1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայտնի է «Genealogy» խմբի հինգերորդ մասնակցի անունը. Ավստրալիա աշխարհամաս

Հայտնի է «Genealogy» խմբի հինգերորդ մասնակցի անունը. Ավստրալիա 
աշխարհամաս

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի հինգերորդ մասնակցի անունը հայտնի է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, խմբի 6 մասնակիցներից հինգերորդը օպերային երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանն է. նա ներկայացնում է Ավստրալիա աշխարհամասը: Մերի-Ջինի ապշեցնող եւ բյուրեղի պես մաքուր սոպրանոն լցրել է բազմաթիվ հայտնի օպերային դահլիճներ: Նա հպարտորեն խոստովանում է, որ հայկական արմատներ ունի եւ մոր նվիրվածության արդյունքում ծանոթացել է հայկական երաժշտությանը, ոգեշնչվել Կոմիտասով, ֆլեյտա նվագել սովորել:


Մերի-Ջինն Ավստրալիայի, ԱՄՆ-ի եւ Հունաստանի քաղաքացիություն ունի, այժմ բնակվում է Ուելսում: Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը ծնվել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում: Սովորել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանի արվեստագիտության բաժնում՝ վոկալի ու ֆլեյտայի դասարաններում, իսկ հետագայում նաեւ ստացել հոգեբանության բակալավրի աստիճան:

Նա 2007 թվականին հաղթել է ավստրալական «ABC Symphony» երիտասարդ վոկալիստների մրցույթում, իսկ Սիդնեյում 2008 թվականին աշխարհահռչակ սոպրանո Արաքս Մանսուրյանի ղեկավարությամբ երգեցողություն սովորելով՝ Մերի -Ջինն առաջինն էր, ով արժանացավ հատուկ կրթաթոշակի՝ Քարդիֆի միջազգային ակադեմիայում Դենիս Օ'Նեյլի գլխավորությամբ ուսանելու նպատակով:

Ուսումնառության ընթացքում նա ելույթ է ունեցել Իտալիայի Բարգա քաղաքում, ինչպես նաև Քարդիֆում: Հետագայում տարբեր կատարումներով Մերի-Ջինը ելույթ է ունեցել Լոնդոնի, Ուելսի, Պրահայի, Սիդնեյի եւ այլ ազգային օպերաներում՝ մարմնավորելով գլխավոր դերեր:

2011 թ-ին Մերի-Ջինն առաջին անգամ ելույթ է ունեցել Լոնդոնի Ռոյալ Ալբերտ սրահում, իսկ ահա 2012-ին ներառվել Սուրբ Լուիս օպերային թատրոնի երիտասարդ արտիստների ցանկում: Մերի-Ջինը զբաղեցրել է առաջին տեղը Փարիզի օպերային մրցույթում, ինչպես նաեւ հաղթել՝ «The Mathy» մրցանակաբաշխությունում:

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց մրցույթին ներկայացնել նոր ձեւաչափ: Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը՝ ստեղագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա եւս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձեւավորվող խումբը կկրի «Genealogy» անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն: Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):

Խմբի առաջին մասնակիցը Եվրոպա աշխարհամասը ներկայացնող երգիչ Եսայի Ալթունյանն է (Ֆրանսիա): Եսայի Ալթունյանն իր թովիչ ձայնով գերել է ողջ Եվրոպան: Նա նաև երգահան է, դաշնակահար և դերասան: Եսայիի համար երաժշտությունը մարդկանց և նրանց սրտերը միավորելու միջոց է, համամարդկային լեզու, խաղաղության կոչ, որն ուրախությամբ է լցնում մարդկանց սրտերն ու հոգիները: Խմբի երկրորդ մասնակիցը՝ անկեղծ ու մեղեդային Թամար Կապրելյանն իր ունկնդիրներին երաժշտության միջոցով մտովի տեղափոխում է օվկիանոսների և ճանապարհների վրայով՝ դարձնելով մարդկային հարաբերություններն առավել մտերմիկ: Թամարը ամերիկահայ երգչուհի է և երգահան, ով բնակվում է Նյու Յորքում, և ներկայացնում Ամերիկա աշխարհամասը: Վառ կերպարով եւ եռանդուն բնույթով փորձառու երգիչ ու երաժշտագետ Վահե Թիլբյանը ճանաչված արվեստագետ է և խմբի երրորդ անդամն է: Վահեն հայտնի է իր յուրօրինակ երաժշտական ոճով՝ ռոքից տեխնո, ռեգիից R&B, հայկականից եթովպական եւ լատինական երաժշտություն: Մշակութային այս խառնուրդն արտացոլում է Վահեի անհատականությունն ու առանձնացնում է նրան որպես բացառիկ արվեստագետ և պարող: Խմբի չորրորդ մասնակիցը ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանն է. նա ներկայացնում է Ասիա աշխարհամասը: Ստեֆանի Թոփալյանի մոգական տաղանդն ու ձայնային լայն դիապազոնը Ճապոնիայում արդեն հազարավոր սրտեր են գերել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]