Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Ուսումնասիրվում է երիտասարդական դրամաշնորհային ծրագրերի արդյունավետությունը


ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործող երիտասարդական կամ երիտասարդության ծրագրերում ներգրավված հասարակական կազմակերպությունների  ընդհանուր ֆինանսավորման աղբյուրների 71,9%-ը միջազգային են, 19,1%-ը` պետական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին վկայում է մարտի 24-ին  Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից իրականացված «Երիտասարդական կազմակերպությունների քարտեզագրում և պետության կողմից ֆինանսավորվող երիտասարդական դրամաշնորհային ծրագրերի արդյունավետության գնահատում» հետազոտությունը:

«Ուսումնասիրությունը կատարվել է 2014 թ., և, հարցմանը մասնակից կազմակերպությունների հավաստմամբ, 2013 թ. 31,4%-ն  ունեցել է 0-ական բյուջե: Ցավոք, 82 կազմակերպություն չցանկացան պատասխանել այս հարցին: Հասարակական կազմակերպությունները ներկա պահին պարտավորված չեն հրապարակելու իրենց բյուջեն, ի տարբերություն հիմնադրամների, որոնք պարտավորված են ներկայացնելու հաշվետվություններ, սակայն ես կողմ եմ, որպեսզի դրամաշնորհներով աշխատող ՀԿ-ները նույնպես հրապարակեն իրենց հաշվետվությունները, քանի որ իրենք այդ գումարներն ստանում են հասարակությունից և պատասխանատու են վերջինիս առջև», - նկատեց հետազոտության ուսումնասիրության վերլուծաբան Տաթևիկ Մարգարյանը:

Հարցմանը մասնակցած ՀԿ-ների 53,2%-ի ներկայացուցիչները նշել են, որ ունեն ֆինանսական աջակցության անհրաժեշտություն:

«Մեր իրականության մեջ առաջին անգամ ձեռնարկվում է հանրապետությունում գործող երիտասարդական կամ երիտասարդության ծրագրերում ներգրավված հասարակական կազմակերպությունների ուսումնասիրություն: Խնդիր ունենք հստակորեն գույքագրելու այն, ինչ ունենք այս պահին, որովհետև որպես պետական լիազոր մարմին կարևորում ենք եղած սակավ միջոցների տրամադրումը ՀԿ-ներին. արդյոք ճի՞շտ ենք վարվում, արդյոք մեր ծրագրերը նպատակայի՞ն են», - նշեց ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

Նախարարի տեղակալը հավելեց, որ ուսումնասիրությունը արդյունավետության գնահատման փորձ էր, որի հիման վրա առաջիկայում կկատարվի փոփոխություն դրամաշնորհային քաղաքականության մեջ: Ուսումնասիրությունը նախարարությանը հնարավորություն է տալու հասկանալու, թե ո՞ր դրամաշնորհները և դրանք ստացած կազմակերպություններն են գործել արդյունավետ, որոնք հնարավորություն ունեն զարգացնելու իրենց արդյունավետությունը, և որո՞նք են անհույս վիճակում:

«Երիտասարդական կազմակերպությունների քարտեզագրում և պետության կողմից ֆինանսավորվող երիտասարդական դրամաշնորհային ծրագրերի արդյունավետության գնահատում» հետազոտությունն իրականացվել է Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի աջակցությամբ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ