Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Մայր Աթոռում ներկա գտնվեց Քըրք Քըրքորյանի հոգեհանգստյան կարգին
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ և պատգամավորներ, նաև հավատավոր ժողովուրդը:
Վարչապետը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Քըրք Քըրքորյանի նման հայորդիներ ունենալու համար պետք է բոլորն իրենց երեխաների մեջ հայրենասիրության արժեքը սերմանեն: «Պետք է ամեն ինչ անենք, որ էլի ունենանք նման մարդիկ` միասին դաստիարակելով, ինչը մեծ ներդրում կարող է լինել հայ ժողովրդի, Հայաստանի համար»,-ասաց վարչապետը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքով էլ` երբ մեծարում ես մեծերիդ, մեծարվում ես և դու, և ազգդ: «Շատ կարևոր է, որ մենք մեծարման ճանապարհով ենք գնում: Այսինքն` եթե ընդօրինակման գաղափարախոսությունն առաջ չգնա, բնականաբար, ամբողջ ազգը կտուժի: Բայց երբ մեծարում ես մեծերիդ, մեծարվում ես և դու, և ազգդ և կարողանում ես հավերժության գաղափարախոսությամբ առաջ ընթանալ»,-ասաց Գալուստ Սահակյանը` հավելելով, որ Քըրք Քըրքորյանի համեստությունը պետք է ուսանելի լինի բոլորի համար և ամեն օր:
98 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանը: Մահվան բոթը հաստատել է Քըրքորյանի «Տրասինդա Քորփորեյշնի» նախագահ և գործադիր տնօրեն Էնթոնի Մանդեկիքը: Քըրքորյանը մահացել է երկուշաբթի երեկոյան՝ Բեվերլի Հիլլզի իր տանը:
Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917թ. հունիսի 6-ին Ֆրեզնո քաղաքում: Զբաղվել է հյուրանոցային շինարարությամբ, կինո և ավտոմոբիլային արտադրությամբ: Սպիտակի երկրաշարժից հետո և ՀՀ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերին նվիրաբերել է ավելի քան 20 մլն դոլար: 1996թ. կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքած գումարը` Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարությանը հատկացնելով մոտ 4 մլն դոլար: 2001-ից նրա «Լինսի» հիմնադրամը 200 մլն դոլարի արժողության ծրագրեր է իրականացրել ՀՀ-ում ավտոճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու վերականգնման ուղղությամբ: Հայաստանի Ազգային հերոս է: Պարգևատրվել է «Հայրենիք» շքանշանով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում