1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայ ժողովրդի պահանջն արդար է ու զերծ է կրոնական մոտեցումներից. Արամ Ա-ի հարցազրույցը Vatican Insider-ին

Հայ ժողովրդի պահանջն արդար է ու զերծ է կրոնական մոտեցումներից. Արամ Ա-ի 
հարցազրույցը Vatican Insider-ին

ԱՆԹԻԼԻԱՍ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Վատիկան կատարած այցի ընթացքում հարցազրույց է տվել Vatican Insider-ին, որում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, դրա վերաբերյալ Հռոմի պապի կատարած հայտարարությանը ու Թուրքիայի հակազդեցությանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության պատճառներին՝ Վեհափառ Հայրապետը մերժել է բոլոր այն մոտեցումները, թե Ցեղասպանության պատճառը կրոնական է: «Պատմական տվյալներև և նույնիսկ թուրքական աղբյուրները հստակ ցույց են տալիս, որ հայ ժողովրդի դեմ պետականորեն ծրագրված ու իրականացված ցեղասպանությունն Օսմանյան Կայսրությունում քաղաքական իշխանության հասած երիտթուրքերի պանթուրքական քաղաքականության մաս էր: Հիշյալ քաղաքականության նպատակն էր Միջին Արևելքի և Ասիայի թուրքական մշակույթին ու ցեղին պատկանող ժողովուրդներին միացնել պանթուրքական համապարփակ կայսրության սահմաններում: Այս ծրագրի իրագործման արգելք էր հանդիսանում հայ ժողովուրդը, որը Կիլիկիայի ու Արևմտյան Հայաստանի մեջ երկար դարերի պատմություն ուներ: Այդ տարածքներից հայերին ամրատախիլ անելու միակ տարբերակը Ցեղասպանությունն էր: Ցեղասպանությունը կատարվել է երեք եղանակով՝ հայ ժողովրդի ազգային ու կրոնական ղեկավարների սպանություն և բանտարկություն, կազմակերպված ջարդեր հայաշատ շրջաններում, տեղահանություն և աքսոր դեպի Դեր Զորի անապատները, որպեսզի այնտեղ մարդիկ հյուծվեն և մահանան»,- ասել է Արամ Ա-ն:

Նա ընդգծել է, որ այդ բոլորը ենթադրություններ կամ երևակայության արդյունք չեն, այլ պատմական իրողություն են: «Թուրքիայի ղեկավարներն այսօր հատուկ ջանքեր են գործադրում կրոնական ազդակ տեսնել հայ ժողովրդի արդար պահանջի մեջ: Մեծապես դատապարտելի են նման մոտեցումները: Թուրքիայի նկատմամբ հայ ժողովրդի պահանջը արդարության պահանջ է, այլ խոսքով՝ հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումն ու իրավունքների հատուցումն է: Մեր ժողովրդի պահանջատիրության մեջ ոչ մի կրոնական խնդիր կամ մոտեցում գոյություն չունի: Արդարև, սկսած 7-րդ դարից մինչև օրս՝ փոխադարձ հարգանքով ու հասկացողությամբ գոյակցել ենք իսլամի հետ և այդպես պիտի շարունակենք»,- շեշտել է Արամ Ա-ն:

Արամ Ա-ն ողջունել է Հայոց ցեղասպանության հարցում Հռոմի Ֆրանցիսկոս պապի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ եկեցեցին արդարության ձայնն է ու ներկայացնում է ժողովրդի կամքը, որը հեռու է ամեն տեսակ քաղաքական հաշիվներից, աշխարհաքաղաքական մոտեցումներից և հեռանկարներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]