1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Համահայկական խաղերի մասնակիցներն այս տարի միակամ են լինելու պահանջատիրության հարցում

Համահայկական խաղերի մասնակիցներն այս տարի միակամ են լինելու 
պահանջատիրության հարցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական մարզական տարին լեցուն է միջազգային մրցաշարերով և, որ ամենակարևորներից է, այս տարի մայր հայրենիքում արդեն 6-րդ անգամ կկայանան Համահայկական ամառային խաղերը: Աշխարհի տարբեր ծայրերից մարզական նույն հարկի տակ կհավաքվեն պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ մարզիկներ` ևս մեկ անգամ միմյանց հետ կապելով Հայաստանը, Արցախը և Սփյուռքը: 

«Ահավասիկ, 6-րդ խաղերի շեմին ենք գտնվում, և հպարտությամբ կարելի է ասել, որ նախկին հինգ Խաղերի ընթացքում մասնակից քաղաքների և թիմերի թվի շարունակական աճը, մարզաձևերի  ավելացումը (այս տարի` 17 մարզաձեւ), գրանցված մարզական արդյունքները, բոլոր մասնակիցների մեջ առաջացած անբացատրելի եռանդն ու ոգեւորությունը մեծապես ամրապնդեցին մեկ ազգի, մեկ նպատակի, մեկ համոզմունքի և մեկ տեսլականի գաղափարը: Հայ  ժողովուրդի դեմ կատարված Ցեղասպանության 100-րդ տարելիցն այս տարվա խաղերի բոլոր մասնակիցներին կտա ազգային միակամ պահանջատիրության անսասանություն, արմատային խարսխում` մեր զոհերին չմոռնալու ու միշտ իրենց անմեղ հիշատակը վառ պահելու համար: Եվ վերջապես, ամեն մի մասնակից առավել ևս կգա` մեր ազգի թշնամիներին ցույց տալու, թե հայ ժողովուրդը կշարունակի գոյատևել, բազմանալ, հզորանալ և ի վիճակի է տեր կանգնել Հայաստանին, Արցախին և մեր դարավոր իրավունքներին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամ  Սեպուհ Պաղտոյանը (Ավստրիա, Վիեննա):

Համահայկական առաջին ամառային խաղերը կայացել են 1999 թվականին Երևանում: Այդ խաղերին մասնակցել են 1141 մարզիկ: Առաջին խաղերի մասնակից երկրների թիվը կազմել է 23, իսկ մասնակից քաղաքներինը`63:  Մարզաձևերը եղել են 7-ը:

Երկրորդ համահայկականին, որը կայացել է 2001 թվականին, մասնակցել են 1419 մարզիկ: Մասնակից երկրները 27-ն էին, իսկ քաղաքները` 82-ը: Այդ տարի մարզիկները մրցում էին 9 մարզաձևերում:

Երրորդ խաղերը 2003 թվականին էին` Երևանում: Խաղերի մասնակիցների թիվը կազմում էր 1559, ովքեր մրցում էին 10 մարզաձևում: Մասնակից երկրների թիվը 28 էր, իսկ քաղաքներինը` 82:


 «Արդեն պարզ է, որ այս Խաղերը մասնակիցների թվով ամենամեծն են լինելու: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նման մեծ մաշտաբի մարզական խաղեր անցկացնելը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու հայության հարատևությունը, հայի անկոտրում կամքը, հայի՝ հայրենիքի հանդեպ ունեցած սերն ու ապագայում հզոր հայրենիք ունենալու իղձի անդառնալիությունը: Վերջապես, աշխարհասփյուռ հայությունը հավաքվում է հայրենիքում, այլ ոչ թե ինչ-որ այլ երկրում: Հայրենիքում հավաքը նաև խորհրդանշում է երկար տարիներ հայության մեկ այլ ցանկության իրականացման սկիզբը՝ «հայահավաքը», հետո արդեն կմտածենք «հողահավաքի» մասին: Ամեն ինչ իր հերթին և առանց շտապելու: Կարևորը կամքն է, նաև` մարզական»,- ասաց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամ Հարություն Հարությունյանը (Հայաստան, Երևան):


Համահայկական չորրորդ ամառային խաղերը կայացել են 2007 թվականին Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Այդ Խաղերին առանձին թիմեր էին ներկայացրել 94 երկիր և 28 քաղաք: Մարզիկների ընդհանուր  թիվը`1576:

Համահայկական հինգերորդ մարզախաղերը կայացան 2011 թվականին: 3244 մարզիկներ աշխարհի 33 երկրից և 125 քաղաքից մրցեցին 10 մարզաձևում:           

Համահայկական 6-րդ մարզախաղերն այս տարի կանցկացվեն օգոստոսի 2-13-ը:

Վարվառա Հայրապետյան 

Լուսանկարներն «Արմենպրես»-ի արխիվից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]