Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուանդայի ցեղասպանության վերապրողը Ծիծեռնակաբերդի բարձունքում ընթերցեց գլոբալ ֆորումի հայտարարությունը

Ռուանդայի ցեղասպանության վերապրողը Ծիծեռնակաբերդի բարձունքում 
ընթերցեց գլոբալ ֆորումի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուանդայի ցեղասպանությունը վարապրած էսթեր Մուջավայոն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում երկրների ղեկավարների առաջ ընթերցեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաշխարհային ֆորումի հայտարարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ցեղասպանության հիսունյոթամյա վերապրածը շորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը և ժողովրդին ցեղասպանությունների կանխարգելման խնդիրն առաջ քաշելու և հանրային իրազեկվածությունը բարձրացնելու համար:  «Ես ցեղասպանության վերապրած եմ, որն իրականացվել է 1994 թվականին Ռուանդայում թութսիների ցեղի դեմ: Պատիվ ունեմ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման այս պատմական արարողությանը, որը գրավել է ողջ միջազգային հանրության ուշադրությունը: Շատ կարևոր է, որ մենք կանգնենք մեր հայ քույրերի և եղբայրների կողքին՝ կիսելով նրանց ցավը, պայքարը և, իհարկե, նրանց վերածնունդը»,-ասաց էսթեր Մուջավայոն:

«Մենք հույս ունենք, որ Հայաստանը հաջողությամբ կշարունակի այս նախաձեռնությունը, որի նպատակը մեր երեխաներին, հասարակություններին այս հանցագործությունների հանցագործության` ցեղասպանության, պատուհասից պաշտպանելն է»,- հավելեց նա, ապա ընթերցեց Երևանում կայացած համաշխարհային ֆորումի հայտարարությունը:

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաշխարհային ֆորումի հայտարարության ամբողջական տեքստը.

«Ցեղասպանություն հանցագործության համաշխարհային ֆորումը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության, հույների, ասորիների ցեղասպանությունների, Հոլոքոստի, ինչպես նաև Ռուանդայի, Կամբոջայի, Դարֆուրի ցեղասպանությունների ու մարդկության դեմ մյուս հանցագործությունների անմեղ զոհերի հիշատակին:

Վկայակոչելով Միավորված ազգերի կազմակերպության խարտիան, Մարդու իրավուքների համընդհանուր հռչակագիրը, ՄԱԿ-ի` Ցեղասպանություն հանցագործության կանխման և դատապարտման կոնվենցիան,

Մտահոգվելով, որ չնայած գոյություն ունեցող համապատասխան միջազգային կանխարգելման մեխանիզմներին` ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների դեպքերը կրկնվում են,

Մտահոգվելով վերջին շրջանում աշխարհի տարբեր տարածաշրջաններում բռնությունների, ծայրահեղականության և ահաբեկչության անհանգստացնող չափերի հասնող տարածվածությամբ, որոնք անմիջականորեն սպառնում են ազգային և տարածաշրջանային փոքրամասնություններին,

Հաշվի առնելով միջազգային իրավունքում ցեղասպանության քրեականացնող դրույթների ստեղծումը և զարգացումը,

Քննարկելով ցեղասպանություն հանցագործության անպատժելիության, անհատական և պետական պատասխանատվության, այդ հանցագործության հետևանքներին արձագանքման պատշաճ միջոցառումների  հարցերը,

Նշելով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների դեմ համաշխարհային պայքարի կարևորությունը,

Ընդգծելով տարբեր կառավարությունների, խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության դերակատարությունը ցեղասպանության կանխարգելման և համապատասխան մեխանիզմների մշակման գործում,

 Ընդունում է, որ ցեղասպանությունն անդառնալի հետևանքներ կրող խոշորագույն հանցագործություն է և բոլոր պետություններին կոչ է անում իրենց առավելագույն ներդրումն ունենալ ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների ամրապնդման գործում:

Վերահաստատում է, որ ցեղասպանության կանխարգելման հիմնական մեխանիզմները մնում են Միավորված ազգերի կազմակերպության շրջանակում գործող մեխանիզմները և ողջունում 2015 թ. մարտի 27-ին ընդունված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի «Ցեղասպանության կանխարգելում» վերտառությամբ բանաձևը:

Ընդգծում է, որ ցեղասպանության կանխարգելումը կախված է մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետությունից, հանդուրժողականության և ոչ խտրականության մշակույթի ամրությունից:

Ճանաչում է, որ ժխտումը, հատկապես պետական մակարդակով, անընդունելի է և շեշտում, որ ցեղասպանությունների ժամանակին դատապարտումը և դրանց հետևանքներին արդյունավետ անդրադարձը կարող է կարևոր գործիք դառնալ կանխարգելման և հաշտեցման համար:

 Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունների նախօրեին միջազգային հանրությանը կոչ է անում աջակցել շարունակական ջանքերին` ուղղված դրա միջազգային ճանաչմանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]