Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ականատեսը». թուրքը հոգի չունի. 103-ամյա Լուսիկ Անդրեասյանի կյանքի պատումը

«Ականատեսը». թուրքը հոգի չունի. 103-ամյա Լուսիկ Անդրեասյանի  կյանքի 
պատումը

ՎԱՆԱՁՈՐ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Ղշլաղ» կոչվող թաղամասի հին տներից մեկում ծառերն արդեն ծաղկել են, բայց գարնանային գեղեցիկ բնապատկերը սեփական աչքերով տեսնելու հնարավորություն տանտիրուհին չունի:  Լուսիկ Անդրեասյանը ծնվել է 1912 թվականին Կարսում:  Չնայած առողջական խնդիրներին, տեսողության կտրուկ անկմանը` ծննդավայրը հիշելու առաջարկը Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածը  չի մերժում:


«Ես երեք տարեկան եմ եղել:  Մայրս ինձ իր հետ բերել է: Փախեփախ եկանք, տուն-տեղ ապրուստ թողեցինք փախանք: Էլ ոչ մի բանի, ոչ շորի, ոչ տեղաշորի, ոչ ապրանքի չնայելով` փախանք: Ես Ղարս եմ ծնվել, բալա ջան: Փախչելով մեր հոգին ենք փրկել»,- սկում է վերհուշը Լուսիկ Անդրեասյանը: Ստույգ չմտաբերելով գաղթի տարեթիվը` նա ընդգծում  է, որ ունեցել է  և ծնողներ, տատ ու պապ, քույրեր և եղբայրներ: Հիշելով մորը` Սանամին և  հորը` Թորոսին, նա   փաստում է, որ իր պապը Մարգարը,  Ղարսում լավ համբավ է ունեցել: Պատմական հայրենիքում իմանալով թշանամու գալստյան մասին` ընտանիքը հապշտապ հեռացել է` թողնելով ողջ ունեցվածքն ու հարստությունը, այդ թվում անասուններին: 

Պատմական տեղեկանք 

Կարսը (կոչվել է նաեւ Կարուցբերդ, Կարուց քաղաք, Վանանդ, Ղարս եւ այլն) Ախուրյանի աջակողմյան վտակ Կարս գետի ափին է՝ բլուրներով շրջապատված բարեբեր դաշտում:  1918 թ-ի ապրիլի 25-ին Անդրկովկասյան սեյմը լավ զինված կայազոր ունեցող Կարսն առանց կռվի հանձնել է թուրքերին. 1919 թ. մայիսին քաղաքն անցել է Հայաստանի առաջին հանրապետությանը (1918–20 թթ.): Կարճ ժամանակամիջոցում վերադարձել են բազմաթիվ հայեր, սակայն 1920 թ-ի հոկտեմբերի 30-ին քեմալական զորքերը, կրկին առանց դիմադրության, գրավել են Կարսը եւ կոտորել 8 հազար հայի: 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով Կարսը հանձնվել է Թուրքիային: Այժմ այն շուրջ 65 հազար բնակիչ (հիմնականում՝ քրդեր և թուրքեր) ունեցող գավառական քաղաք է, Թուրքիայի համանուն վիլայեթի վարչական կենտրոնը: Կարսի պատմաճարտարապետական հուշարձաններից ամենաարժեքավորը Մայր եկեղեցին է (X դար): Հայտնի էին նաեւ հայկական Սբ Նշան, Սբ Աստվածածին, Սբ Գրիգոր, Սբ Մարիամ, Սբ Առաքելոց, ինչպես եւ Միքայել Հրեշտակապետի ռուսական և Սբ Գևորգ հունական եկեղեցիները, Կարսի բերդը, Կարս գետի քարաշեն 3 կամուրջները և այլ շինություններ:


«Մեռնում էինք։ Լաց-կոծ, ջանիդ մեռնիմ, օր ու արևներս կորավ: Մեզ սպանել են,  սպանել են, կտրել, թուրքին ինչ հոգի»,- շարունակում է  պատմության հերոսուհին: Ճանապարհին դժվարություններին` սովին, ծարավին, չդիմանալով՝ մահացել է Լուսիկի քույրը, ով հինգ տարեկան էր: 

Գաղթը վերհիշելիս ականատես-վերապրածի հիշողության մեջ  շատ դաժանությունների կողին վառ է հատկապես հղի կանանց նկատմամբ բռնության տեսարանը: «Գիտես էդ շներն ինչ էին անում. Էրեխանցը խշտիկ էին հանում, զարկում սպանում էին։ Աղջիկների երեսները սև մազութ, չամուռ-մամուռ էին քսում, որ թուրքերը տեսնեին կեղտոտ են, չտանեին։ Փախցնում, տանում էին, համ մնդռում էին, համ ծեծում-ջարդում էին»,- ասում է Վանաձորի տարեց բնակիչը, ով մտաբերում է ևս մեկ դաժան դրվագ. Լուսիկի ընտանիքը կամրջի տակ է մտել ու թաքնվել, թուրքերը կամրջի վրայով հայ գաղթյալներին են անցկացրել` թրով-թվանքով, կամրջի վրայից էլ միզելով թաքնված ընտանիքի անդամների վրա: Լուսիկի ծնողներին այդպես է հաջողվել ողջ մնալ:

«Դիլիջանից Ապարան, ապա` Ղշլաղ»,- սա է Լուսիկ տատի մատնանշած  տարագրության ուղին: Վերջին հանգրվանում` Լոռու մարզում, ընտանիք կազմելուց հետո ծնունդով նույնպես ղարսեցի ամուսնուն` Սահակին, տուն են հատկացրել: Երկուսն էլ ժրաջան աշխատել են ողջ կյանքում որպես փոստարար, զբաղվել են նաև գյուղատնտեսական աշխատանքով:  «Աշխատել ենք, մեր աշխարհով ապրել»,- մեջբերում է զրուցակիցը:

Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածը, չնայած ձեռքբերովի կուրությանը` իր տարիքի համար նախանձելի առույգությամբ է պատմում անցյալի մասին, երբեմն արտասվելով, երբեմն էլ կատակելով: 


Լուսիկ Անդրեասյանն ունեցել է չորս երեխա, որից երկու որդիները մահացել են:  Այժմ 7 թոռ, 1 ծոռ ունեցող կինն ապրում է աղջկա հետ, որն ունի լսողական խնդիրներ, մյուս դուստրն էլ պարբերաբար այցի է գալիս:  Անկախ  դժվարություններից` ապրած կյանքից գոհ է:

Իրեն այցի եկածների, հատկապես երիտասարդների հասցեին օրհնանքներ ու բարի խոսքեր է շռայլում` հույս ունենալով, որ հաջորդ սերունդներին առավել լուսավոր ապագա է սպասում: Նա պարբերաբար մեջբերում է նաև մորից` Սանամից, իրեն փոխանցված աղոթքները, որոնցով ժամանակին մայրը նաև բուժել է մարդկանց:  Ի տարբերություն մյուս ականատես-վերապրածների` նա նորից հայրենիքը տեսնել չի ցանկանում, սարսափում է: Կարսը նրա բնորոշմամբ «դրախտ» էր, որը նրանք կորցրին առհավետ: Գոհ է  հարևանների` իր հանդեպ վերաբերմունքից: Ասում է «ոսկի» հարևաններ ունի:


Հայաստանի տարածքում բնակվող վերջին ականատես-վերապրածների պատմությունները հավաքելու նպատակով «Արմենպրես» լրատվական գործակալության ստեղծագործական խումբը «Ականատեսը» հատուկ նախագծի շրջանակում շարունակում է մարզային այցելությունները: Հանրապետությունում ներկայում ապրում են շուրջ 27 ականատես-վերապրողներ, որոնց մեծ մասը կանայք են:

Պատրաստեցին Տաթևիկ Գրիգորյանը և Անի Նազարյանը



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]