Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

Բուխարեստում կայացել է «Հայերը Ռումինիայում. Մեր կողքի մարդկանց պատմությունները» ֆոտոալբոմի շնորհանդեսը


ԲՈՒԽԱՐԵՍՏ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուխարեստի Ռումին շինականի ազգային թանգարանում մայիսի 8-ին տեղի է ունեցել ռումին ֆոտոլրագրող Անդրեա Տանասեի/Andreea Tanase «Հայերը Ռումինիայում. Մեր կողքի մարդկանց պատմությունները» ֆոտոալբոմի շնորհանդեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 561 լուսանկարների և դրանց ուղեկցող պատմությունների միջոցով 400 էջանոց ալբոմը հանրությանն է ներկայացնում ռումինահայերին իրենց ազգային միջավայրի մեջ` եկեղեցի, ակումբ, դպրոց, տուն: Ալբոմն ուղեկցվում է բացատրական տեքստով եւ վկայություններով: Ինչպես ինքն է ասում, Անդրեա Տանասեն հայերի ճակատագրերով սկսել է հետաքրքրվել դեռ տարիներ առաջ, երբ առաջին անգամ կարդացել է Հայոց ցեղասպանության մասին: Նա օրեր ու ամիսներ է անցկացրել Ռումինիայի հայ համայնքի կողքին՝  ծանոթանալով հայերին, նրանց առօրյային, դառն ու տխուր հիշողություններին, հոգեւոր եւ մշակութային կյանքին: Նյութի մեջ խորանալով՝ նա նաեւ մի քանի անգամ այցելել է Հայաստան եւ Արցախ, ներկա է եղել և ֆոտոռեպորտաժներով ռումինական մամուլում լուսաբանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները:

«Անդրեա Տանասեն զարմանալի խորաթափանցությամբ տեսնում եւ հարազատորեն փոխանցում է այն յուրօրինակ պատկերը, որով հայերը երեւում են ռումինական պեյզաժի վրա: Դրանով սույն ալբոմը ձեռք է բերում ճանաչողական նշանակություն եւ, փաստորեն, դառնում վկայություն»,- ալբոմի նախաբանի մեջ գրում է դեսպան Համլետ Գասպարյանը եւ շարունակում. «Արվեստագետի խորունկ հայացքին հետեւում է հետազոտողի միտքը. Անդրեա Տանասեն իր անկրկնելի պատկերներն ուղեկցում է նույնքան արժեքավոր ծավալուն պատմական տեղեկանքով եւ մեկնաբանություններով, որ պարզ ալբոմը վերածում է պատկերազարդ հետազոտական աշխատանքի»:  

Ալբոմը որպես ռումինահայության այցեքարտ բնորոշեց Ռումինիայի Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը: Երեկոյի բանախոսների մեջ էին ռումինական Digi24 հեռուստաալիքի հաղորդավար, լրագրող Բալաշ Բարաբաշը/Balazs Barabas, ռումինահայ «Արարատ» հանդեսի խմբագիր Միհայ Ստեփան Գազազյանը/Mihai Stepan Cazazian, Reuters լրատվական գործակալության ֆոտոլրագրող Բոգդան Կրիստելը/Bogdan Cristel: Միջոցառմանը ներկա էին Ռումինայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինահայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայի լրագրողական շրջանակների և հայ համայնքի տասնյակ ներկայացուցիչներ:

Անդրեա Տանասեի ֆոտոալբոմի շնորհանդեսը կայացավ Ռումին շինականի ազգային թանգարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայկական պատումներ. Արարատից Ստրադա Արմենեասկա» խորագրով մեկամսյա ցուցահանդեսի շրջանակներում: Նույն օրը թանգարանը Ռումինահայոց միության աջակցությամբ հրատարակել էր նաև ցուցահանդեսի 175 էջանոց պատկերազարդ կատալոգը՝ «Istorisiri armene. De la Ararat la Strada Armenaeasca»՝ Ed. Martor, Bicuresti 2015, որտեղ ներկայացված են ռումինական տարածքների վրա հայերի հաստատման, նրանց զբաղմունքի, ռումինական կյանքի վրա նրանց ազդեցության, ինչպես նաեւ ռումինահայերի ընտանեկան պատմություններ` ուղեկցված պատկերներով եւ հին լուսանկարներով: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ