Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 3/9. Ցեղասպանության տարելիցին ընդառաջ ընթերցողները Նարեկացու երկն են գնել

Երևանյան բեսթսելեր 3/9. Ցեղասպանության տարելիցին ընդառաջ ընթերցողները 
Նարեկացու երկն են գնել

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Գրիգոր Նարեկացու` «Զանգակ» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության. Տաղեր» ժողովածուն:

Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի վերահրատարակությամբ, երկրորդ հորիզոնականում է: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

Երրորդ հորիզոնականում Նարեկացու «Մատյան ողբերգության» ժողովածուն է, որը լույս է ընծայել «ՄՀՄ» հրատարակչությունը:

Ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ինքնակենսագրական «Մայրիկ» գիրքը չորրորդ հորիզոնականում է: Այն հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության և սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը՝ դրանով իսկ նվաճելով վերապրելու իրենց իրավունքը:

Մհեր Բեյլերյանի «Մեղքի հարյուր տարին» ժողովածուն, որը ներառում է վիպակ և մի շարք պատմվածքներ, հինգերորդ հորիզոնականում է:

Նարեկացու` «Նաիրի» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության» ժողովածուն էլ վեցերորդ հորիզոնականում է:

Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: «Մանդիլիոն» գիրքն այս շաբաթ յոթերորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ: «Մանդիլիոն» գրքի համար «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հատուկ մրցանակ է ստացել:

Նարեկացու` այս անգամ էլ «Մուղնի» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության» ժողովածուն ութերորդ հորիզոնականում է:

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործն իններորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերում. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

Բեսթսելերը եզրափակում է Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» գործը, որն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է: Այն պատմություն է փոփոխության մասին. գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ, դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Հեղինակը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ: 

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ
1 -1

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության.Տաղեր»

Զանգակ 29
2 +1

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 21
3 *

Գրիգոր Նարեկացու

«Մատյան ողբերգության»

ՄՀՄ 21
4 -3

Անրի Վեռնոյ

«Մայրիկ»

Ար Էդի 20
5 նոր

Մհեր Բեյլերյան

«Մեղքի հարյուր տարին»

Անտարես 20
6 -1

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Նաիրի 14
7 +2

Վահան Հովհաննիսյան

«Մանդիլիոն»

Անտարես 10
8 *

Գրիգոր Նարեկացու

«Մատյան ողբերգության»

Մուղնի 9
9 *

Գաբրիել Գարսիա Մարկեսի

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 8
10 *

Սպենսեր Ջոնսոնի

«Ո՞ւր է իմ պանիրը»

Էդիթ Պրինտ 8

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am