Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Genealogy» խմբի երրորդ մասնակիցը Աֆրիկա աշխարհամասից է. հայտնի է նրա անունը

«Genealogy» խմբի երրորդ մասնակիցը Աֆրիկա աշխարհամասից է. հայտնի է նրա 
անունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի երրորդ մասնակցի անունը հայտնի է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, խմբի 6 մասնակիցներից երրորդը եթովպահայ սիրված երգիչ Վահե Թիլբյանն է, ով ներկայացնում է Աֆրիկա աշխարհամասը: Վառ կերպարով եւ եռանդուն բնույթով փորձառու երգիչ ու երաժշտագետ Վահե Թիլբյանը ճանաչված արվեստագետ է: Վահեն հայտնի է իր յուրօրինակ երաժշտական ոճով՝ ռոքից տեխնո, ռեգիից R&B, հայկականից եթովպական եւ լատինական երաժշտություն: Մշակութային այս խառնուրդն արտացոլում է Վահեի անհատականությունն ու առանձնացնում է նրան որպես բացառիկ արվեստագետ և պարող:

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց մրցույթին ներկայացնել նոր ձեւաչափ: Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը՝ ստեղագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա եւս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձեւավորվող խումբը կկրի «Genealogy» անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն: Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):

Խմբի առաջին մասնակիցը Եվրոպա աշխարհամասը ներկայացնող երգիչ Եսայի Ալթունյանն է (Ֆրանսիա): Եսայի Ալթունյանն իր թովիչ ձայնով գերել է ողջ Եվրոպան: Նա նաև երգահան է, դաշնակահար և դերասան: Եսայիի համար երաժշտությունը մարդկանց և նրանց սրտերը միավորելու միջոց է, համամարդկային լեզու, խաղաղության կոչ, որն ուրախությամբ է լցնում մարդկանց սրտերն ու հոգիները: Խմբի երկրորդ մասնակիցը՝ անկեղծ ու մեղեդային Թամար Կապրելյանն իր ունկնդիրներին երաժշտության միջոցով մտովի տեղափոխում է օվկիանոսների և ճանապարհների վրայով՝ դարձնելով մարդկային հարաբերություններն առավել մտերմիկ: Թամարը ամերիկահայ երգչուհի է և երգահան, ով բնակվում է Նյու Յորքում, և ներկայացնում Ամերիկա աշխարհամասը:

Չնայած երրորդ մասնակիցը՝ Վահեն, ծնվել և մեծացել է Եթովպիայում, նրա ծնողները (Գարո Թիլբյանն ու Անի Ասլանյանը) ծագումով հայ են: Նրա հայրական կողմի պապը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկված հայերից է, ում ճակատագիրը հիմնովին հաստատել է Եթովպիայում: Նրա մայրական կողմի ընտանիքի բոլոր անդամները լքել են Արևմտյան Հայաստանը՝ 1890-ականների վերջին և 1900-ականների սկզբներին:

Վահեն լրջորեն սկսել է մտածել երաժշտության մասին, երբ արդեն Կանադայի Վանքուվեր քաղաքի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի շրջանավարտ էր: Նա բակալավրի կոչում է ստացել ընդհանուր գիտություններից՝ մասնագիտանալով կենսաբանության մեջ: Այդ ընթացքում Վահեն արդեն գերված էր պարով և, լինելով պրոֆեսիոնալ միջազգային լատինամերիկյան պարահանդեսային ոճի պարող, ՛՛Salsegnochu՛՛ պարային խմբի համահիմնադիրն ու պարուսույցն էր: Այս ամենին զուգահեռ՝ Ադիս Աբեբայում Վահեն երգում էր “The Motley Singers” երգչախմբում՝ որպես գլխավոր տենոր:

Համալսարանն ավարտելուց հետո Վահեն 3 տարուց ավելի աշխատել է բիզնեսի ոլորտում և 2008 թվականին, թողնելով իր հիմնական աշխատանքը, ամբողջությամբ նվիրվել է երաժշտությանը: Իր ընկերներ Բիտիկ Էմլաելու և Լեդջ Լեոի աջակցությամբ միացել է ‘’Z Beyaynetus’’ խմբին: Շուտով DC-ից ժամանած և Եթովպիայում հաստատված պրոդյուսեր և կատարող Քենի Ալենը, լսելով Վահեին տեղի ժամանցային վայրերից մեկում, առաջարկել է նրան դառնալ իր բեք վոկալիստը` ‘’251 Band’’ խմբի ալբոմի թողարկման շրջանակում: Առաջարկն ընդունելուց հետո Վահեն աշխատել է նրա հետ երկար տարիիներ՝ հանդես գալով տեղի երաժշտական փառատոնների և այլ միջոցառումների ընթացքում: Հաջորդիվ, որոշելով փոփոխություն մտցնել իր ժանրի և երգացանկի մեջ, Վահեն միացել է ‘’Eshee Havana’’ սալսա խմբին: Նա աշխատել է եթովպական երգերի օրիգինալ ռեմիքսների՝ սալսա ոճի փոխակերպումների վրա: 2011 թվականին ‘’Big Brother Africa’’ շոուի շրջանակում հասել է եզրափակիչ փուլ:

Վահեն ինքն է գրել իր առաջին երգի՝ “Life or Something Like it” բառերը և Միքայել Հաիլուի հետ միասին գործիքավորել և ձայնագրել են երգը 2010 թվականին: Ոգեշնչվելով երգի հաջողությունից`Վահեն սկսել է գրել սեփական երգերի բառերը: 2012 թվականին նրա “Don’t Stop” սինգլն առաջադրվել է Armenian Pulse Music Award-ում՝ որպես հայ կատարողի լավագույն անգլերեն երգ և օնլայն քվեարկությամբ գրավել է 3-րդ տեղը:

2012 թվականի նոյեմբերին Վահեն ավարտին է հասցրել իր “Mixology” ձայներիզն ու թողարկել այն անվճար:      

2013 թվականի մայիսին Վահեն թողարկել է ‘’Yene Tizita’’ երգի տեսահոլովակը, որը թարգմանաբար նշանակում է կարոտ կամ հիշողություններ. այն հին եթովպական երգի վերաթողարկումն էր: Տեսահոլովակի ռեժիսորն ու պրոդյուսերը եղել են Արամազդ Կալայջանն ու Մուլուգետա Ամարուն:
Արդեն 2 տարի է Վահեն ‘’Zemen Band’’ խմբի մենակատարն է: Նա աշխատել է երգիչներ Zeritu Kebede և Michael Belayneh-ի հետ և Nubian Arc Band երաժշտական խմբի հետ: Նա նաև հանդես է եկել որպես բեք վոկալիստ և համերգի առաջին կատարող Ledj Leo, Abby Lakew, Nhatty, Tsedenya Gebremarkos, Eyob Mekonnen, Shewandagn Hailu-ի համար, ինչպես նաև ելույթ է ունեցել աֆրիկացի արտիստներ Oliver Mtukudzi, Vee and Liz Ogumbo-ի հետ, երբ նրանք հյուրախաղերվ հանդես են եկել Եթովպիայում:

Վահեն թղթակցել է Ադիս Աբեբայում հրատարակվող Zoma Magazine-ին և կարող է ազատորեն իր մտքերն արտահայտել հայերեն, անգլերեն, ամհարերեն, իտալերեն և ֆրանսերեն:

Հետագայում Վահեն մտադիր է թողարկել ևս 2 ձայներիզ, որոնցից մեկը կլինի ամբողջությամբ հայկական, մյուսը՝ եթովպական, համարժեք մշակութային-երաժշտական էլեմենտներով՝ ներկայացնելով մշակութային այն խառնուրդը, որից ինքն է սերում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]