Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գրողների միությունում տեղի ունեցավ Լյուբիցա Միլետիչի «Արդի հայ պոեզիա» անթոլոգիայի շնորհանդեսը

Գրողների միությունում տեղի ունեցավ Լյուբիցա Միլետիչի «Արդի հայ պոեզիա» 
անթոլոգիայի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ սերբ բանաստեղծուհի, թարգմանչուհի, էսսեների հեղինակ Լյուբիցա Միլետիչի «Արդի հայ պոեզիա» անթոլոգիայի շնորհանդեսը:

 «Մի քանի շաբաթ առաջ` Մինսկում ես հանդիպել էի «Արդի հայ պոեզիա» անթոլոգիայի խմբագիր, Սերբիայի գրողների միության հրատարակչության գլխավոր խմբագիր Դրագան Լակիչևիչի հետ և նա ինձ տեղեկացրեց, որ հրաշալի գիրք է ստացվել, ինչում ես այսօր համոզվեցի: Լյուբիցան հայ պոեզիան ներկայացրել է բազմաթիվ ամսագրերում`ճանաչելի դարձնելով հայ գրողների ստեղծագործությունները արտասահմանում, ինչը շատ ողջունելի է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Արդի հայ պոեզիա» անթոլոգիայի շնորհանդեսի ժամանակ նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և հավելեց, որ իրենք դիմել են ՀՀ մշակույթի նախարությանը` միջազգային ասպարեզում հայ գրականությանը ծառայություններ մատուցած արտասահմանյան գրողներին Հայաստան հրավիրելու խնդրանքով:

 «Արդի հայ պոեզիա» («САВРЕМЕНА JЕРМЕНСКА ПОЕЗИJA») անթոլոգիայում ներկայացված են երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծնված 28 հայ բանաստեղծների ստեղծագործությունները:

 «Արդի հայ պոեզիա» անթոլոգիայի և Լյուբիցա Միլետիչի երկու գրքերի թարգմանիչ, բանաստեղծ Գագիկ Դավթյանը նկատեց, որ գրքի ստեղծման միտքը ծագել էր 2013թվականին Սերբիայում` Գրողների միջազգային 50-րդ համաժողովին մասնակցելու ժամանակ: «Երանելի այդ օրերին էր, որ իմ հորդորով Լյուբիցա Միլետիչը ձեռնամուխ եղավ մեր նորագույն պոեզիայի անթոլոգիայի ստեղծմանը: Մեկուկես տարի անց`մարտի 24-ին, «Փոքր գրադարան» մատենաշարով Բելգրադում լույս տեսավ «Արդի հայ պոեզիա» անթոլոգիան, որը մեր պոեզիայի հանդեպ Միլետիչի անխառն սիրո պտուղն է»,-շեշտեց նա և հավելեց, որ «Արդի հայ պոեզիայի այսօրը» խորագրով վերջաբանի հեղինակը` բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանն է: «Անթոլոգիան հրատարակվել է իմ և Թիոդոր Ռոսիչի երաշխավորությամբ, Սերբիայի Հայ համայնքի երախտագիտության արժանի նյութական աջակցությամբ (ղեկավար` Սամվել Այվազյան)»,-պարզաբանեց նա:

Իր հերթին` «Արդի հայ պոեզիա» անթոլոգիայի հեղինակ Լյուբիցա Միլետիչն ընդգծեց, որ գրքի հրատարակումը նպատակ էր հետապնդում սերբ ընթերցողին ճանաչելի դարձնել հայ ժամանակակից երիտասարդ պոետներին: «Ես հուսով եմ, որ ինձ հաջողվել է պատշաճ մակարդակով ներկայացնել 28 հայ բանաստեղծների ստեղծագործությունները: Սերբիայում ճանաչում են Սիլվա Կապուտիկյանի, Եղիշե Չարենցի ստեղծագործությունները, սակայն նրանք պատկերացում չունեն Ձեր ներկայիս գրականության մասին, ինչը համոզված եմ շուտով կուղղվի:»,-նկատեց նա:

Թարգմանությունների հեղինակ Լյուբիցա Միլետիչը վերջին տարիներին հնարավորություն է ունեցել երեք անգամ լինելու Հայաստանում և Արցախում, մասնակցելու Պոեզիայի միջազգային փառատոներին, ճանաչելու մեր երկիրն ու ժողովրդին, ծանոթանալու նրա հոգևոր արժեքներին: Նա գրել և Սերբիայում տպագրել է հիանալի էսսեներ, ստեղծել է Հայաստանով և հայկականությամբ համակված «Արարատի հողմերը» բանաստեղծությունների սքանչելի ժողովածուն, որը 2014 – ին լույս է ընծայել Ձեր հրատարակչությունը: Այդ գրքի շատ գործեր իմ թարգմանությամբ տեղ են գտել տաղանդավոր բանաստեղծուհու Երևանում և Ստեփանակերտում հրատարակված գրքերում, որոնց համար նա արժանացել է Պոեզիայի Արցախյան միջազգային երկրորդ փառատոնի դափնեկրի կոչման: 

Իր այցելությունների ընթացքում Միլետիչը շփվել է անթոլոգիայում ներկայացված գրեթե բոլոր հեղինակների հետ, ինչը օգնել է նրան առավել խորությամբ ընկալելու թարգմանված գործերի նրբերանգները: Ձեզ հայտնի է, որ անթոլոգիայի շատ բանաստեղծություններ արդեն իսկ հրապարակված են Սերբիայի գրական մամուլում («Գրական նորություններ», «Մշակույթի ուղիներ», «Գրադինա»):

Նրա բանաստեղծական ժողովածուները թարգմանվել են հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, հունարեն և այլ լեզուներով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]