1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ականատեսը». 100 -ամյա Օվսաննա Միրխանյանը պատմում է Ստամբուլից գաղթի և «հայկական» Հալեպում անցկացրած տարիների մասին

«Ականատեսը». 100 -ամյա Օվսաննա Միրխանյանը պատմում է Ստամբուլից 
գաղթի և «հայկական» Հալեպում անցկացրած տարիների մասին

ԼԵՆՈՒՂԻ, 08 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատից կախված մի քանի տարվա վաղեմության լուսանկարում  Հայոց ցեղասպանության հասակակից Օվսաննա Միրխանյանը շրջապատված է շատ թոռներով,  այսօր սակայն ականատես-վերապրածի հետ բնակվողների շարքերը նոսրացել են:  Հինգ երեխաներն էլ արտերկրում են: Օվսաննան Արմավիրի մարզի Լենուղի գյուղում ապրում է մեծ թոռան հետ, հարևան տնից իրեն հաճախակի այցի է գալիս բարեկամուհին`  խնամելու  և կերակրելու:

Օվսաննան ծնվել է 1915 թ. Ստամբուլում: Նրան ծննդավայրի հետ կապում է միայն գաղթի մասին աղոտ հիշողությունը:

«Ժողովրդին հավաքում էին և տանում, ամեն մարդ իր «նաֆարին» վերցրել էր և փախել: Ահագին մարդ է կորել, ես փոքր եմ եղել, երբ տատիկս ու պապիկս  Ստմաբուլից սահմանն անցնելու համար ինձ գիշերով վերցրել են ու փախել` ասելով. «Դրինք մեր ուսին, սահմանը անցկացրինք, որ գիշերով թուրքերը չբռնեին»,- պատմում է ցեղասպանության ականատես-վերապրածը:

Պատմական տեղեկանք

Ստամբուլը (Կոստանդնուպոլիս կամ ավելի հաճախ գործածված կրճատված ձևով՝ Կ.Պոլիս) Թուրքիայի ամենամեծ քաղաքն է:

1915 թվականի մարտի կեսերին անգլո-ֆրանսիական ուժերը հարձակվեցին Դարդանելի վրա։ Մայրաքաղաքը Էսքիշեհիր տեղափոխելու և տեղի բնակչության տարհանելու նախապատրաստական աշխատանքները սկսվեցին Ստամբուլում։ Վախենալով հայերի դաշնակիցներին միանալուց՝ Օսմանյան կառավարությունը մտադրվել էր տեղահանել Ստամբուլի և Էսքիշեհիրի միջև ընկած բնակավայրերի ողջ հայ բնակչությանը։ Այդ ժամանակ տեղի ունեցան Իթթիհաթի կենտրոնական կոմիտեի մի քանի համագումարներ, որոնց ժամանակ «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը ապացույցներ ներկայացրեց Արևելյան Անատոլիայում հայկական խմբերի գործունեության վերաբերյալ։ Խորհրդակցության ղեկավար Թալեաթ փաշան կատաղի ատելությամբ ազդարարեց, որ «պետք է մաքրել հայերի հաշիվը» և խոստացավ դրա համար ոչինչ չխնայել։ Երիտթուրքերի ղեկավար գործիչները (Նազըմ, Շաքիր, Շյուքրի, Ջավիդ և ուրիշներ) միաբերան պահանջեցին բնաջնջել բոլոր ոչ թուրք ժողովուրդներին, այդ թվում՝ քրդերին ու արաբներին, բայց այդ ժամանակ առաջնահերթ համարեցին հայերի ոչնչացումը: 1915 թ ապրիլի 24-ին օսմանյան կառավարության հրամանով Կ. Պոլսի հարյուրավոր հայ մտավորականներ արտաքսվեցին քաղաքից. նրանց մեծ մասին ճանապարհին ոչնչացրեցին։ Պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Ստամբուլում ևս հիշատակի միջոցառումներ կանցկացվեն:  

 Մեր պատմության հերոսուհու մայրը` Խաթունը  հիվանդության պատճառով մահանում է, հայրն էլ ամուսնանում ուրիշ կնոջ հետ: Նրա տատը` Խանումը և պապը` Հակոբը իրեն չեն թողել, Ստամբուլից տեղափոխել են Հալեպ:

« Ինձ բերել են արտասահման` Հալեպ, որտեղ և մեծացել եմ: Ես ինվալիդ եմ եղել,  Հալեպում  ոտքս վիրահատել են»,- ասում է Օվսաննան: Բնածին արատով ծնված կինն  ընդգծում է, որ Հալեպում կարողացել է ոտքի կանգնել, ապաքինվել տատի և պապի ջանքերի շնորհիվ:

Իր գնահատմամբ` Հալեպում ամեն ինչն էլ հայկական էր: Հարևանների հետ հաղորդակցվելով՝ նա  հասկանում է թուրքերեն և քրդերեն:  Ձավարով փլավը, հարիսան, սպասը անմասն չեն եղել տատի պատրաստած կերակուրներից:

 Պատմական տեղեկանք

  Սիրիայի Արաբական Հանրապետության խոշորագույն քաղաք Հալեպը`  հայկական ամենամեծ  գաղթօջախներից էր. նախքան Սիրիական ճգնաժամն այստեղ ապրում էին 40-60 հազար հայ։ Հայկական գաղութի վերաբերյալ առաջին հավաստի տեղեկությունն  առկա էր 1329թ. Հալեպում գրված հայկական մի ձեռագրի հիշատակարանում, որի համաձայն, XIV դ. Հալեպում եղել է հայկական համայնք և եկեղեցի՝ Ս. Աստվածածին։ Հալեպը միջազգային տարանցիկ առևտրի կենտրոն դառնալով՝ նպաստել է հայ համայնքի վերելքին։ 1616-ին Հալեպում կային շուրջ 6 հազար, 1652-ին՝ ավելի քան 20 հազար հայ (Ջուղայից, Երևանից, Ղարաբաղից, Էրզրումից, Սեբաստիայից, Կիլիկիայից գաղթած)։ Հիմնականում վարպետ ոսկերիչներ, ակնագործներ, կաշեգործներ, մետաքսագործներ էին։ Նշանակալից էր հայ խոշոր առևտրականների դերը Սիրիայի միջազգային առևտրի և ապրանքափոխանակության մեջ։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո շուրջ 60 հազար հայ գաղթականներ Արևմտյան Հայաստանից, Կիլիկիայից ապաստանել են Հալեպում։ 1943-45 թթ. հայերը գործուն մասնակցություն են ունեցել Սիրիայի ժողովրդի ազգային անկախության պայքարին։ 1946-47թթ. մեծ թվով հալեպահայեր գաղթել են Հայաստան։


 Երեսուն տարեկանում Օվսաննան ամուսնանում է նույնպես ստամբուլցի Կարապետի հետ, ունենում հինգ երեխա:

 «Ինքը Թուրքիայի մարդ էր, Ստամբուլից էր եկել, անտեր էր, ծնող չուներ:  Եկավ ինձ ուզեց,  մտածեցին տանք իրեն՝ ի՞նչ տարբերություն»,- վերհիշում է մեր պատմության հերոսուհին:

1965թ. առաջնեկին Հալեպում ունենալուց հետո ընտանիքը տեղափոխվում է Հայաստան, զբաղվում հողագործությամբ:

Բոլորովին վերջերս հեռուստացույց դիտելիս Օվսաննան տեղեկացել է և ուրախացել ՀՀ կառավարության որոշման համար, որի համաձայն Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին տրվող ամսական դրամական օգնության չափը քսանհինգ հազարի  փոխարեն սահմանվել է հարյուր հազար դրամ:


ՀՀ առողջապահության նախարարությունում Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու նպատակով ստեղծված  խորհրդի և մարզի առողջապահության պատասխանատուների աշխատանքների շնորհիվ  2015 թ. մարտի սկզբին Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության  ազգային կենտրոնում Օվսաննան ստացել է ստացիոնար բուժում, ենթարկվել վիրահատություն:

«Ինձ կանչեցին և ուղարկեցին վիրահատության»,- մանրամասն ներկայացնելով  կատարված բարեհաջող բժշկական միջամտությունները՝ ասում է նա` գոհունակություն հայտնելով նաև իրեն վիրահատող բժիշկի սրտացավությունից: Չնայած պատկառելի տարիքին՝ Օվսաննան բավականին երիտասարդ է երևում, առույգ և կյանքի նկատմամբ հետաքրքրությունը պահպանած:

Տարեց կինը հետևում է ցեղասպանության միջազգային  ճանաչման գործընթացին` ցանկանալով, որ խաղաղություն տիրի աշխարհում և պատմական ճշմարտությունը հաստատվի:

Երկու տարվա կենսագրություն ունեցող «Ականատեսը» հատուկ նախագիծը ընթերցողի դատին է ներկայացնում 1915 թվականի Հայոց ցեղասպանության՝ Հայաստանի տարածքում բնակվող վերջին կենդանի վկաների հիշողությունները: Ականատես-վերապրածների պատմությունները հավաքելու նպատակով  «Արմենպրես»-ի ստեղծագործական խումբը շարունակում է մարզային այցելությունները:

Պատրաստեցին Տաթևիկ Գրիգորյանը և Անահիտ Մինասյանը

Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի


 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]