Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Կամերային երաժշտական թատրոնը շուտով կստանա նոր գույն ու դիմագիծ


ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական Կամերային երաժշտական թատրոնի և Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հիմնադրամի միջև 2015թ. հունվարի 29-ին ստրոգրված համաձայնագրով և պայմանագրով թատրոնում իրականացվում է էներգախնայողության ծրագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կամերային երաժշտական թատրոնի մամուլի ծառայությունից, արդյունքում թատրոնում ոչ միայն ջերմամեկուսացման աշխատանքներ են կատարվում (արտաքին պատերի, տանիքի), այլև թարմացվում, նորացվում է թատրոնի ողջ արտաքին տեսքը, իսկ դռներն ու պատուհաններն էլ փոխարինվում են ժամանակակից եվրոդռներով ու պատուհաններով:

Ծրագրի կարևոր նախադրյալներից մեկն էլ թատրոնի լուսային համակարգի նորացումն է՝ լուսադիոդայինով փոխարինելը, ինչը ենթադրում է նախ էլեկտրաէներգիայի ծախսերի 60%-ի կրճատում, ապա լուսային ժամանակակից համակարգի ներդրում` հատկապես բեմի:

Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանի կարծիքով, այս ծրագիրն ավելի արդյունավետ կդարձնի թատրոնի աշխատանքը. «Այս արդիականացումը հնարավորություն կտա բարձրացնել գործող և նոր բեմադրվելիք ներկայացումների գեղարվեստական որակը, ինչպես նաև կատարել բազմաֆունկցիոնալ լուսային ձևավորում և առավել գրավիչ դարձնել բեմը»:

Նորոգման աշխատանքներ են կատարվում նաև թատրոնի միջոցներով: Դերասանների համար կառուցվել և կահավորովում են չորս գրիմանոցներ՝ նախատեսված շուրջ 30 դերասանի համար, որոնք որակապես կփոխեն ստեղծագործական անձնակազմի աշխատանքային պայմանները: Մինչև նոր թատերաշրջանի բացումը, նորացվելու է դահլիճի ամբողջ հատակածածկը, կատարվելու է մուտքերի և դահլիճի պատերի, առաստաղի գունային թարմացում:

Թատրոնի տնօրենն ուրախալի է համարում նաև այն, որ այս նորոգմանը զուգահեռ Կամերային երաժշտական թատրոնում շարունակվում է ստեղծագործական աշխատանքը, ստեղծվում են նոր ներկայացումներ: «Արդեն սկսվել են Ստեփան Ջրբաշյանի «Գիքորը» օպերայի, Բերն Սթայնի «Վեյսթսայդյան պատմություններ» մյուզիքլի, Նահապետ Քուչակի «Հայրեններ»-ի հիման վրա ստեղծվող խորեոգրաֆիկ ներկայացման բեմադրական աշխատանքները: Վստահեցնում եմ, որ Կամերային երաժշտական թատրոնն աշնանային թատերաշրջանին կներկայանա ոչ միայն նորոգված ու ավելի բարեկարգ, այլև հանդիսատեսին կգրավի նոր ներկայացումներով»,- ընդգծել է Վարդան Գրիգորյանը

Կամերային երաժշտական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա մարզերում, հունիսին Արցախի հանդիսատեսը հնարավորություն կունենա ներկա գտնվելու կոմպոզիտոր Վ. Հայրապետյանի «Երեք խոզուկների նոր արկածները» հեքիաթ-մյուզիքլին: Այլ կերպ ասած, Կամերային երաժշտական թատրոնը շուտով նոր գույն ու դիմագիծ կստանա, ինչը կնապաստի թատրոնն ավելի գրավիչ դարձնելու ոչ միայն անձնակազմի, այլև հանդիսատեսի համար:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ