Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում Հայաստանին վերաբերող ցուցահանդես է բացվելու

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն»  թանգարանում Հայաստանին վերաբերող 
ցուցահանդես է բացվելու

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում 2017 թվականին հնարավոր է Հայաստանին վերաբերող ցուցահանդես կազմակերպվի: Այս օրերին մեր երկրում են թանգարանի միջնադարյան արվեստի և վանքերի վարչության ներկայացուցիչները, ովքեր քննարկում են հնարավոր ցուցահանդեսի կազմակերպման մանրամասները:

 Մարտի 1-ին «Մետրոպոլիտեն» թանգարանի միջնադարյան արվեստի և վանքերի վարչության պետ Գրիֆիտ Մանը և նույն վարչության բյուզանդական արվեստի համակարգող Հելեն Էվանսն այցելեցին Հայաստանի պատմության թանգարան, շրջեցին մշակութային օջախի տարածքով, դիտեցին առկա ցուցանմուշները:

Շրջայցից հետո «Մետրոպոլիտեն» թանգարանի միջնադարյան արվեստի և վանքերի վարչության բյուզանդական արվեստի համակարգող Հելեն Էվանսը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ շատ հոյակապ էր, սակայն իրենք հատկապես հետաքրքրված են միջնադարյան Հայաստանով:

«Մեր թանգարանում ընդունված է, որ ցուցահանդեսները 3-5  տարի առաջ են քննարկվում, և դառնում որոշակի: Պետք է ասել, որ վերջին տարիներին հայկական արվեստը ներկայացվել է մի շարք ցուցահանդեսներում: Հայկական նմուշները երեք տարբեր ցուցադրությունների մաս են կազմել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հելեն Էվանսը: Նա հույս հայտնեց, որ 2017-ին «Մետրոպոլիտեն»-ում կանցկացվի Հայաստանին վերաբերող ցուցահանդես:

Թանգարանի միջնադարյան արվեստի և վանքերի վարչության պետ Գրիֆիտ Մանը խոստովանեց, որ իր վրա հատկապես մեծ տպավորություն է թողել այն պատմությունը, որը ներկայացվում է առարկաների միջոցով: «Ուզում եմ շնորհավորել իմ գործընկերներին: Ցուցահանդեսները շատ լավ են կազմակերպված և ցուցադրված առարկաները հոյակապ են ու շատ եզակի ինքնություն ունեն»,-նշեց նա:

Ի դեպ, նախորդ տարվանից մինչև 2015 թվականի հունվարը Հայաստանի պատմության թանգարանը մասնակցում էր Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Ասորեստանից մինչև Իբերիա. մայրցամաքների քառուղիներով դասական դարաշրջանի արշալույսին» միջազգային ցուցահանդեսին։ Ցուցահանդեսում ներկայացված էին 300 նմուշ: Իրադարձությանը մասնակցում էին 14 երկրի թանգարաններ: Հայաստանի պատմության թանգարանը ցուցահանդեսին ներկայացրել էր ուրարտական արվեստի ինը բացառիկ նմուշ, որոնք առանձնահատուկ կարևորություն ունեին ցուցադրության համար որպես արժեքավոր վկայություն` հավաստելով հայկական մշակույթի մշտական դերը և նրա ունեցած ազդեցությունը տարածաշրջանի` Ասորեստանի, Արևմտյան Իրանի և խեթական պետությունների արվեստի և մշակույթի համատեքստում:

«Մետրոպոլիտեն» թանգարանի ներկայացուցիչները նշեցին, որ ցուցահանդեսին մեծ թվով այցելուներ են մասնակցել:

Միջնադարյան արվեստի և վանքերի վարչության պետ Գրիֆիտ Մանը վստահեցրեց, որ հայկական ցուցանմուշներն առաջնակարգ տեղ են ունեցել և ցուցադրության հիմնական կետերից՝ խարիսխներից են եղել:

Հելեն Էվանսն էլ հավելեց, որ հայկական առարկաները հատկապես մեծ հետաքրքրություն են առաջացրել: «Իսկ «Էրմիտաժի» ղեկավար Միխայիլ Պյատրովսկին մեծ հետաքրքրությամբ է դիտել հայկական ցուցանմուշները»,-հավելեց նա:

Շրջայցից հետո «Մետրոպոլիտեն»-ի ներկայացուցիչները խորհրդակցություն անցկացրին Հայաստանի պատմության թանգարանում, որպեսզի քննարկեն կազմակերպվելիք ցուցահանդեսի կոնցեպտը և այն, թե ինչ առարկաներ են ներկայացվելու: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]