Նա չի խաբում ինքն իրեն, ինչպես զգում է՝ այնպես էլ նկարում է և գրում: Ազնիվ են նրա նկարածները: Հիացած եմ»,- ընդգծեց քանդակագործը:

Ցուցահանդեսը կտևի մինչև հունիսի 30-ը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ծնվել է 1952թ. Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է «Պիոներ», «Ծիծեռնակ», «Գարուն» ամսագրերում` որպես պոեզիայի բաժնի վարիչ: 1977թ-ից Հայաստանի Գրողների միության անդամ է: Եղել է ՀՀ տեղեկատվության և գրահրատարակչության վարչության նախագահի առաջին տեղակալը, ապա` վարչության պետը, Հայաստանի Ռադիոյի տնօրենը, ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական և քարոզչության վարչության պետը: Աշխատել է նաև ՀՀ մշակույթի նախարարությունում: 2005թ. ընտրվել է ՀԳՄ վարչության քարտուղար: Հեղինակել է 29 բանաստեղծական ժողովածու, որոնք տպագրվել են տարբեր լեզուներով: Հայտնի է նաև որպես նկարիչ: Նրա գործերի ցուցահանդեսներ է բացվել Հայաստանում և արտերկրում: 2013թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ: 

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]