1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ես ցանկանում եմ, որ Հայաստանը հաղթի «Եվրատեսիլ»-ում. Վահե Թիլբյան

Ես ցանկանում եմ, որ Հայաստանը հաղթի «Եվրատեսիլ»-ում. Վահե Թիլբյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթովպահայ սիրված երգիչ Վահե Թիլբյանը հայտնի է իր յուրօրինակ երաժշտական ոճով՝ ռոքից տեխնո, ռեգիից R&B, հայկականից եթովպական եւ լատինական երաժշտություն: Մշակութային այս խառնուրդն արտացոլում է Վահեի անհատականությունն ու առանձնացնում է նրան որպես բացառիկ արվեստագետ: Չնայած Վահեն ծնվել և մեծացել է Եթովպիայում, նրա ծնողները՝ Գարո Թիլբյանն ու Անի Ասլանյանը, ծագումով հայ են: Նրա հայրական կողմի պապը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկված հայերից է, ում ճակատագիրը հիմնովին հաստատել է Եթովպիայում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վահեն պատմել է «Genealogy» խմբի և «Եվրատեսիլ»-ին մասնակցելու, երաժշտության նկատմամբ յուրահատուկ սիրո մասին և այլ հետաքրքիր մանրամասներ:

-Վահե, Դուք այս տարի հայազգի 5 այլ տաղանդավոր երգիչների հետ ներկայացնելու եք Հայաստանը «Եվրատեսիլ» երաժշտական հեղինակավոր 60-րդ մրցույթին: Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար մրցույթը և «Genealogy» խմբի անդամ լինելը:

-Ինձ համար շատ կարեւոր է գիտակցել այն հանգամանքը, որ 5 այլ արտիստների հետ ինձ է նաեւ բախտ վիճակվել ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ»-ին: Ես երբեւէ չէի կարող պատկերացնել, որ մի երգիչ Եթովպիայից, որը գտնվում է այդքան մեծ հեռավորության վրա,  երբեւիցե կունենա նման  հնարավորություն: Սա մի մեծ պարգեւ է, պատիվ ու  ահռելի փորձ, որին ես երբեք չէի սպասում, հենց դրա համար սա ուղղակի աննկարագրելի զգացում է:


- Ի՞նչ սպասելիքներ կան մրցույթից: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է «Don’t deny» («Մի՛ ժխտիր») երգը:

-Իհարկե ես կցանկանամ, որ Հայաստանը հաղթանակ տանի, քանի որ մեր թիմն իսկապես լավ երգիչներից է բաղկացած: Ես սա ասում եմ ոչ միայն նրա համար, որ թիմի մի անդամն եմ, այլ իսկապես այդպես եմ  կարծում... Մեր թիմը շատ լավն է, երգը՝ նույնպես: Բացի այդ մրցույթը ինձ հնարավորություն կտա ձայնս լսելի դարձնել նաեւ ողջ Եվրոպայում, ամբողջ աշխարհում:

-Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ, ինչպե՞ս սիրեցիք երաժշտությունը, պարը:

-Ես  դեռեւս մանուկ հասակից արդեն երգում եւ պարում էի, սակայն չի կարելի ասել, որ ամբողջությամբ դրա մեջ էի.  այդ ժամանակ դա պարզապես հոբբի էր: Երբ ես 10 օրով գնացի Հնդկաստան, որտեղ իմ զարմիկը դժբախտ պատահարից  մահացել էր... Հասկացա, որ կյանքը  շատ կարճ է և մենք պետք է ապրենք և անենք այն, ինչը մեզ կուրախացնի (հուզվում է)… Սա բացասական փորձ է, իհարկե, սակայն այն ցույց է տալիս, որ մենք պետք է առաջ շարժվենք կյանքում:

-Համալսարանում սովորելիս մասնագիտացել եք կենսաբանության մեջ: Աշխատե՞լ եք Ձեր մասնագիտությամբ: Առօրյայում Ձեզ օգնո՞ւմ է մասնագիտությունը:

-Այո, մասնագիտությունս չեմ օգտագործում հիմա: Սակայն համալսարանը շատ կարևոր վայր է, քանի որ  այնտեղ դու սովորում ես ամենակարեւորը՝ ինչպես սովորել:  Քո դիպլոմը  ցույց է տալիս մարդկանց, որ դու գիտես ինչպես սովորել, և ամենևին էլ կարևոր չէ, թե դու ուսումից հետո զբաղվել ես գիտական աշխատանքով, թե ոչ:

-Տիրապետում եք մի քանի լեզվի: Ինչպե՞ս եք ժամանակ գտել և հասցրել սովորել այդ լեզուները:

-Դա հատուկ որոշում չի եղել: Տանը սովորել էի հայերեն, շրջապատը սովորեցրեց եթովպերեն, դպրոցում սկսեցի անգլերեն սովորել: Բացի դրանից մորեղբայրս ամուսնացած է իտալուհու հետ... զարմուհիներիս հետ սկսեցի իտալերեն սովորել:  Երկրորդական  վարժարանում ֆրանսերեն սովորեցի.. Ես շատ եմ սիրում լեզուներ: Հիմա էլ, եթե կարողանամ 5 լեզու սովորել՝ կսովորեմ:


-Բացի «Եվրատեսիլ»-ից ի՞նչ այլ ծրագրեր, նախագծեր ունեք:

-Հիմա իմ ամբողջ ուշադրությունը «Եվրատեսիլ»-ի վրա է: Իմ անձնական ու հետագա   կարիերայի համար ես շատ կցանկանայի ցույց տալ իմ արվեստը թե՛ հայերին, թե՛ դրսում:  Բացի դրանից եթովպական երաժշտությունը ինձ համար եւս շատ կարևոր է: Ես իմ երաժշտությունը կոչում եմ Mixology: Իմ առաջին ձայնասկավառակը հենց այդ անունն է կրում, քանի որ այն ցույց է տալիս իմ երկու կողմը:

-Տեղյակ եմ, որ մտադիր եք թողարկել ևս 2 ձայներիզ, որոնցից մեկը կլինի ամբողջությամբ հայկական, մյուսը՝ եթովպական: Ե՞րբ եք պատրաստվում սկսել աշխատանքները և ի՞նչ ստեղծագործություններ են ընդգրկվելու ձայներիզներում:

-Ժամանակը ցույց կտա… Այժմ ողջ ուշադրությունս «Եվրատեսիլ»-ի վրա է:

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց մրցույթին ներկայացնել նոր ձեւաչափ: Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը՝ ստեղագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա եւս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձեւավորվող խումբը կկրի «Genealogy» անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն: Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):

Ռոզա Գրիգորյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]