1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանյան բեսթսելեր 3/15. Վահան Հովհաննիսյանի նոր գիրքը վարկանիշային աղյուսակի առաջատարն է

Երևանյան բեսթսելեր 3/15. Վահան Հովհաննիսյանի նոր գիրքը վարկանիշային 
աղյուսակի առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գիրքը: Քաղաքական գործիչ, գրող ու մտավորական Վահան Հովհաննիսյանի կյանքի վերջին տարիների մտորումներն ամփոփող գիրքն ընթերցողին հասավ առանց գրողի մակագրության: Գրքի առանձին գլուխները էլեկտրոնային տարբերակով հրապարակվել էին Վահան Հովհաննիսյանի կենդանության տարիներին:

Դավիթ Խաչիյանի «Յոթ քար» ժողովածուն երկրորդ հորիզոնականում է: Ժողովածուն անկախության տարիների Հայաստանի սոցիալ-քաղաքական, հոգևոր-բարոյական վայրիվերումների գեղարվեստական ինքնատիպ տարեգրությունն է: Պատմվածքներում, ինչպես հեղինակն է նշում՝ «բացվում ու փակվում է լուսանկարչական խցիկը, ու մի պատկեր է մնում մեր մտքում՝ ինչ-որ հին, սևուսպիտակ լուսանկարի պես: Ու երբեք չի մոռացվում, քանի որ պարզապես մեր հիշողության մեջ չէ, այլ ինչ-որ ուրիշ մի տեղ....»:

Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի և «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ, երրորդ հորիզոնականում է: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

Հաջորդ հորիզոնականում է Գրիգոր Նարեկացու` «Նահապետ» և «Զանգակ» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության» ժողովածուն: 

Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը»  հինգերորդն է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Ֆյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ»–ն ամփոփող ժողովածուն վեցերորդ հորիզոնականում է:

Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» յոթերորդ հորիզոնականում է: Այս վեպով Ելինեկը հայտնի դարձավ աշխարհին: Վեպում ներկայացվում է բարդ հոգեբանությամբ մի կերպար, որի ներաշխարհում կանոնիկ կյանքի և սեռական ներքին ձգտումների բարդ հակադրությունն է:

Ութերորդ հորիզոնականում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը իններորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

Վերջին հորիզոնականը զբաղեցնում է ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը: Գիրքը, որ Հայոց ցեղասպանության փաստը մեկնաբանում է նորովի, արդեն թարգմանվել է մի քանի լեզուներով, իսկ ԱՄՆ-ում ճանաչվել է բեսթսելեր: «Ավազե ամրոցի աղջիկները» հրատարակվել է 2012թ.: Այս վեպի հիման վրա ԱՄՆ-ում գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում: «Սա լավագույն գիրքն է, որ ես երբեւէ կգրեմ ու ամենակարեւորը`իմ բոլոր գրածների մեջ: Սրտի խորքում ես դա գիտեմ»,- մի առիթով ասել է հեղինակը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ
1 նոր

Վահան Հովհաննիսյան

«Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել»

Լուսակն 150
2 նոր

Դավիթ Խաչիյան

«Յոթ քար»

Անտարես 34
3 0

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Էդիթ Պրինտ/Անտարես 27/22
4 -2

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Զանգակ/Նահապետ 10/6
5 +1

Պաուլո Կոելյո

«Ալքիմիկոսը»

Անտարես 9
6 *

Ֆյոդոր Դոստոևսկի

«Պատմվածքներ»

Բուկինիստ 7
7 *

Էլֆրիդե Ելինեկի

«Դաշնակահարուհին»

Անտարես 7
8 -1

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 6
9 -1

Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 6
10 *

Քրիս Բոհջալյանի

«Ավազե ամրոցի աղջիկները»

Ծիծեռնակ 6

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]