Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

«Ֆորում» բիզնես կենտրոնը հատուկ առաջարկ է մշակել «Դիջիթեք»-ի մասնակիցների համար


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆորում» բիզնես կենտրոնի տնօրեն Իսահակ Զաքարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմել է կազմակերպության գործունեության, «Դիջիթեք» բիզնես ֆորումի հետ համագործակցության և մասնակցության մասին:

-Պարո՚ն Զաքարյան, տեղեկացել ենք, որ այս տարի «Ֆորում» բիզնես կենտրոնը ևս հանդես է գալու «Դիջիթեք»  բիզնես-ֆորումի շրջանակներում: Հաշվի առնելով այն փաստը, որ  «Դիջիթեք» բիզնես ֆորումին մասնակցում են հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կազմակերպությունները, հետաքրքիր է իմանալ, թե լինելով բիզնես կենտրոն, ինչո՞ւ եք որոշել մասնակցել «Դիջիթեք» բիզնես ֆորումին:

-Մեր նպատակն է բարձրացնել «Ֆորում» բիզնես կենտրոնի մասին իրազեկվածության մակարդակը, մասնավորապես, բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար:  Մենք հանդես ենք գալիս և՛ որպես մասնակից, և՛ որպես «Դիջիթեք» բիզնես ֆորումի աջակից գործընկեր: Վստահ եմ, որ նման միջոցառումները նպաստում են ՀՀ բիզնես ոլորտի և ՏՏ-ի զարգացմանը, իսկ մենք, որպես պատասխանատու ընկերություն, մշտապես պատրաստ ենք սատարել նման նախաձեռնություններին:

-Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք  «Դիջիթեք»  բիզնես ֆորումին ձեր մասնակցությունից՝ որպես գործընկեր:

-Ակնկալում ենք, որ «Դիջիթեք» բիզնես ֆորումին մասնակցության արդյունքում կընդլայնվի «Ֆորում» բիզնես կենտրոնի գործունեությունը և արդյունքում ձեռք կբերենք նոր գործընկերներ: Ի վերջո, տեղական և միջազգային  կազմակերպությունների համախմբումը մեկ վայրում հետագա բիզնես համագործակցության մեծ հնարավորություններ կտա:

-Ինչո՞ւ ընտրեցիք հենց «Դիջիթեք» բիզնես ֆորումը:

 

-Ընտրել ենք «Դիջիթեք» բիզնես ֆորումը, քանի որ այն ներկայումս Հայաստանի ամենահեղինակավոր համաժողովներից է և լայն գործունեություն է ծավալում ՏՏ ոլորտի կազմակերպությունների զարգացման և կայացման շրջանակում: «Ֆորում» բիզնես կենտրոնն էլ վարում է քաղաքականություն՝ ուղղված ՏՏ ոլորտի կազմակերպություններին իր շուրջը՝ մեկ հարկի տակ համախմբելուն:

-Իսկ ինչո՞ւ հենց ՏՏ ոլորտն ընտրեցիք:

-Մենք բացման օրից սկսած համագործակցում ենք այս ոլորտը ներկայացնող կազմակերպությունների հետ և մինչ օրս աշխատում ենք նրանցից շատերի հետ: Ընտրել ենք ՏՏ ոլորտը, քանի որ մեր բիզնես կենտրոնը համապատասխանում է ՏՏ ոլորտը ներկայացնող կազմակերպությունների կողմից առաջադրվող պահանջներին: Շուկայի մեր կողմից իրականացված վերլուծության արդյունքում հասկացել ենք՝ ինչ են պահանջում այս ոլորտի ներկայացուցիչները, ինչ ակնկալիքներ ունեն մեզանից, և ամեն ինչ արել ենք դրանց համապատասխանելու համար: «Ֆորում» բիզնես կենտրոնի վարձակալների շարքում են այնպիսի հանրաճանաչ կազմակերպություններ, ինչպիսիք են Vmware-ը, Lion Sharp-ը, BigBrain-ը,  Systrotech-ը, NMX Global Software-ը,  Pharm Trust-ը, որոնց բավարարում են մեր կողմից առաջարկված պայմանները, և նրանք մեր լոյալ հաճախորդների շարքում են: Ի դեպ, նշեմ, որ այժմ որոշ ազատ տարածքներ ունենք և հատուկ առաջարկ ենք մշակել «Դիջիթեք»-ին մասնակից մեր գործընկերների համար:

-Ի՞նչ առաջարկի մասին է խոսքը:

-«Ֆորում» բիզնես կենտրոնը հատուկ առաջարկ է մշակել «Դիջիթեք» բիզնես ֆորումին որպես աջակից գործընկեր հանդես գալու շրջանակներում: Մենք ՏՏ ոլորտի կազմակերպություններին առաջարկում ենք «Ֆորում» բիզնես կենտրոնում վարձակալության հատուկ շահավետ պայմաններ: Առաջարկը կայանում է հետևյալում. մինչև օգոստոսի 1-ը երկարաժամկետ վարձակալության պայմանագիր կնքելու դեպքում վարձակալության առաջին ամիսը անվճար կլինի:

-Նման ձևաչափի ի՞նչ այլ միջոցառումների եք պատրաստվում մասնակցել առաջիկայում:

-Այս տարի հոկտեմբերի 2-4-ը կայանալու է «Դիջիթեք Էքսպո» միջազգային բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսը, որի ընթացքում ևս լինելու ենք գործընկեր և ներկայացված ենք լինելու տաղավարով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ