Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աստղային կյանքի ձգտող գայլին զայրացնելու գինը կամ «Երեք խոզուկների նոր արկածները»

Աստղային կյանքի ձգտող գայլին զայրացնելու գինը կամ «Երեք խոզուկների նոր 
արկածները»

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դժվար գտնվի մի երեխա, ով ծանոթ չէ «Երեք խոզուկների» հեքիաթին: Սակայն, երբևիցե մտածե՞լ ենք, թե ինչու գայլը որոշեց ուտել հենց երեք եղբայր խոզուկներին: Այդ հարցի բավականին օրիգինալ և արդի վարկածներից մեկը ներկայացված է կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի հեղինակած «Երեք խոզուկների նոր արկածները» երաժշտական ներկայացման մեջ: Այն վերջերս համալրել է Պետական կամերային երաժշտական թատրոնի խաղացանկը:

«Ներկայացման խնդիրն էր ցույց տալ, թե ինչու գայլը փորձում էր նմանվել երեք խոզուկներին, ովքեր մեր ժամանակի շոու-աստղեր են: Նա ինքնուրույն կիթառ նվագել էր սովորել, երգ գրել և ազնիվ միտումներ ուներ: Ընդհանուր գաղափարն այն է, թե ինչպես պատահեց, որ գայլը ջղայնացավ և վերադարձավ իր ակունքներին՝ հիշեց, որ ինքը գայլ է և պետք է ուտի այդ երեք խոզուկներին», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վահե Հայրապետյանը:

Սիրված հեքիաթի մոտիվներով հեքիաթ-մյուզիքլային ներկայացումը ստեղծված է դասական և ժամանակակից երաժշտական չափանիշներով, դինամիկ է, աշխույժ, հագեցած է զվարճալի երգերով ու հետաքրքիր պարային համարներով: «Ներկայացման մեջ հնչող երգերը բազմաժանր են, քանի որ խոզուկները չէին կարող լինել նույնանման: Այստեղ հնչող բազմաժանրությունը հնչում է որպես համեմունք, որպեսզի հանդիսատեսը կարողանա լիարժեք հասկանալ կերպարների ամբողջականությունը», - հավելեց Վահե Հայրապետյանը:

Պետական կամերային երաժշտական թատրոնի բեմում նոր ներկայացման ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը նշում է, որ ներկայացումը յուրահատուկ է նրանով, որ այն միաժամանակ և երեխաների համար է, և մեծահասակների՝ այն չունի տարիքային սահմանափակում:

«Այսօր անհրաժեշտ է գտնել թատրոնի նոր ձևաչափը: Սակայն նորի մի քանի տեսակները կան. գռեհիկ նորը, և նորը, որն ունի անցյալի արմատները, թատրոնի էվոլյուցիան, որը շատ կարևոր է ինձ համար և այն առկա է այս ներկայացման մեջ: Ներկայացումը հեռացված է դասական միտումից, որ երեք խոզուկները հանգիստ իրենց համար ապրում էին, հանկարծ հայտնվեց չար գայլը և սկսեց իրենց հետապնդել: Ներկայացման դրված է մի փոքր այլ շեշտ, որ գայլն ուներ պատճառ հարձակվելու խոզուկների վրա և հեղինակը տվել է այդ նախապատմությունն իր մոտեցմամբ», - նշեց Սամսոն Ստեփանյանը:

Երաժշտական ներկայացման մեջ, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի խոսքերով, յուրաքանչյուր երգ այնպես է գրված, որ դահլիճից դուրս գալով, հանդիսատեսը շարունակի երգել դրանք: Իսկ ըստ մտահաղացման, խոզուկները ներկայացված են որպես ժամանակակից հպարտ, գոռոզ շոու աստղեր, իսկ գայլն էլ է ուզում դառնալ շոու աստղ՝ լինել ճանաչված, և նույնիսկ երգ է գրել, որը ուզում է ներկայացնել խոզուկներին: «Բնականաբար, նրա երգը հավանության չի արժանանում և իր ներքին բողոքը: Ի վերջո պատմությունը ավարտվում է նրանով, որ գայլը վերջնականորեն հասկանում է, որ կարևորը հանրահայտ լինելը չէ, աստղ լինելը չէ, այլ կարևոր է, որպեսզի հավատարիմ մնաս ինքդ քեզ», - պատմում է Սամսոն Սփեփանյանը: 

Ներկայացման վերջում Նուֆ-Նուֆը ասում է գայլին. «Շոու աստղ դառնալու համար հարկավոր է լինել խոզ՝ էությամբ, դրսևորմամբ, բայց ամեն մեկին  չի բախտ վիճակվում ծնվել խոզ»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am