Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս 2022

Սանկտ Պետերբուրգում Ֆրանկոֆոնիայի տոնին նվիրված միջոցառում է կայացել

Սանկտ Պետերբուրգում Ֆրանկոֆոնիայի տոնին նվիրված միջոցառում է կայացել

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Բելգիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Շվեցարիայի գլխավոր հյուպատոսությունների և Սանկտ Պետերբուրգում Ֆրանսիական ինստիտուտի նախաձեռնությամբ հայկական մշակութային կենտրոնում մարտի 12-ին կայացել է միջոցառում՝ նվիրված Սանկտ Պետերբուրգում Ֆրանկոֆոնիայի տոնին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև երկկողմ հարաբերություններն ու համագործակցության ծրագրերը:

ՀՀ գլխավոր հյուպատոսը նշել է, որ 2012թ.-ից Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ լիիրավ անդամ և ակտիվորեն մասնակցում է կազմակերպության բոլոր միջոցառումներին: Հրայր Կարապետյանը շեշտել է, որ ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է կազմակերպության գագաթաժողովին, որտեղ ընդունվել է բանաձև` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին սատարելու մասին: ՀՀ գլխավոր հյուպատոսն ընդգծել է նաև, որ Հայաստանի դպրոցներում և բուհերում մեծ ուշադրություն է դարձվում ֆրանսերենի ուսուցմանը և ֆրանսերեն լեզվի ուսուցիչների կատարելագործման խնդիրներին:

Այնուհետև ելույթ են ունեցել Սանկտ Պետերբուրգում Շվեցիարիայի, Ֆրանսիայի, Հունաստանի և Բուլղարիայի գլխավոր հյուպատոսները, որոնք, մասնավորապես, իրենց շնորհակալությունն են հայտնել ՀՀ գլխավոր հյուպատոսին` միջոցառման կազմակերպման գործում ներդրած մեծ ջանքերի համար, ինչպես նաև ներկայացրել են իրենց երկրների` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ 2015թ. անցկացվելիք ծրագրերը, որոնց մեջ ընդգրկված են կինոփառատոններ, դասական և ժամանակակից երաժշտության համերգներ, ֆրանսերենի մրցույթներ, գիտաժողովներ և թատերական բեմադրություններ:

Հանդիպման վերջում բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]