Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ականատեսը». Հայ երիտասարդներին ապրելու ու զորանալու մաղթանքով` 105- ամյա Արաքսի Ենգոյան

«Ականատեսը».  Հայ երիտասարդներին ապրելու ու զորանալու  մաղթանքով` 105-
ամյա  Արաքսի Ենգոյան

ԱՐԱՄՈՒՍ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե անգամ ժամանակը կարողանում է փոխել մարդկանց դիմագծերը`ընդգծելով ծերությունը, ապա այն անկարող է թաքցնել հենց առաջին հայացքից մատնող բարությունը, որն ամենից լավ է բնութագրում 1910 թ. Կարսում ծնված Արաքսի Ենգոյանին: Կոտայքի մարզի ամենատարեց բնակիչներից մեկի` Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածի հայրենիքը Կարսն է:

«Թուրքիայից է գաղթել, Ղարսից, գյուղի անունը չեմ հիշում: Սկզբում եկել են Բեզաքլու գյուղ, որն այժմ կոչվում է Սարանիստ, ապա գնացել Գեղաշեն, այնտեղից էլ Արամուս»,- սկեսրոջ ընտանիքի պատմությունը մեզ է ներկայացնում հարսը` Աիդան, ով գաղթի մասին առավել շատ լսել է Արաքսիի ամուսնու` Խաչիկի պատմածներից:

Պատմական հայրենիքի հետ մեր հերոսուհուն կապել են ոչ այնքան հիշողությունները, որքան հանդիպումը ամուսնու` նույնպես ղարսեցի Խաչիկի հետ, ով հայտնվել էր Գյումրիի ամերիկյան որբանոցում: Արաքսին գաղթել է Արևելյան Հայաստան ծնողների հետ, քույրեր կամ եղբայրներն չի ունեցել:

Պատմական տեղեկանք

Կարսում են ծնվել հայ մշակույթի ու գիտության մի շարք երախտավորներ, այդ թվում՝ բանաստեղծ Եղիշե Չարենցը: Կարսը (կոչվել է նաեւ Կարուցբերդ, Կարուց քաղաք, Վանանդ, Ղարս եւ այլն) Ախուրյանի աջակողմյան վտակ Կարս գետի ափին է՝ բլուրներով շրջապատված բարեբեր դաշտում: 1918 թ-ի ապրիլի 25-ին Անդրկովկասյան սեյմը լավ զինված կայազոր ունեցող Կարսն առանց կռվի հանձնել է թուրքերին. 1919 թ-ի մայիսին քաղաքն անցել է Հայաստանի առաջին հանրապետությանը (1918–1920 թթ.): Կարճ ժամանակամիջոցում վերադարձել են բազմաթիվ հայեր, սակայն 1920 թ-ի հոկտեմբերի 30-ին քեմալական զորքերը, կրկին առանց դիմադրության, գրավել են Կարսը եւ կոտորել 8 հազար հայի: 1921 թ-ի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով Կարսը հանձնվել է Թուրքիային: 2010 թ. դրությամբ 65 հազար բնակիչ (հիմնականում՝ քրդեր և թուրքեր) ունեցող գավառական քաղաք է, Թուրքիայի համանուն վիլայեթի վարչական կենտրոնը: Կարսի պատմաճարտարապետական հուշարձաններից ամենաարժեքավորը Մայր եկեղեցին է (X դար): Հայտնի էին նաեւ հայկական Սբ Նշան, Սբ Աստվածածին, Սբ Գրիգոր, Սբ Մարիամ, Սբ Առաքելոց, ինչպես եւ Միքայել Հրեշտակապետի ռուսական և Սբ Գևորգ հունական եկեղեցիները, Կարսի բերդը, Կարս գետի քարաշեն 3 կամուրջները և այլ շինություններ:

Տարեց կինը չորս տարի առաջ կորցրել է միակ որդուն, այժմ ապրում է նրա կնոջ, երեխաների ու թոռների հետ:

Գաղթի մասին հազվադեպ հիշելիս երգել է «Արազն անցա էն կուռը» երգը, որը ևս մեկ անգամ կատարելու առաջարկը մերժեց` «Դու երգի»,- փոխարենը առաջարկելով:

Արդեն յոթ տարի է ականատես-վերապրածը անկողնային է, տարիներ առաջ ջարդել էր ոտքը, որից հետո չվերականգնվեց: Նախքան առողջական խնդիրներն ակտիվ զբաղվում էր կենցաղային գործերով:

«Այնքան լավ բնավորություն ունի, բարի է, խելոք, խեղճ, վերին աստիճանի աշխատող»,- հավաստիացնում է Աիդան:

Աշխատասիրությամբ աչքի ընկնող կինը, հարսի խոսքով` ոչ միայն երբևէ վատություն չի արել որևէ մեկին, այլև որևէ վատ խոսքի չի արժանացրել: Նա աշխատել է գյուղի կոլխոզում: Ողջ կյանքում հպարտորեն հիշել է Մոսկվա այցելությունը:

«Բրիգադիրը որպես առատաջար աշխատողի ևս երկուսի հետ իրեն տարել է Մոսկվա: Տարիքի համեմատ կոլխոզի ժողովուրդը զարմացել է իր աշխատասիրության վրա, միշտ ասել են, գաղթած է, դրա համար իր բնավորությունը լրիվ ուրիշ է»,- մեջբերում է հարսը` հավելելով, որ Արամուսում իր սկեսուրը վայելում է համագյուղացիների հարգանքը:

«Սուրճ բացարձակ չի խմում, շատ ժամանակ առաջ կոլխոզում էր փորձել սուրճի համը, վատացել էր, այնուհետև առհասարակ չի խմում, յուղոտ բաներ չի սիրում, մսեղեն նույնպես, փոխարենը նախընտրում է թոնրի թարմ լավաշ»,- պատմում է հարսը, ով լավ է հիշում սկեսրոջ պատրաստած դդումով ճաշերի համը:

Զրույցին կիսաբաց աչքերով հետևող Արաքսին միայն վերջում համաձայնեց մի քանի խոսք ուղղել երիտասարդներին:

«Ուրախության գնան, ուրախ սրտով, առողջություն և երկար կյանք, ապրեք և զորանաք»,- ընդգծում է տարեց կինը, ով վաղ առավոտից օրհնում է ոչ միայն ընտանիքի անդամներին, այլև բոլորին:

Այս ընտանիքում ավանդույթ է առաջինը բարևել ավագ տատին, ուտելիքի առաջին բաժինն առանձնացնել հնեց նրա համար:

«Իմ հարսը նրան շատ է հարգում, խնամում քաղցր լեզվի, լավ վերաբերմունքի համար»,- նկատում է Աիդան:

Ենգոյանների տան բակում կանգուն է ավելի քան հիսուն տարվա պատմություն ունեցող, ինչպես իրենք են անվանում «Շեկ մատուռը», որը գործում է Սուրբ Հակոբ եկեղեցու հարևանությամբ: Ընտանիքի անդամների կողմից կառուցված այս հոգևոր շինությունը գյուղաբնակների համար փոքրիկ աղոթատեղի է, ուր կարող են այցելել նաև բոլոր ցանկացողները: Տարիներ առաջ, Արաքսին անձամբ է զբաղվել մատուռի մաքրման, բարեկարգման աշխատանքներով: Շատերի նման նա ունի սոցիալական աջակցության, ուշադրության կարիք:

Շուրջ երկու տարվա կենսագրություն ունեցող «Ականատեսը» հատուկ նախագիծը ընթերցողի դատին է ներկայացնում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության՝ Հայաստանի տարածքում բնակվող վերջին կենդանի վկաների հիշողությունները: Ականատես-վերապրածների պատմությունների հետքերով «Արմենպրես»-ի ստեղծագործական խումբը շարունակում է մարզային այցելությունները:

Պատրաստեցին Տաթևիկ Գրիգորյանը և Անի Նազարյանը

Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]