Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 3/17. Միգել դե Ունամունոյի «Մառախուղը» ՝ վարկանիշային աղյուսակում

Երևանյան բեսթսելեր 3/17. Միգել դե Ունամունոյի «Մառախուղը» ՝ 
վարկանիշային աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի և «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

Վահրամ Մարտիրոսյանի «Սերը Մոսկվայում» նոր վեպը երկրորդ հորիզոնականում է: Մարտիրոսյանի վեպի վերնագրի երանգը հուշում է, թե սա ամենաանհավանական արկածն է, որ կարող է պատահել Մոսկվայում, բայց այն իսկապես սիրո պատմություն է: Վեպի հերոսները սիրահարվում են և երջանիկ են միասին, ասես անկշռելիության թաղանթում, մինչև այն ճեղքում ու ներս է թափանցում իրականությունը՝ երեկ աշխարհակալ-միաձույլ, այսօր ազգային հակասություններից, սոցիալական անարդարությունից ու բռնություններից ծվատվող մեգապոլիսը:

Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» գործն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է: Այն պատմություն է փոփոխության մասին. գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոս առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ, դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Հեղինակը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ: 

Ջորջ Օրուելի  «1984» վեպը չորրորդ հորիզոնականում է: Այն լույս է տեսել «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարում: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:  

Միգել դե Ունամունոյի«Մառախուղը» հինգերորդ հորիզոնականում է: Իսպանական դասական արձակի վարպետ Ունամունոն «Մառախուղը» վեպում մի կողմից՝ շարունակում է եվրոպական փիլիսոփայական արձակի ավանդույթները, մյուս կողմից՝ փորձում է վերստեղծել ավանդական վեպի կառուցման սկզբունքները: Ունամունոյի կարծիքով՝ յուրաքանչյուր ոք, ով կարդում է որևէ վեպ, ունակ է վերապրելու և նորովի վերստեղծելու նրա իրականությունը, ուստի, յուրաքանչյուր նոր ընթերցում նոր տարրեր է հավելում ստեղծագործությանը:

Հաջորդ հորիզոնականում է Գրիգոր Նարեկացու` «ՄՀՄ» և «Նահապետ» հրատարակչությունների լույս ընծայած «Մատյան ողբերգության» ժողովածուն: 

Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը»  յոթերորդն է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:  

Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, ութերորդն է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունն իններորդ հորիզոնականում է: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:

Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ
1 +1

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես/Էդիթ Պրինտ 26/20
2 -1

Վահրամ Մարտիրոսյան

«Սերը Մոսկվայում»

Անտարես 10
3 *

Սպենսեր Ջոնսոն

«Ո՞ւր է իմ պանիրը»

Էդիթ Պրինտ 8
4 *

Ջորջ Օրուել

«1984»

Անտարես 8
5 Նոր

Միգել դե Ունամունո

«Մառախուղը»

Անտարես 8
6 *

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

ՄՀՄ/ Նահապետ 8/5
7 -1

Պաուլո Կոելյո

«Ալքիմիկոսը»

Անտարես 8
8 +2

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 7
9 *

Ջորջ Օրուել

«Անասնաֆերմա»

Անտարես 7
10 -1

Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 7

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]