Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Ապրիլ

Մառնեուլի շրջանում կտեղադրվի խաչքար նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին


ՄԱՌՆԵՈՒԼ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մառնեուլի շրջանի հայաբնակ Կարմիր գյուղում հունիսի 26-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին նվիրված խաչքարի բացում:

Արմենպրես-ի հետ զրույցում Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի մամուլի խոսնակ Սուսաննա Խաչատրյանը շեշտում է, որ միջոցառումը սովորականներից չէ, քանի որ Մառնեուլի մեծ շրջանում առաջին անգամ է հայկական խաչքար տեղադրվում:

‹‹Եթե հպարտությամբ հայտարարում ենք, որ Ջավախքում շատ խաչքարեր են տեղադրված, եթե հայտարարում ենք, որ Թբիլիսիում նույնպես որոշակի վայրերում խաչքարեր արդեն տեղադրվում են, ապա Մառնեուլի շրջանում սա առաջին խաչքարն է, եւ շատ կարեւոր միջոցառում է թե՛ տեղի հայ բնակչության համար, թե Վիրահայոց թեմի››,- ասաց Սուսաննա Խաչատրյանը` հավելելով, որ խաչքարի բացման միջոցառմանը կմասնակցեն Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանն ու Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն սրբազան Միրզախանյանը:

Սա առաջին հոգեւոր մեծ միջոցառումը չէ, որ վերջին շրջանում անցկացվում է Մառնեուլում: Հունիսի սկզբին Մառնեուլի Ախքյորփի հայկական գյուղում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի ձեռամբ կատարվել է ընդհանրական մկրտություն: Գյուղի 1861 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին քարաշեն  եկեղեցու բացօթյա տարածքում  Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր կանոններին համապատասխան մկրտություն են ստացել շուրջ յոթ տասնյակ վիրահայեր: Մկրտությունից հետո կայացել է համերգ, որի ընթացքում հնչել են հայկական ժողովրդական երգեր:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ