Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ականատեսը». Կնյազ Շիրինյանն ապրում է կորցրած հայրենիքը` Ալաշկերտը, նորից տեսնելու անմար հույսով

«Ականատեսը». Կնյազ Շիրինյանն ապրում է կորցրած հայրենիքը` Ալաշկերտը, 
նորից տեսնելու անմար հույսով

ՋԱՆՖԻԴԱ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզում բնակվող Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածների որոնումները մեր ստեղծագործական խմբին տարան Ջանֆիդա: Գյուղը Արաքսի ափին է, Թուրքիայի հարևանությամբ: 1915-1918թթ. տեղի ունեցած ջարդերի հետևանքով Արևմտյան Հայաստանից գաղթած հայերից շատերը վերաբնակվել են Ջանֆիդայում: Գյուղի ամենատարեց բնակիչը 103-ամյա Կնյազ Շիրինյանն է: Ծնվել է Ալաշկերտի Զրչի գյուղում:

«Եկել ենք 1915 թվականի գաղթի ժամանակ: Սկզբում բնակվել ենք Եվջիլարում, հետո Թալինի շրջանի Թալին գյուղում և վերջում այստեղ»,- ասում է պատմական իրադարձությունների  ականատեսը: Նա գաղթի ժամանակ, ինչպես ինքն է բնորոշում,  գրկանոցի երեխա է եղել, ում ճանապարհին դրել են եզան վրա գցած խուրջինի մեջ:  Ծննդավայրն առատ անասնապահության և հողագործության երկիր էր: «Անասուն շատ էինք պահում,  հողամաս, դաշտերն էին շատ»,- նկատում է Կնյազ Շիրինյանը:

Պատմական տեղեկանք

Ալաշկերտը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Այն գոյություն ունի դեռևս ուրարտական ժամանակներից՝ VIII դարից (մ. թ. ա.): Ըստ հայկական աղբյուրների, Ալաշկերտը հիմնադրվել է II դարի վերջում (մ. թ.) Վաղարշ թագավորի ձեռքով և նրա անունով էլ կոչվել է Վաղարշակերտ։ Արևմտյան Հայաստանի մյուս բնակավայրերի նման թուրքական կառավարողների գործադրած բռնությունների, հարստահարության և բացահայտ ցեղասպանության հետևանքով Ալաշկերտը զրկվել է հայ բնակչությունից։ Նրանց մի մասին, այնուամենայնիվ, հաջողվել է գաղթել ու բնակություն հաստատել ներկայիս ՀՀ–ի տարածքում: Այսպես, 1829 և 1878 թվականներին Ալաշկերտից բավական թվով հայեր գալիս ու բնակվում են այժմյան Մարտունու և Հոկտեմբերյանի շրջաններում։ Մարտունու շրջանում, որ այն ժամանակներում մտնում էր Նոր Բայազետի գավառի մեջ, նրանց զբաղեցրած տարածքը հայտնի դարձավ Նոր Ալաշկերտ անունով։ Մյուս համեմատաբար մեծ գաղթը տեղի է ունեցել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1914 —1915 թվականներին։ Սակայն Արևելյան Հայաստան գաղթած բնակչությունը Ալաշկերտի հայ բնակչության միայն մի մասն էր կազմում, նրա մնացած մասը 1895 և 1915 թվականներին բնաջնջվեց թուրքական ցեղասպանների կողմից։ Առաջին համ աշխարհային պատերազմի ընթացքում ցարական կառավարությունը ջանքեր է գործադրում Ալաշկերտի հովտում 50 հազար կազակներ վերաբնակեցնելու համար` այդ նպատակով այստեղ կառուցելով գյուղեր ու ճամբարներ, բայց 1917 թվականի ղեպքերը կասեցնում են Նիկոլայ II–ի մտադրությունները։

Գաղթելով Արևելյան Հայաստան ծնողների, քույերի և եղբայրների,  հորեղբոր, ինչպես նաև այլ ազգականների հետ՝  նա հիշում է մի բեյի, ով իր ծննադավայրում շատ լավ է վերաբերվել, անգամ պաշտել է հայերին՝ մուսուլմաններին հորդորելով հայ աղջիկներին չնեղացնել:

«Կցանկանայի՞ք կրկին տեսնել Ալաշկերտը». հարցին ի պատասխան, մեկ դարն արդեն բոլորած ծերունին իր հաստատակամ պատասխանն ունի: «Լիության երկիր էր Ալաշկերտը, տավար և ոչխար ենք պահել, ապրուստը լավ է եղել: Ուտել-խմել է եղել: Մեր երկիրն այնտեղ էր, մեր հողն ու ջուրն այնտեղ էր»,-ընդգծում է ականատես-վերապրածը:

Հետադարձ հայացք նետելով՝ նշում է, որ գոհ է իր ապրած կյանքից, քանի որ առ այսօր առողջ է` ոտքով և ձեռքով:

Մեր պատմության հերոսն ամուսնացել է ծնունդով Ջանֆիդայից Վարդուհու հետ (ամուսնության ստույգ տարեթիվը չի մտաբերում), ունեցել վեց երեխա` երկու տղա, չորս աղջիկ: Այժմ բնակվում է տղայի, հարսի, թոռների և նրանց երեխաների հետ: Մինչև նախորդ տարի ակտիվ զբաղվել է գյուղի աշխատանքներով:

Ջանֆիդա գյուղի կենտրոնում են գտնվում Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին կառուցված հուշարձանը և նորակառույց եկեղեցին: 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհված ջանֆիդացիների հիշատակը հավերժացնող՝ 1960-ական թվականներին կանգնեցված հուշարձանը վերաբացվել է երկու տարի առաջ:  Այն անմիջական կապ ունի Կնյազ Շիրինյանի կենսագրության հետ, քանի որ նա նույնպես մասնակցել է Մեծ հայրենականին` հասնելով մինչ Կասպից ծով, Կերչ, մինչդեռ եղբայրը` Գուրգենը պատերազմից այդպես էլ չի վերադարձել: 

Գյուղի կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններից է նաև 2014 թ. մայիսին  բացված նորակառույց եկեղեցին, որն օծվել և անվանակոչվել է  Սուրբ Կարապետի անունով:  Եկեղեցին կառուցվել է ռուսաստանաբնակ ջանֆիդացի բարերար  Արթուր  Կարապետյանի հովանավորությամբ: Գյուղաբնակները մեզ հետ զրույցում փաստեցին, որ հոգևոր կառույց ունենալն անհրաժեշտություն էր: Քրիստոնեական տարատեսակ արարողություններ կազմակերպելու նպատակով ջանֆիդացիները ստիպված էին գնալ հարակից գյուղերի եկեղեցիներ կամ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:  

Նորակառույց եկեղեցու բացման փաստը թեպետ ուրախացնում է մեր պատմության հերոսին, սակայն նա զրույցի ընթացքում, կարծես չկտրվելով հայրենիքի մասին հիշողություններից, մեջբերում է, որ իր երկրում էր իսկական ժամն ու պատարագը:

«Ականատեսը» հատուկ նախագիծը երկու տարի շարունակ ընթերցողի դատին է ներկայացնում 1915 թվականի Հայոց ցեղասպանության՝ Հայաստանի տարածքում բնակվող վերջին կենդանի վկաների հիշողությունները: Ականատես-վերապրածների պատմությունները հավաքելու նպատակով «Արմենպրես»-ի ստեղծագործական խումբը շարունակում է մարզային այցելությունները: Հանրապետությունում ներկայում բնակվում են շուրջ 30 ականատես-վերապրողներ. նրանցից ութը` մայրաքաղաքում:

Պատրաստեցին  Տաթևիկ Գրիգորյանը և Անահիտ Մինասյանը

Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]