Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Զորականում բացվեցին Հովհաննես Բաղրամյանի և Համազասպ Բաբաջանյանի հուշարձանները


ԶՈՐԱԿԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Զորական համայնքում մայիսի 3-ին անսովոր իրարանցում էր. գյուղի բնակիչները և բազմաթիվ հյուրեր ներկա գտնվեցին ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի և ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Հովհաննես Բաբաջանյանի հուշարձանների հանդիսավոր բացմանը:

Հուշարձանների և երեք խաչքարերի (նվիրված Հայոց ցեղասպանության, Արցախյան հերոսամարտի և 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին) բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի մշակույթի նախարարի տեղակալ Տիմոֆեյ Սուբոտինը, Տավուշի մարզի Զորական համայնքի ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը և այլք:

«Հանգամանքների բերումով 1980-ական թվականներին Արցախի Չարդախլու գյուղի բնակիչների մոտ 60 տոկոսը հարկադրված տեղափոխվել էր Տավուշի մարզի Զորական գյուղը, սակայն դա չկոտրեց չարդախլեցիների ոգին, և նրանք հավատարիմ մնացին իրենց ավանդույթներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիսավոր արարողության բացման խոսքում հայտնեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը` շնորհակալություն հայտնելով հուշարձանների ստեղծմանն աջակցած բարերարներին: Նա նաև նշեց, որ ԽՍՀՄ մարշալներ Հովհաննես Բաղրամյանի և Համազասպ Բաբաջանյանի հուշարձանների և երեք խաչքարերի բացումով իրենք նոր էջ են բացում Չարդախլուի պատմության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միջոցառման մասնակիցներին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում մասնավորապես ասված էր. «Շնորհակալություն եմ հայտնում հուշակոթողը կառուցողներին և ողջունում եմ միջոցառման մասնակիցներին: Մենք ամեն ինչ անելու ենք մեր անվտանգության համակարգը կատարելագործելու ուղղությամբ և արտաքին հմուտ քաղաքականությամբ ապահովելու ենք մեր դիրքը երկրագնդի մյուս ժողովուրդների շարքում»:

Նախարար Օհանյանն էլ ավելացրեց. «Մենք այսօր հարգանքի տուրք ենք մատուցում ոչ միայն մեր փառապանծ մարշալներին, այլև խոնարհվում ենք անմեղ մարդկանց հիշատակին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին մեր խաղաղ կեցության համար: Չարդախլուն առանձնահատուկ գյուղ է, որի զավակները Հայրենական մեծ պատերազմի հաղթանակած ելքը որոշողներից են եղել, ինչը նշանակալի փաստ է»: Նախարարը հավելեց, որ 1965-1974 թվականներին ինքն ապրել է Չարդախլուի մոտակայքում գտնվող Աթաբեկ գյուղում և շատ լավ տեղյակ է չարդախլեցիների առօրյայից:

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը Տերունական աղոթքով սկսեց խաչքարերի օծման արարողությունը: 

Հանդիսավոր արարողության միջոցառումների կազմկոմիտեի նախագահ Գեորգի Օսիպյանը, կարևորելով ԽՍՀՄ մարշալներ Հովհաննես Բաղրամյանի և Համազասպ Բաբաջանյանի դերը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում, ասաց հետևյալը. «Այսօր մեծ տոն է Զորականում: Ես շատ ուրախ եմ, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին ընդառաջ մեզ հաջողվեց իրականացնել մեր լեգենդար մարշալների հուշարձանների բացումը, որի համար շնորհակալ եմ բոլոր շահագրգիռ անձանց»:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրեց հուշարձանների կառուցման նախաձեռնողներ և հովանավորներ Կամո Ավագյանին, Հայկազ Օսիպյանին, Շահեն Քոչարյանին, Արամ Գասպարյանին, Սուրեն Մարտիրոսյանին, Սիլվա Խոջոյանին, Սմբատ Մաթևոսյանին, Մնացական Մովսիսյանին, Յուրա Գրիգորյանին և Աշոտ Իվանյանին, իսկ «Ծովակալ Իսակով» մեդալով` Գեորգի Օսիպյանին և Բորիս Բալաբեկյանին:

«Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրվեցին մի շարք զինվորականներ, բացի այդ` «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի» հուշամեդալով պարգևատրվեցին Տավուշի մարզում բնակվող վետերանները:

Սեյրան Օհանյանը և Գեորգի Օսիպյանը իջեցրեցին ծածկոցները հուշարձանների վրայից, ապա անգնդակ փամփուշտներով տրվեց երեքական համազարկ` ի պատիվ ԽՍՀՄ մարշալներ Հովհաննես Բաղրամյանի և Համազասպ Բաբաջանյանի:

Միջոցառմանը հաջորդեց ՀՀ պաշտպանության նախարարության «Զորական» անսամբլի հանդիսավոր համերգը, որից հետո Երևանի կրկեսի և Լեոնիդ Ենգիբարյանի անվան դպրոց-ստուդիայի սաները ներկայացրեցին իրենց շոու-ծրագիրը: Համերգային ծրագրի ավարտից հետո զինվորականները անցկացրեցին ցուցադրական պարապմունքներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ