1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իսպանիայի խորհրդարանի բասկ պատգամավորներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Իսպանիայի խորհրդարանի բասկ պատգամավորներն այցելեցին Ծիծեռնակաբերդի 
հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի խորհրդարանի բասկ պատգամավորներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Իսպանիայի Սենատի բասկ անդամ Ուրկո Այարթցան և Իսպանիայի Կոնգրեսի բասկ անդամ Ռաֆայել Լառռեինան ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, որից հետո շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտում:

Իսպանիայի Սենատի բասկ պատգամավոր Ուրկո Այարթցան «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում նշեց, որ Իսպանիայում մեծ աշխատանք  է տարվել 1915 թվականի ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, և հույս հատնեց, որ ջանքերն այդ ուղղությամբ կշարունակվեն նաև հետագա տարիներին:

-Այս տարի Հայոց ցեղասպանության հիմնախնդիրը լայնորեն լուսաբանվել է Իսպանիայում. ավելի քան 50 իսպանալեզու թերթեր անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը: Ի՞նչ եք կարծումˋ արդյոք սա Իսպանիայի ներսում հասարակական ընկալման հասունացման նշան է, որ Ցեղասպանությունը պետք է ճանաչվի:

-Իմ կարծիքովˋ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հնարավորություն ընձեռեց բարձրաձայնել խնդրի մասին, որից մինչ այդ հասարակությունը տեղյակ չէր: Հայոց ցեղասպանությունն իրականում այնքան էլ հայտնի չէր: Սակայն Հայաստանի ընկերները, Իսպանիայում բնակվող հայությունը կարողացավ վերհանել այդ հարցը, և ներկայումս հասարակությունը շատ ավելի տեղեկացված է: Ցավալի է, որ այսքան երկար ժամանակ է պահանջվել, որպեսզի Ցեղասպանությունը, որպես իրական փաստ, ընկալվի և ճանաչվի: Շատ աշխատանք  է տարվել այս ուղղությամբ, և մենք հույս ունենք, որ ջանքերը կշարունակվեն նաև հետագա տարիներին:

-Որքանո՞վ է իրատեսական, որ Իսպանիայի կառավարությունը և խորհրդարանը մոտ ապագայում կճանաչեն Հայոց ցեղասպանությունը:

-Ներկայումս Հայոց ցեղասպանությունը ճանաչել են իսպանական մի քանի վարչական շրջաններ: Սակայն այդ հարցը պետք է բարձրացվի Իսպանիայի Սենատում և Կոնգրեսում: Այս տարի մենք հանդիպում ենք ունեցել Իսպանիայում ՀՀ դեսպանի հետ: Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մեկ րոպե լռությամբ մենք հարգել ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ես կարծում եմˋ սա քայլ առաջ է: Կարող եմ հավաստիացնել Ձեզ, որ բասկ ներկայացուցիչները այս և մյուս հաստատություններում, օրինակ, Եվրոպական խորհրդարանում ներագրավված են Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացներում: Մենք կարծում ենք, որ սա արդարության հարց է:

-Ինչպե՞ս եք գնահատում Արցախի խորհրդարանական ընտրությունները:

-Ես դիտորդ եմ եղել Արցախի ընտրություններում այլ երկրներիˋ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ներկայացուցիչների հետ: Ես ոչ մի տարբերություն չեմ տեսել այս ընտրությունների և մեր երկրում անցկացվող ընտրությունների միջև. դրանք ազնիվ էին, արդար, ժողովրդավարական: Ավելի շատ թվով մարդիկ են մասնակցել ընտրություններին, քան մյուս երկրներում է լինում: Այն, ինչ մենք տեսանք, հրաշալի էր: Սա ցույց է տալիս, որ Արցախը եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխանող երկիր է: Այն ճանաչված չէ մյուս երկրների կողմից, սակայն այն լիարժեք աշխատող պետություն է: Եվ մենք հույս ունենք, որ ապագայում այն կճանաչվի մյուս պետությունների կողմից: Բասկերը ճանաչել են Լեռնային Ղարաբաղը: Այս փուլում մենք աշխատելու ենք, որ այն ճանաչվի մյուս կառույցների կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]