Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵԺԿ-ն քայլ կատարեց ցեղասպանության ժխտողականության դեմ. Արտակ Զաքարյան

ԵԺԿ-ն քայլ կատարեց ցեղասպանության ժխտողականության դեմ. Արտակ 
Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ելույթ է ունեցել ԵԺԿ քաղաքական խորհրդի նիստում «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևի նախագծի քննարկման ժամանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմից, Արտակ Զաքարյանն իր ելույթում ասել է.

«Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ երախտիքս հայտնել Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում նմանօրինակ բանաձևի հնարավորության համար:

Մենք բարձր ենք գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում բոլոր պետությունների և միջազգային կառույցների, կուսակցությունների և կրոնական ու հասարակական կազմակերպությունների քաղաքական խիզախությունն ու կայուն կամքի դրսևորումը:

Այս բանաձևը ևս մի քայլ կարող է լինել` ուղղված ցեղասպանական հանցագործության ժխտողականության դեմ, պատվար` նոր ոճրագործ մտահաղացումների չեզոքացման համար:

2015 թվականին ՀՀ-ն իր արտաքին քաղաքականության համար ուղենիշ է սահմանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման նոր փուլի մեկնարկը: Այսպիսի քաղաքականությունը ինքնանպատակ չէ` ուղղված միմիայն սեփական ցավի ամոքմանը:

Մենք գիտակցում ենք, որ ցեղասպանություն վերապրած ժողովուրդը, ով վերջին հարյուրամյակի ընթացքում դրսևորել է վերածնվելու ու ազգային գիտակցությունը վերարժևորելու աննկարագրելի ջանքեր, ունի նաև իր անելիքը նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում: Ոճիրի ճանաչմանն ու դատապարտմանը հասնելու միջոցով մենք պարտական ենք վերհիշել ու հիշեցնել, դատապարտել ու քննադատել: Մեր խորհրդարանի օրակարգում են արդեն ցեղասպանության ճանաչման մի շարք նախագծեր: Յուրաքանչյուր ցեղասպանական հանցագործություն մարդկային դաժանության դրսևորում է` ծնված անպատժելիության զգացումի ուժով:

Մենք դիտարկում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը որպես կարևոր հանգրվան պատմական արդարության համար մղվող պայքարում և «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շարունակելու ենք այս գործընթացը:

Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի սկիզբը նախանշվել է դեռևս 1915 թվականին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի համատեղ հռչակագրով, ուր պատմության մեջ առաջին անգամ կիրառվել է «մարդկության դեմ հանցագործություն» եզրույթը: Դրանից հետո մինչ օրս բազմաբնույթ փաստաթղթեր են ընդունվել տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

Դատապարտող ցանկացած բանաձև, քննադատական յուրաքանչյուր խոսք ու խորհրդարանական որոշում յուրահատուկ վերաբերմունք են եղել թուրքական մերժողականության դեմ, ապացույց, որ պատմական արդարության վերականգնումն անխուսափելի է: Սակայն, որքան էլ ցավալի է, Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին մենք դեռ պայքարում ենք թուրքական մերժողականության դեմ: Շուրջ 100 տարի է, ինչ մի ամբողջ ժողովրդի պատմական հիշողություն ոտնահարված է: Միջազգային հարթակներում թուրքական պաշտոնական լոբբին ջանքեր չի խնայում խեղաթյուրելու պատմական արդարությունը: Թուրքիան չի գիտակցում, որ Հայոց ցեղասպանության մերժումը և պատմական ճշմարտության կոծկումը առաջին հերթին սպառնում է հենց իրեն` Թուրքիային` ժողովրդավար դառնալու իր ուղին ավելի դյուրին դարձնելու գործում:

Մենք, ամենաբարձր մակարդակով, կոչ ենք արել Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմությանն ու հիշողությանը:

Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: Այս համոզմունքից ելնելով` մենք մշակելու ենք մեր հետագա անելիքները: Մեզ համար առաջնախնդիր է ցեղասպանության ճանաչումը վեր հանել որպես կարևոր քայլ` մարդասիրական նկատառումներից ելնելով:

Մեկ անգամ ևս ցանկանում եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայի հարգարժան բարեկամներին երախտիքս հայտնել Համաշխարհային քաղաքականության բազմազբաղ օրակարգում Հայոց ցեղասպանության եղելությունը լսելի դարձնելու, մեր ժողովրդի ցավը կիսելու համար:

Մեր մասով, մենք միշտ հրատապ ենք պահելու «Ճանաչի´ր և դատապարտի´ր, որ չկրկնես» բանաձևը:

Շնորհակալություն ուշադրության համար»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]