Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանությունը հավերժ կմնա համաշխարհային արխիվամատյանի մեջ. ՌԴ պետական արխիվի փոխտնօրեն

Հայոց ցեղասպանությունը հավերժ կմնա համաշխարհային արխիվամատյանի 
մեջ. ՌԴ պետական արխիվի փոխտնօրեն

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում մարտի 19-ին տեղի է ունեցել «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. Վերապրածների վկայություններ. փաստաթղթերի ժողովածու» խորագրով գրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ Դաշնային խորհրդի անդամներ Ի. Չերնիշենկոն և Ժ. Իվանովան, ՌԴ Պետական դումայի պատգամավորներ Ի. Ֆախրիտդինովը և Օ. Արշբայը, ՌԴ ԱԳՆ ԱՊՀ 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ա. Գրոմիկոն, ՌԴ Հանրային խորհրդի անդամ Կ. Զատուլինը, ռուսաստանյան հասարակական և գիտական բնագավառների և Մոսկվայի հայ համայնքային կառույցների ղեկավարներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ: Աշխատության ռուսերեն տարբերակը հրատարակվել է «ՎԱՆ» հասարակական կազմակերպության աջակցությամբ:

Դեսպան Եսայանն իր ողջույնի խոսքում դեսպանության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի անունից շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին՝ միջոցառմանը մասնակցելու և վերոնշյալ հանձնաժողովի աշխատանքներին նպատակային աջակցություն ցուցաբերելու համար: «Այսօր այս դահլիճում ներկա են Ռուսաստանի պետական, քաղաքական ու հասարակական բնագավառների անվանի ներկայացուցիչներ, նրանց թվում՝ ՌԴ Դաշնային խորհրդի հարգարժան անդամներ և Պետական դումայի բարեկամ պատգամավորներ, ռուսաստանյան քաղաքական կառույցների հայտնի ղեկավարներ և հասարակական, գիտական և մշակույթի ոլորտի անվանի գործիչներ, ովքեր, լինելով ներգրավված տարաբնույթ հանձնաժողովներում, իրենց մասնագիտական գործունեությամբ նպաստում են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցային հարաբերությունների առավել խորացմանն ու շարունակ աջակցություն ցուցաբերում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին»,-ընդգծել է դեսպանը:

ՌԴ-ում ՀՀ դեսպանն իր խոսքում կարևորել է նաև ներկայացված աշխատության ռուսերեն տարբերակի հրատարակման նշանակությունը՝ նկատելով, որ այն կծառայի ռուսաստանյան հասարակության շրջանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

Գրքի հեղինակ, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշել է, որ ներկայացված ռուսերեն հրատարակությունը համալրեց հայերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով նշյալ աշխատության թարգմանությունների ցանկը, ինչն առանցքային կարևորություն է ձեռք բերում Ցեղասպանության անհերքելի փաստերին միջազգային հանրությանը ծանոթացնելու գործում:

ՌԴ պետական արխիվի տնօրենի տեղակալ Լարիսա Ռոգովայան, հանդես գալով ներկաների առջև, նշել է, որ Հայոց ցեղասպանությունը պատմական այն ողբերգական էջերից է, որը հավերժ կմնա միջազգային հանրության հիշողության և համաշխարհային արխիվամատյանի մեջ: «Եվ փորձը ցույց է տալիս, որ այսպիսի ուսումնասիրությունները, ինչպիսին է Հայաստանի ազգային արխիվի կողմից պատրաստված աշխատությունը, ունեն հսկայական ազդեցություն նման արհավիրքների միջազգային ճանաչման և դատապարտման գործում», - նկատել է Լարիսա Ռոգովայան՝ շեշտելով ներկայացված աշխատության հասարակագիտական և պատմագիտական բացառիկ նշանակությունը:

ՌԴ Դաշնային խորհրդի և հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Իգոր Չերնիշենկոն իր ելույթում ընդգծել է, որ 2015թ. միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է երկու դարակազմիկ իրադարձության՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ու Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձի վրա: Ըստ նրա՝ այս երկու կարևոր իրադարձությունները միավորում են հայ և ռուս ժողովուրդներին՝ պատմական արդարության վերականգնման և մարդկության հանդեպ ոճրագործությունների դեմ ուղղված պայքարում: «Հայտնի է, որ տասը տարի առաջ Ռուսաստանի խորհրդարանն ընդունեց հայտարարություն՝ քննադատելով Ցեղասպանությունը որպես մարդկության հանդեպ ծանրագույն հանցագործություն: Մենք պատրաստակամ ենք շարունակ ջանքեր գործադրել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Հայոց ցեղասպանության ամբողջական միջազգային ճանաչման գործընթացը պահանջում է հաջորդիվ քայլերի իրականացում, և այս հարցում մենք պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»,-հայտնել է Իգոր Չերնիշենկոն:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև ռուսաստանյան «Պատմական հեռանկարներ» հիմնադրամի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Նատալյա Նարոչնիցկայան, Սևծովյան և կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Վիկտոր Նադեին-Ռաևսկին, քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սվարանցը, «ՎԱՆ» հասարակական կազմակերպության հիմնադիր Գագիկ Մելիքյանը և այլք:

Բանախոսներն իրենց ելույթներում վկայակոչել են անհերքելի փաստեր՝ Օսմանյան կայսրությունում հակահայկական քաղաքականության և իրագործված ցեղասպանության մասին, կարևորեցին ներկայացված փաստագրական նյութերի ժողովածուի ռուսերեն հրատարակության արդիականությունը մերժողական քաղաքականության և հաճախակի հանդիպող ապատեղեկատվության, պատմության վերատպման և աղավաղման դեմ պայքարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]