Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահի հետ բողոքի ակցիայի մասնակիցների հանդիպումը նոր որակ կհաղորդեր պայքարին. Շարմազանով

ՀՀ Նախագահի հետ բողոքի ակցիայի մասնակիցների հանդիպումը նոր որակ 
կհաղորդեր պայքարին. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ափսոսում է, որ Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի մասնակիցները չեն ընդառաջել ՀՀ Նախագահի հետ հանդիպելու կոչին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով առավոտյան Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպին, ընդգծեց, ճիշտ կլիներ, որ ակցիայի մասնակիցները կարողանային իրենց մեջից ընտրել 4-5 հոգու և հանդիպեին Նախագահի հետ: «Հանրապետության Նախագահի քայլը լայնախոհության քայլ էր, դիալոգի գնալու պատրաստակամություն էր, և ես ափսոսում եմ, որ մեր քաղաքացիները չգնացին Նախագահի հետ երկխոսության, որը նոր որակ կհաղորդեր այդ պայքարին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովն ակցիայի ընթացքում նաև դրական տարրեր է նկատել: Նրա խոսքով՝ առաջին անգամն է, որ ցույցի ընթացքում ոստիկանությունը և քաղաքացիները միմյանց նկատմամբ ընդգծված հարգալից վերաբերմունք են ցուցաբերել: «Ավելին, մենք տեսանք, որ մեր ոստիկաններն ամբողջ ակցիայի ընթացքում հորդորում էին, որ մեր քաղաքացիներն իրենց գործողություններն իրականացնեն օրենքի սահմաններում»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով ոստիկանության գործողություններին՝ Շարմազանովն ընդգծեց, որ ոստիկանությունը բավականին պրոֆեսիոնալ է գործել: «Այո, եղել են նաև որոշ անցանկալի դեպքեր, սակայն ես առաջին անգամ եմ տեսնում, որ նման ցույցերի ընթացքում թե քաղաքացիները, թե ոստիկանները միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունք են դրսևորում: Եվ առաջին անգամ եմ տեսնում, որ ոստիկաններն այդ միջոցառումն անցկացրեցին հնարավորինս բարձր մակարդակով»,- ասաց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ ողջ ակցիայի ընթացքում ոստիկանները քաղաքացիներին հորդորել են դադարեցնել անօրինական գործողությունները, սակայն քաղաքացիները ընդառաջ չեն գնացել ոստիկանության կոչին: Դիտարկմանը, թե ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել, Շարմազանովն ընդգծեց, որ ոստիկանության գործառույթը հասարակական կարգն ապահովելն է:

Անդրադառնալով լրագրողներին բերման ենթարկելու հանգամանքին՝ Շարմազանովը ցավ հայտնեց, որ բերման են ենթարկվել նաև լրագրողներ: Նա, սակայն, ընդգծեց, որ շատ լրագրողներ կես ժամ գործել են որպես լրագրող, հետո դարձել են ցուցարար, հետո կրկին սկսել են կատարել լրագրողի իրենց պարտականությունները: «Միգուցե նաև այդ անցանկալի իրավիճակը դրանով է պայմանավորված»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ ինքը լրագրողներին չի մեղադրում, ուղղակի փաստն է արձանագրում:

Հասարակական կարգը խախտելու համար հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայից եւ Օպերային հարող տարածքից 237 քաղաքացի տարվել է ոստիկանության տարբեր բաժիններ: ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ խախտված հասարակական կարգի վերականգնման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում անօրինական երթ կազմակերպած քաղաքացիներին ՀՀ ոստիկանությունը տևական բանակցությունների միջոցով առաջարկել է ազատել հավաքի վայրը: Միաժամանակ, հավաքի մասնակիցներին բարձրախոսով մի քանի անգամ հայտարարվել է, որ նրանց պահանջները պատրաստ է լսել Հայաստանի Հանրապետության Նախագահը:  Ոստիկանության կոչերը և խնդրանքները երթի կազմակերպիչների կողմից անտեսվել են: Ոստիկանությունը ջրցան մեքենայի օգնությամբ ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքողների հավաքը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]