Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

«Ականատեսը». Իգդիրը նորից տեսնելու չիրականացված սպասումով


ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարվա 114-րդ օրը` աշխարհասփյուռ հայության համար օրացույցում առանձնահատուկ կարևորություն ունեցող ապրիլի 24-ին,  շատ էր սպասում նաև Հայոց ցեղասպանության վերապրած  Ռոզա Խոնդկարյանը: Ոճրագործության ականատեսը, սակայն, կյանքից հեռացավ հարյուրերորդ տարելիցից ընդամենը մեկ ամիս առաջ` այս տարվա մարտի 23-ին: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նրա համար, դստեր` Ռիմայի հավաստմամբ, Իգդիրը հեռուստացույցով ևս մեկ անգամ տեսնելու, մտովի  հայրենիք տեղափոխվելու անթաքույց և, ավաղ, նաև չիրականացված հույս էր:


Երկու տարի առաջ մեկնարկած  «Ականատեսը» հատուկ նախագծի շրջանակում ընթերցողներիդատին ենք  հանձնում 1915 թվականի Հայոց ցեղասպանության՝ Հայաստանի տարածքում բնակվող կենդանի վկաների հիշողությունները: 1914թ. ծնված Ռոզա Խոնդկարյանի պատմությունը հետմահու ներկայացնելու հանգամանքը պայմանավորված էր նրա առողջական խնդիրներով և հարազատների խնդրանքով, հաշվի առնելով, որ անցյալի մասին յուրաքանչյուր հուշ անմիջական ազդեցություն էր ունենում նրա ինքնազգացողության, հուզական դաշտի վրա:

«Իմ ընտանիքը գաղթել է Իգդիրից` Սուրմալուից, հայրս` Հակոբ Գեղամի Խոնդկարյանը, 1910 թվականին ամուսնացել է մորս` Լուսաբեր Մաթևոսի Ավագյանի հետ: Հայրս Իգդրիրի հարուստ մարդկանցից մեկն էր, մի քանի խանութ ուներ, հիմնականում զբաղվել է կտորների  վաճառքով: Մեր ընտանիքում ծնվել է 5 երեխա` եղբայրներս` Հրանտը, Ամասիան, Արսենը, ես և քույրս` Հերմինեն: Մեզնից ամենամեծը Հրանտն էր, ով ծնվել էր 1911թ., ամենափոքրը` Արսենը, 1922թ.»,-մահից առաջ իր հուշերն աշխարհին է փոխանցել Ռոզա Խոնդկարյանը:


Պատմական տեղեկանք

Իգդիրը գյուղ, ավան, գյուղաքաղաք է Երևանի նահանգի Սուրմալուի գավառում: Նրա վարչական կենտրոնն էր: Իգդիրը գտնվում է Երևանից 40 կմ հարավ-արևմուտք, Արաքս գետի աջափնյա մասում, հարթավայրում: 19-րդ դարի վերջին ուներ շուրջ 550 տուն հայ և 70 տուն թուրք: 20-րդ դարի սկզբին ավելի քան 10 հազար հայ բնակիչ: Հայերի մի մասի նախնիները այստեղ էին գաղթել Պարսկահայքի Խոյի և Սալմաստի շրջաններից 1829թ-ին: 1920 թ-ին թուրքերը գրավեցին Իգդիրը և 1921 թ-ին Կարսի պայմանագրով Սուրմալուի գավառի հետ միասին անցավ Թուրքիային:

Իգդիրում են ծնվել բազմաթիվ անվանի հայ մտավորականներ, արվեստագետներ, գիտնականներ, ազգային ազատագրական պայքարի գործիչներ, օրինակ` նկարիչ Էդուարդ  Իսաբեկյանը, նշանավոր ակնաբույժ Հայկ Կանայանցը, Ազգային գրադարանի հիմնադիր Արդվար Կանայանը և գեներալ Դրաստամատ Կանայանը` Դրոն:

1915թ. սկսվում են հայերի հանդեպ ճնշումները, որին ոչ Խոնդկարյանները, ոչ էլ իրենց թուրք հարևանները լուրջ չեն վերաբերվել, և ոչ ոք չէր կարող կանխատեսել, թե ծավալվող իրադարձություններն, ինչ ավարտ կունենան: «Այնուամենայնիվ, մենք դեռևս երկու տարի ապրեցինք Իգդիրում վախի և վատագույնի ակնկալիքով», - պատմել է ականատես-վերապրածը:


Հաջորդում է Իդգիրից հայերին տարհանելու հրամանը: 1917թ. մեր պատմության հերոսուհու հայրը իր առևտրի հետ կապված մեկնել էր Թբիլիսի: Ընտանիքին իրերը հավաքել և Իգդիրը լքելու հարցում օգնում է մորեղբայրը` Ավետիսը:

«Ամբողջ ճանապարհին մինչև Հայաստան մեզ ուղեկցում և թուրքերից պահպանում էր ռուսական զորքը: Նրանք թաքուն կերակրում էին մեզ, երբ մեր պահած սնունդը վերաջացավ: Ճանապարհին, չդիմանալով դժվարություններին, մենք ֆուրգոնով էինք տեղափոխվում, մահացավ իմ քույրը` Հերմինեն: Անցնելով գետի վրայի կամուրջը հասանք սկզբում Էջմիածին, ապա Երևան: Մեզ շատ լավ ընդունեցին Հայաստանում,  ապաստան, երկու սենյակ տվեցին Կոնդում` Ամիրյան փողոցի երկհարկանի տներից մեկում»,- պատմել է տիկին Ռոզան:  


Նա իր զավակներին ու թոռներին է փոխանցել հայ ժողովրդի պատմության այն դրվագը, որը սերնդեսերունդ պետք է պատգամվի` ի նշան հայերի մաքառումի ու վերածնունդի: Եվ այսօր էլ նրա թոռներն են պատմում աշխարհին` իրենց տատիկի օրինակով ցեղասպանության ենթարկված, սակայն մոխրից հառնած ժողովրդի մասին: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում կիրառական մեխանիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող 19-ամյա Արամայիս Միրզոյանը  ապրիլի  24-ին ընդառաջ   հանրության դատին է ներկայացնում  իր տատիկի` Ռոզա Խոնդկարյանի մասին գրված ակնարկը:  Նա համոզված է, որ լավագույնը, ինչ կարող էր անել տատիկի համար, նրա մահից հետո  նրա մասին գրելն ու հիշատակը հավերժացնելն է:  Տատիկի մասին մոտ մեկ ամսում գրած և թղթին հանձնած վերհուշի մասին դեռ հասկակակիցների, ընկերների կարծիքը չի լսել, բայց  վստահ է  հրապարակված պատմվածքն անարձագանք չի մնա և արժանի տեղը կգտնի մարդկանց սրտերում:

«Ապրել եմ շատ քիչ, որպեսզի կարողանամ գնահատել տատիկիս ապրած կյանքը։ Պատկերացնելու համար տատիկիս ապրած հարյուր տարին, պետք է ես էլ ապրեմ հարյուր տարի։ Հարյուր տարի, որ իր մեջ պարունակում էր և՛ ցավ, և՛ ուրախություն, և՛ ծնունդ, և՛ մահ, և՛ տառապանք, և՛ բերկրանք։ Այդ հարյուր տարին կարծես հարյուր էջանոց գիրք լինի, որ թերթել են շատ քչերը, իսկ կարդացողներ համարյա թե չեն եղել։ Բայց ես տատիկիս հետ էի մանկուց և կարողացել եմ թերթել և նույնիսկ կարդալ այդ գիրքը։ Գուցե ամբողջովին չեմ ընկալել, բայց միշտ մեծ հետաքրքրություն եմ ունեցել այդ գրքի հանդեպ: Երբ դեռ փոքր էի, ինձ բախտ է վիճակվել շատ պատմություններ լսել տատիկիցս։ Նա հիմնականում պատմում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից։ Այդ պատմությունների միջոցով մենք կարծես նստում էինք ժամանակի մեքենան և գնում դեպի անցյալ»,- գրել է  երիտասարդը իր, ի դեպ, առաջին պատմվածքում:


Շարունակելով տատիկի կյանքի  մասին իրեն հայտնի մանրամասները նա նկատում է, որ ընտանիքի ավագ անդամը շատ էր սիրում պատմել պատմություններ իր կյանքից։ Բայց կար մի շատ տխուր պատմություն իր մանկությունից, որ նա չէր սիրում պատմել։ Այդ պատմությունը նրան փոխանցվել էր մայրը` Լուսաբերը։

«Տատիկիս մանկության մի քանի տարիներ անցել են Թուրքիայի Իգդիր քաղաքում։ Նրա մայրը ամուսնացել էր 16 տարեկանում։ Նրան այդ ժամանակի ավանդույթների համաձայն ծնողները ամուսնացրել էին առանց նրա կամքը հարցնելու։ Տատիկիս հայրը՝ Գեղամը, քաղաքի հայտնի առևտրականներից էր։ Նա ամուսնացել էր տատիկիս մոր հետ, երբ 32 տարեկան էր։ Նրան շատերն էին ճանաչում Իգդիրում, որպես քաղաքի ամենահարուստ մարդկանցից մեկին։ Նա շատ հաճախ էր մեկնում արտասահման՝ առևտուր անելու։ Այլ երկրներից նա բերում էր տարբեր ապրանքներ և վաճառում իր խանութում, որը շատ հայտնի էր Իգդիրում։  Երբ 1915 թվականին սկսվեցին հայերի դեմ ջարդերը, ոչ ոք դրան լուրջ չէր վերաբերվում։ Նույնիսկ տատիկիս թուրք հարևանները միշտ ասում էին, որ դա թյուրիմացություն է և շուտով կավարտվի։ Նրանք միշտ հուսադրում էին տատիկիս մորը։ Ոչ ոքի մտքով չէր էլ անցնում, թե ինչ է սպասվում հայերին։ 1915 թվականից հետո տատիկիս ընտանիքը դեռ երկու տարի մնաց Իգդիրում։ Նրանք այդ երկու տարին ապրեցին վախի և անհանգստության մեջ՝ անընհատ սպասելով վատագույնին»,- գրել է Արամայիսը:

Պատմվածքում տեղ է գտել նաև զինվորական բժիշկ պապի մարդասիրական, բարի և ազնիվ բնավորության մասին:

«Պապիկս վերջին տարիներին մի քանի ինֆարկտ էր տարել և չէր կարողանում աշխատել։ Հենց այդ ժամանակ մի զվարճալի դեպք էր պատահել։ Մի հիվանդ, չիմանալով պապիկիս վիճակի մասին, ուժեղ ատամնացավով եկել էր նրանց տուն։ Ուշ երեկո էր։ Սկսել էր թակել դուռը։ Բայց տատիկս, տեսնելով, որ օտար մարդ է դուռը թակողը չէր բացել։ Այդ ժամանակ պապկս պառկած էր անկողնում։ Այս հիվանդը թակել էր, թակել, բայց բացող չկար։ Սա զգացել է, որ տանը մարդ կա, բայց դուռը չեն բացում։ Ինքն էլ տառապում էր ուժեղ ատամնացավով, չէր կարող դիմանալ մինչև առավոտ։ Այդ պատճառով որոշել է բարձրանալ դարպասի վրայով և մտնել տուն։ Մտել է տուն, բայց այդ ժամանակ նրա որդին՝ հորեղբայրս դուրս է եկել նրա դիմաց և բացատրել, որ պապկիս չի կարող սպասարկել իրեն։ Այս պատմությունը տատիկս շատ էր սիրում և ամեն անգամ, երբ խոսում էին պապիկիս մասին, պատմում էր այն։ Ասում էր, թե բալիկս, երանի թե պապիկդ քեզ տեսներ, գիտես քեզ ինչքան կսիրեր,  բայց ավաղ ինձ բախտ չվիճակվեց տեսնելու պապիկիս։ Երբ ես ծնվեցի, նա վաղուց արդեն չկար»,- հիշում է երիտասարդը` հավելելով, որ տատիկի պատմությունները լի էին տխրությամբ, բայց դրա մեջ կար նաև մեկ կաթիլ ուրախություն:

Ռոզա Խոնդկարյանն, առողջական խնդիրնելով պայմանավորված, կյանքի վերջին տարիներն անցկացրել է անկողնում, 73-ամյա դստեր մշտական խնամքի ներքո: Նրա երկու որդիները մահացել են:

Ապրիլի 21-ին Երևանում բացվել է Նազիկ Արմենակյանի «Վերապրածները» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ տեղ է գտել նաև Ռոզա Խոնդկարյանի հետևյալ լուսանկարը:

Հայաստանի տարածքում բնակվող վերջին ականատես-վերապրածների պատմությունները հավաքելու նպատակով «Արմենպրես»-ի ստեղծագործական խումբը շարունակում է մարզային այցելությունները: Հանրապետությունում ներկայում ապրում են շուրջ 30 ականատես-վերապրողներ. նրանցից ութը` մայրաքաղաքում:

Հեղինակ` Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները` Ռոզա Խոնդկարյանի ընտանիքի անձնական արխիվից




Այս թեմայով

... վերջին լուր "Ականատեսը" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ