1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«The Times»-ի թղթակիցը Հայաստանը տեսել է որպես արևելքի և արևմուտքի հանդիպման վայր

«The Times»-ի թղթակիցը Հայաստանը տեսել է որպես արևելքի և արևմուտքի 
հանդիպման վայր

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր «The Times»-ն ընգրկուն հոդված է հրապարակել Հայաստանի և երկրի տեսարժան վայրերի մասին: «Հայաստան: լեռներ, վանքեր և նոյյան երկրի շող» խորագրով հոդվածի հեղինակ Փոլ Բլումֆիլդը ճամփորդություն է կատարել մեր երկրով և տեսել Հայաստանի տեսարժան վայրերը, ծանոթացել լեռներին և վանքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  հոդվածագիրն իր նյութը սկսել է Արարատ լեռան նկարագրությամբ և նշել, որ «Արարատն աշխարհի ամենակատարյալ լեռներից մեկի տիտղոսը կարող է ստանձնել»:  «The Times»-ը գրում է, որ լեռնագագաթը միակ գրավիչ բանը չէ: Հոդվածագիրն այնուհետև անդրադարձ է կատարում Խոր Վիրապի վանքին, նշելով, որ այն Հայաստանի «ամենապատմական և գեղատեսիլ հուշարձանն է»: Նշվում է նաև, որ Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկված եղել այս տարածքում: «The Times»-ն ընդգծում է, որ Երևանը հիմնադրվել է Ք.Ա. 782 թվականին և ավելի հին է, քան Հռոմը: Լեգենդն ասում է, որ Հայաստանը եղել է Նոյի առաջին սերունդների բնակավայրը:

Հոդվածագիրը նաև ընդգծում է, որ Տաթևում է գտնվում ամենաերկար ճոպանուղին, ինչպես նաև պատմում հայկական խաչքարերի և երկրի ամենամեծ լճի՝ Սևանի մասին: Բացի այդ, Փոլ Բլումֆիլդը հավելում է, որ Խոր Վիրապի կողմից Արարատը տպավորիչ տեսք ունի:

«Հայաստանն այնտեղ է, որտեղ արևելքը հանդիպում է արևմուտքին»,-նշում է «The Times»-ը: Այն նաև անդրադարձել է նաև հայկական սննդատեսակներին՝ լավաշին, ծիրանին:

Հոդվածագիրն այցելել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, եղել Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրում:

Ներկայացնելով Երևանը` հեղինակն ընդգծում է, որ լայն, սրճարաններով հարուստ ճեմուղիները, թանգարանները և կյանքի միջերկրածովյան կլիման իդեալական են ամենօրյա զբոսանքի համար: «Ես կանգնեցի հիանալու անթիվ-անհամար հուշարձաններով, այնուհետև ուսումնասիրեցի Վերնիսաժի հնությունները, բացահայտեցի մի շարք թաքնված գանձեր, նայեցի ձեռագործ փորագրությունները, գորգերն ու զարդարված ծիրանափողերը»,- գրում է հեղինակը: Նա անդրադառնում է քաղաքի բլուրներից մեկի վրա գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին` նշելով, որ այդտեղ զգացմունքների իսկական բախում է տեղի ունենում: Բլումֆիելդն հաջորդաբար այցելել է Խոր Վիրապ, Նորավանք, Քարահունջ, Տաթևի վանք և Խնձորեսկ: Նա նշում է, որ Վայոց ձորում հայտնաբերված կոշիկը թվագրվում է Ք.Ա. 3500 թվականով, ինչն ապացուցում է, որ հայերն աշխարհի հնագույն ժողովուրդներից են:

Հասնելով Արցախ` հեղինակը նշում է. «Հենց այստեղից էլ սկսվում է իսկական շփոթմունքը: Անցակետում կարճ ժամանակ սպասելուց հետո հայտնվեցինք մի դրոշի տակ, որը գրեթե, բայց ոչ ամբողջովին նույնն էր, ինչ Հայաստանինը, հայտնվեցինք մի երկրում, որը գրեթե, բայց ոչ ամբողջությամբ Հայաստան էր»: Նա ներկայացնում է, թե ինչպես է 1921 թվականին ԼՂ-ն բռնակցվել Ադրբեջանին, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո ադրբեջանական ուժերի և հայ բնակչության միջև տեղի ունեցած պատերազմի արդյունքում հայկական կողմի հաղթանակի և 1994 թվականին կնքված զինադադարի համաձայնագրի շնորհիվ ներկայում Ղարաբաղը դե-ֆակտո անկախ պետություն է: «Այն ունի ընտրված կառավարություն, զբաղվում է վիզային հարցերով, այն ունի իր դրոշը, թեպետ ճանաչված չէ այլ երկրների, այդ թվում և Հայաստանի կողմից: Թեպետ երկրի անվանումը ռուսերենի և թուրքերենի խառնուրդ է, սակայն բնակիչներն այն անվանում են Արցախ»,- նշել է Բլումֆիելդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]