Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամերիկահայերի դերը՝ ԱՄՆ նախագահական ընտրապայքարում

Ամերիկահայերի դերը՝ ԱՄՆ նախագահական ընտրապայքարում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահի առաջիկա ընտրությունները չափազանց կարեւոր ու հետաքրքիր են ԱՄՆ-ի հայ համայնքի համար: «Ամերիկայի ձայնին» իրենց դիտարկումներն են ներկայացրել ամերիկյան երկու խոշորագույն հայկական կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին եւ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Համբարյանի խոսքով` անհրաժեշտ է տարանջատել նախընտրական քարոզի եւ իրական գործերի միջեւ.

«Պետք է լինել ուշադիր, չլինել միամիտ եւ հավատալ թեկնածուների յուրաքանչյուր խոստմանը, սակայն միեւնույն ժամանակ, պետք է չդառնանք չափից դուրս անհավատ եւ թեկնածուների ասածներն արհամարհենք»:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենի խոսքով էլ, ընտրությունները թույլ են տալիս հայ համայնքի կողմից թեկնածուներին հասցնելու համայնքին անհանգստացնող խնդիրները. «Մեր հիմնական նպատակը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդումն է, եւ որպեսզի Միացյալ Նահանգներն օգնեն, որ հայաստանը դառնա ժողովրդավար եւ տնտեսապես զարգացած երկիր, որտեղ գերակայում է օրենքը»:

Զրուցակիցները համաձայնեցին, որ թեեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարեւոր դեր է խաղում հայ համայնքի աջակցությունը ստանալու համար, սակայն Հայաստանի հետ կապերի տեսակետից ամերիկահայ ընտրողներն իրենց ուշադրությունը նաեւ այլ հարցերին են դարձնում.

«Հայոց Ցեղասպանության հարցն անշուշտ Միացյալ Նահանգների հայ համայնքի սրտներում ու մտքերում է, սակայն համայնքը նաեւ հաշվի է առնում թեկնածուների՝ Հայաստանի ու Արցախի հետ կապված նաեւ այլ մոտեցումները»:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանն ավելացնում է, որ վերջին ամիսների իրադարձությունների լույսի ներքո՝ Միացյալ Նահանգների հայ համայնքը նաեւ բարձրացնում է Մերձավոր Արեւելքում բնակվող հայերին օգնություն տրամադրելու պահանջը: Երկու զրուցակիցն էլ հույս հայտնեցին, որ հայ համայնքը լայնորեն կմասնակցի առաջիկա նախագահական թեկնածուների առաջադրման ու քարոզարշավին:

«Քանի որ ընտրությունները փոփոխությունների հասնելու լավագույն միջոցն է, մենք փորձելու ենք ընտրությունների մեջ ակտիվորեն ներգրավել Միացյալ Նահանգների ողջ հայ համայնքը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Արամ Համբարյանը:

«Ֆլորիդայի հայեր» նորությունների կայքի գլխավոր խմբագիր Թանիել Քուշաքչյանն անդրադառնալով հանրապետական թեկնածուներ, Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոյին եւ նախկին նահանգապետ Ջեբ Բուշին, հիշեցրեց, որ երկուսն էլ հայ ժողովրդի բարեկամներն են: Այսպես, մինչ նահանգապետ դառնալը, Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Ջեբ Բուշն իր կրտսեր որդու հետ Հայաստան էր ժամանել՝ իր հետ մեծաքանակ օգնություն բերելով:

«Որպես Ֆլորիդայի նահանգապետ՝ Ջեբ Բուշը հռչակագիր էր ընդունել՝ որով ապրիլի 24-ը հայտարարվել էր Հայ նահատակների հիշատակի օր», - նշում է Քուշաքչյանը:

Ինչ վերաբերում է Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոյին, ապա նա 2014-ին կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված օրինագծին: Նշենք, որ հայ պատվիրակներ Կալիֆորնիայից, Մասաչուսեթսից, Ֆլորիդայից եւ այլ նահանգներից ավանդաբար ներկա են լինում ինչպես դեմոկրատական, այդպես էլ՝ հանրապետական կուսակցությունների նախագահական թեկնածուի առաջադրմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]