Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ականատեսը». 102-ամյա Մարգարիտա Չիլինգարյանը հայրենիքից հեռու ոչ մի տեղ գնալ չի ցանկանում

«Ականատեսը». 102-ամյա Մարգարիտա Չիլինգարյանը հայրենիքից հեռու ոչ մի 
տեղ գնալ չի ցանկանում

ՎԱՆԱՁՈՐ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1922 թվականին Իզմիրի վիլայեթի Կընըկ կամ այժմյան Կանագ գյուղում է բնակվել Հայոց ցեղասպանության ականատես-վերապրած Մարգարիտա Չիլինգարյանի ընտանիքը, որը շատերի նման ստիպված էր բռնել գաղթի ճանապարհը: Հայոց ցեղասպանության, Արևմտյան Հայաստանի տարածքից թուրքական վերջին տարհանումների ականատես-վերապրածը ծնվել է 1913 թվականին:


 Պատմական տեղեկանք

Իզմիր  (թուրք.՝ İzmir նաև Սմիրնա, հուն.՝ Σμύρνη, հին անվանումը՝ Զմյուռնիա), քաղաք Թուրքիայի արևմուտքում, համանուն Իզմիրի նահանգի մայրաքաղաք։ Թուրքիայի երկրորդ մեծ քաղաքն է, 2009 թվականին ուներ շուրջ 3.868.308 բնակիչ։ Գտնվում է Էգեյան ծովի ափին, Իզմիրի ծովածոցի ափին։ Ստամբուլից հետո Թուրքիայի երկրորդ կարևոր նավահանգիստն է։ Քաղաքում կա նաև միջազգային օդանավակայան։ Երկաթուղագծով կապված է երկրի այլ խոշոր քաղաքների հետ, ինչպիսիք են Ստամբուլը, Դենիզլին։

Հիմնադրվել է որպես էոլիացի հույների գաղութ մթա 2֊-րդ հազարամյակում և կոչվել Սմիրնա։ Անվանման առաջացումը կապում են հին հունարեն «զմուռս» (մի տեսակ անուշահոտ խունկ կամ յուղ, որ անտիկ շրջանում գործածվել է իբրև սպեղանի և օծանելիք) բառի հետ։

Հայերն անվանել են Զմյուռնիա։ 15-րդ դարում նվաճել են թուրքերը, ովքեր քաղաքի անվանումը հարմարեցրել են իրենց լեզվական հնչյունային օրենքներին և դարձրել Իզմիր։


«Երբ սկսվել է տեղահանությունը հայ կամավորական ջոկատների պահպանության տակ գյուղի բնակչությունը գաղթել է Իզմիրի կողմը և այնտեղից էլ անգլիական նավով  տարվել Հունաստանի հյուսիսային մասում գտնվող Սալոնիկ քաղաք: Գաղթի ճանապարհը ոտքով երկար չեն անցել, որովհետև  Իզմիրը նավահանգստային քաղաք էր, չարչարվելով գնացել են, սակայն կորուստներ չեն ունեցել և նավով հասել Հունաստան»,- ներկայացնելով  ընտանիքի պատումը հիշում է Մարգարիտա Չիլինգարյանի որդին՝ Կարապետը:

Քանի որ Սալոնիկը ծանրաբեռնված է եղել գաղթականներով, նրանց մի մասին տեղափոխել են Կրետե կղզի:

«Ընտանիքից գաղթել են ինքը, հայրը, մայրը և իր մորական կողմի տատը, պապը` Գրիգորը  մնացել է գյուղում` Կընըկում, որովհետև թուրքերը համոզել են նրան, ասել են, թե նրանք ինչպես գնան, այնպես էլ հետ կգան»,- շարունակում է Կարապետը:  Բայց գյուղից հեռացած ընտանիքներն այդպես էլ  այլևս չեն վերադարձել հայրենիք:  Մարգարիտան հաճախել է հունական դպրոց և առիթի դեպքում  անգամ հիմա կարողանում է հասկանալ և պատասխանել հունարեն:

25 տարի ընտանիքը բնակվել է օտար ափերում, զբաղվել արհեստով: Հունաստանում   պատմության հերոսուհին ամուսնանում է նույնպես իզմիրցի Անդրանիկի հետ, երեխաներ ունենում:

«Մայրիկիս առաջնեկը մահանում է հիվանդությունից: Մենք` ես և  փոքր քույրս Կրետեի ծնունդ ենք»,- նշում է զրուցակիցը:


Պատմական տեղեկանք

Հունաստանի հայ համայնքի թվաքանակը 1923 թ. հասել է գագաթնակետին (120 հազ. մարդ)՝ կապված  դեռեւս 19-րդ դարի 90-ական թթ. հայկական կոտորածների, 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության եւ հույն-թուրքական պատերազմի (1919 1922 թթ.) հետեւանքով հազարավոր հայերի՝ դեպի այդ երկիր զանգվածային գաղթի հետ։

Հետագայում, սակայն, նկատվել է հայ բնակչության արտահոսք Հունաստանից ինչպես Խորհրդային Հայաստան, այնպես էլ եվրոպական ավելի զարգացած երկրներ ու ԱՄՆ։

 Դեպի Խորհրդային Հայաստան գաղթը պայմանավորված էր հայրենադարձության քաղաքականությամբ, որին իր ակտիվ եւ ոգեւորված մասնակցությունը բերեց Հունաստանի հայ համայնքը։  1924-27 թթ.,1932-33 թթ. եւ 1946-47 թթ. Մեծ հայրենադարձության տարիներին Խորհրդային Հայաստանի ճամփան բռնեցին մոտ 60 հազ. հունաստանաբնակ հայեր:

1947 թվականի հայրենադարձությունը կարևոր տեղ ունի նաև Կարապետի կյանքում: Մոտ չորս տարեկան տղան աղոտ, բայց  տպավորիչ է հիշում իրենց վերադարձը, ծովափը, երբ իրենց ապրանքատար վագոններով փոխադրել են Հայաստան:

«Ընտանիքով տեղավորվում ենք Կիրովականում, հանրային, ընդհանուր կառուցված  շենքերի տարածքում: Նախքան այդ լինում ենք Բաթումում, ուր ծնվում է մեր փոքր եղբայրը: Հայրս և մայրս սկսում են աշխատել «Կղմինդրյա ռուսի» գործարանում որպես բանվորներ, նրանք մասնագիտությամբ արհեստավորներ էին, կոշկակարներ»,- ասում է Մարգարիտայի որդին:


 Լրագրողների կամ պարզապես հետաքրքրվողների համար դարակում պահվող տետրում  նա գրառել  է մոր թոռների, ծոռների անգամ փեսաների թիվը:

Մարգարիտան ունի երկու տղա, մեկ աղջիկ, տասը թոռ, տասնյոթ ծոռ, մեկ ծոռի երեխա  և ութ փեսա:

Մինչ առողջական վիճակի վատթարացումը մեր պատմության հերոսուհին հաճախ է հիշել ծննդավայրը, երբեմն պատմել է գյուղից, ծնողներից, տատիկից, պապիկից, թուքերի պատճառած անհանգստություններից:  

Որպես ականատես-վերապրածների երկրորդ սերնդի ներկայացուցիչ՝ Կարապետն ասում է, որ պատմական արդարության վերականգնումը բոլորիս ցանկությունն է:

«Բայց Թուրքիան արդյոք դա կընդունի՞»,- հարցադրումը դեռ շարունակում է անպատասխան մնալ:

«Թուրքիայում մեծ մասամբ ընդունում են, իսկ չնդունելը  պայմանավորված է հատուցման հանգամանքով: Վաղ թե ուշ ցեղասպանության փաստը  կընդունվի, այլապես հասարակական կարծիքը բացասական կլինի»,- իր մտորումներն է կիսում Կարապետը:

 Նա ասում է, որ մայրը հաճախ է նշել, որ եթե իրենք եկել են Հայաստան, ապա այստեղ էլ պետք է մնան:

«Մինչև հիմա էլ, եթե մայրս  իմանում է,  որ որևէ ընտանիք կամ անհատ  գնացել է հայրենիքից, նեղվում է»,- նկատում է Կարապետը:

Որդու ասածը կարծես վերահաստատելով` մեր հարցադրմանը  ի պատասխան Մարգարիտան հաստատում է՝ հայրենիքից որևէ տեղ չի ցանկանա հեռանալ, անգամ ծննդավայր Իզմիր:

 Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածը շրջապատված է  ընտանիքի ջերմությամբ և սիրով: Նրա սենյակում աչքի են ընկնում հոգևոր ուղղվածության նկարները:  Ողջ կյանքում մեծ է եղել նրա հավատն առ Աստված: Պատահական չէ, որ երբեմն ականջին պատարագներ են գալիս: Տարեց կինն ընտանիքի անդամներին հարցնում է, թե հնչո՞ւմ է, արդյոք,  պատարագ մոտակա եկեղեցում: 

Պատրաստեցին Տաթևիկ Գրիգորյանը և Անի Նազարյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]