Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարկերի տոկոսադրույքների աճը կզսպվի. վստահեցնում է Կենտրոնական բանկը

Վարկերի տոկոսադրույքների աճը կզսպվի. վստահեցնում է Կենտրոնական 
բանկը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսական համակարգում բնականոն իրավիճակին վերադառնալուն զուգահեռ՝ բանկերը կճշգրտեն իրենց վարկային քաղաքականությունը, և դրամային վարկավորման գործընթացը կաշխուժանա:

Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին Հայաստանի Կենտրոնական բանկից:  Հարցին, թե ինչպես է ԿԲ-ն գնահատում բանկերի այն գործելաոճը, որ վերջիններս պակասեցրել են դրամային վարկերի տրամադրումը և հաճախ խուսափում են հայկական արժույթով վարկեր տրամադրել, Հայաստանի գլխավոր դրամատունը հատնում է, որ տնտեսությունում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում առևտրային բանկերը պետք է վերագնահատեին իրենց ռիսկերը՝ դառնալով առավել պահպանողական: «Այս զարգացումները որոշակիորեն դանդաղեցրել են հատկապես դրամային վարկավորման գործընթացը: Սակայն ԿԲ գործողություններն ուղղված են դրամավարկային պայմաների թուլացմանը. փուլ առ փուլ նվազեցվում են լոմբարդային ռեպո տոկոսադրույքը և արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման դրույքը, ինչպես նաև ավելացվում են առևտրային բանկերին տրամադրվող իրացվելիության ծավալները: Այս գործողությունները կկրեն շարունակական բնույթ, իսկ բնականոն իրավիճակին վերադառնալուն զուգահեռ՝ բանկերը կշարունակեն ճշգրտել իրենց վարկային քաղաքականությունը ռիսկերի կառավարման շրջանակներում (օրինակ՝ առավել երկարաժամկետ գործիքների առաջարկի ընդլայնում` նվազեցնելով վերջինների վարկային ռիսկը), և դրամային վարկավորման գործընթացը կաշխուժանա»,- պատասխանեցին Կենտրոնական բանկից:

Անդրադառնալով դրամային վարկերի տոկոսադրույքների աճին, գլխավոր դրամատունը հայտնում է, որ իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնք կչեզոքացնեն դրամային տոկոսադրույքների աճի պոտենցիալը: «Դրամավարկային քաղաքականության շրջանակում Կենտրոնական բանկի վերջին գործողությունները չեն հանգեցրել արտարժույթային վարկերի տոկոսադրույքների աճի, սակայն հասկանալի է, որ դրանք որոշակի լագով ազդեցություն կունենան դրամային միջոցների տոկոսադրույքների վրա: Սակայն  ներկայում ԿԲ կողմից կարճաժամկետ տոկոսադրույքների նվազեցմանը զուգահեռ՝իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնք կչեզոքացնեն դրամային տոկոսադրույքների աճի պոտենցիալը»,- նշեցին ԿԲ-ից:

«Բացի այդ՝ վերջերս Կենտրոնական բանկի կողմից բանկային կարգավորման դաշտում իրականացվել են որոշ փոփոխություններ, որոնք նույնպես կչեզոքացնեն դրամային տոկոսադրույքների աճի պոտենցիալը, մասնավորապես, արդյունքում կնվազեցվեն արտահանողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները, ինչպես նաև՝ 2015թ. մարտի 1-ից բանկերի համար երկարաժամկետ միջոցների ներգրավման ծախսերը: Այս միջոցառումների արդյունքում կաշխուժանա ցածր տոկոսադրույքներով երկարաժամկետ վարկավորումը»,- վստահեցնում են գլխավոր դրամատնից:

 Անդրադառնալով բանկերի  կապիտալի նվազագույն շեմի բարձրացման խնդրին` Կենտրոնական բանկից հայտնում են, որ առևտրային բանկերը կարող են կապիտալ համալրել միայն սեփական միջոցների և  շահույթի հաշվին: «Այս միջոցներով առևտրային բանկերը մեծացնում են վարկավորման ծավալներըանտեղի է մտածել, որ բանկերը կարող են կապիտալ համալրել ներգրավված միջոցների հաշվին: Ընդ որում, քանի որ կապիտալը համալրվում է դրամով, բանկերի սեփականատերերի սեփական միջոցներից կապիտալի համալրման արդյունքում բանկերը կսկսեն տրամադրել ավելի շատ դրամային վարկեր»,- նշեցին մեր հարցմանն ի պատասխան: 

2014թ. տարեվերջին արժութային շուկայում ձևավորվել էր մի իրավիճակ, երբ  միջազգային շուկայում տեղ գտած իրադարձությունները, մասնավորապես գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղումը, այդ երկրներից կապիտալ ներհոսքի նվազումը, ինչպես նաև այդ երկրներում ազգային արժույթների թուլացումը հանգեցրին ՀՀ դրամի արժեզրկման ճնշումների՝ բերելով դրամի փոխարժեքի ճշգրտման: Այս իրավիճակում գների և ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը կիրառեց իր գրեթե բոլոր դրամավարկային գործիքները` ներառյալ ներգրավված արտարժութային միջոցների դիմաց դրամով պահուստավորման դրույքի և ԿԲ լոմբարդային ռեպո գործառնությունների տոկոսադրույքի բարձրացում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]