1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կինոարվեստի հրաշագործը. մեկնարկել են «Անրի Վերնոյի օրերը Երևանում»

Կինոարվեստի հրաշագործը. մեկնարկել են «Անրի Վերնոյի օրերը Երևանում»

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռեժիսոր Անրի Վերնոյի ավանդը և արվեստը գնահատողները մի քանի օր շարունակ հնարավորություն կունենան մասնակցել անվանի մտավորականին նվիրված միջոցառումներին: Ապրիլի 2-ին Երևանի կամերային պետական թատրոնում մեկնարկեց «Անրի Վերնոյի օրերը Երևանում» խորագրով միջոցառումներրի շարքը, որը կտևի մինչև ապրիլի 5-ը: Գրքի շնորհանդես, փողոցի, կինոդահլիճի բացման արարողություններ, ֆիլմերի ցուցադրություններ… Վերնոյին նվիրված այս միջոցառումները հարգանքի տուրք են անվանի արվեստագետին:

Ապրիլի 2-ին տեղի ունեցավ Վերնոյի «Մայրիկ» վերահրատարակված գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արվեստագետի որդին` Պատրիկ Մալաքյանը, բազմաթիվ արվեստասերներ: «Այս գիրքը, այնուհետև նաև ֆիլմը իմ պարտքն էր մորս հանդեպ: Ես հորս խոստացել էի, որ կպատմեմ մորս մասին: Սա հոգու պարտքն է»,- իր գործի մասին ասել է Անրի Վերնոյը:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անետա Երզնկյանը Վերնոյին բնորոշեց որպես կինոարվեստի հրաշագործ: «Անրի Վերնոյը նկարահանել է 42 ֆիլմ, մի շարք ֆիլմերում հանդես է եկել որպես դերասան, պրոդյուսեր: «Մայրիկ» գիրքը վերահրատարկվել է և նվիրված է Հայոց ցեղասպանության տարելիցին: Ինքը` Վերնոյն ասում էր, որ դա իր հոգու պարտքն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Անետա Երզնկյանը:

Գիրքը ֆրանսերենից թարգմանելէ Սոֆիկ Ավագյանը: Հայերեն տարբերակը հրատարակվել  է 1988 թվականին՝ ԱՄՆ-ում, վերահրատարակվել` 2015 թվականին Երևանում:

Պատրիկ Մալաքյանը հայտնեց, որ շուտով Հայաստան կժամանի նաև Վերնոյի դուստրը:  

«Այս գրքի շնորհիվ աշխարհում շատ համայնքներ գտան իրար: Հայրս հրավիրվել էր մի հաղորդման, որտեղ պիտի իր կյանքից պատմություն պատմեր, և նա ներկայացրեց այն սերը, որ տածում էր իր մոր և մորաքույրների հանդեպ: Մեկ շաբաթ անց նրան զանգահարում են, և ասում, որ հաղորդումից հետո նամակ են ստացել և ցանկանում են այն ուղարկել իրեն: Պարզվեց, որ նա այնքա՜ն նամակներ էր ստացել, որոնց մեջ գրված էր, որ շատերն այդ հաղորդումը դիտելուց հետո զանգահարել են և ասել իրենց մայրիկին, որ սիրում են նրան: Հետո նա գրեց «Մայրիկը». գիրքն ունեցավ մեծ հաջողություն»,- ընդգծեց Պատրիկ Մալաքյանը:

Նա կարևորեց Անրի Վենոյին նվիրված միջոցառումների անցկացումը: «Հայրս ինձ չի պատկանում. նա ձեզ է պատկանում: Ես շատ եմ զայրանում, որ նա ինձ այդպես էլ հայերեն չսովորեցրեց»,- հավելեց Մալաքյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ մշակույթի նախարարությանը միջոցառումների անցկացման համար:

Ապրիլի 4-ին Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի հարակից փողոցը հանդիսավորությամբ կկոչվի Անրի Վերնոյի անունով, որտեղ կբացվի նաև ֆրանսահայ կինոգործչի հուշաքարը: Նույն օրը ԵԹԿՊԻ երկրորդ հարկում կբացվի Անրի Վերնոյի անվան կինոսրահը, այնուհետև կանցկացվի Վերնոյին նվիրված հուշ-երեկո. կներկայացվեն արվեստագետի կենսագրությունից դրվագներ: Ապրիլի 5-ին էլ «Համազգային» թատրոնում  կցուցադրվեն Վերնոյի ֆիլմերը:

Կինոռեժիսոր Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) ծնվել է Թուրքիայի Ռոդոսթո քաղաքում 1920թ.-ին: 1924թ. ծնողների հետ տեղափոխվել է Ֆրանսիայի Մարսել քաղաք` միանալով Մեծ եղեռնից մազապուրծ հազարավոր հայ ընտանիքներին: Էքս ան Պրովանսի ֆրանսիական լիցեյն ավարտելուց հետո, անցել է լրագրողական գործունեության: 1945թ.-ին Անրի Վեռնոյ կեղծանունով Հայ Դատի վերաբերյալ հոդվածաշար է հրապարակել «Մարսելյեզ» թերթում: 1947թ.-ից անցել է կինոյի ոլորտ: Նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր հռչակավոր կատակերգու Ֆեռնանդելի մասնակցությամբ: 1951թ. ասպարեզ է հանել իր առաջին` «Մեռածների սեղան» լիամետրաժ խաղարկային ֆիլմը, որի շնորհիվ դասվել է Ֆրանսիայի լավագույն կինեմատոգրաֆիստների շարքը: Հոլիվուդը պայմանագրեր է կնքել նրա հետ: Ժան Գաբենի, Ալեն Դելոնի, Ժան-Պոլ Բելմոնդոյի, Օմար Շարիֆի և այլոց համագործակցությամբ ավելի քան 40 կինոնկար է նկարահանել: 1980թ.-ին այցելել է Հայաստան: 1996թ.-ին արժանացել է «Սեզար» մրցանակի: Կյանքի վերջին տարիներին նկարահանել է «Մայրիկ» և «Պարադի փողոց, թիվ 588» լիամետրաժ ֆիլմերը, որոնցում արտացոլել է իր մանկության և պատանեկության տարիները, հայերի չարչարանքները: Մահացել է Ֆրանսիայի Բանյոլե քաղաքում 2002թ.-ին:

Անրի Վերնոյի «Մայրիկ» վերահրատարակված գրքի շնորհանդեսը: Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]