Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Հաղթանակի գեներալները


ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին ընդառաջ «Արմենպրես»-ը նախաձեռնում է «Հաղթանակի գեներալները» հատուկ նախագիծ-շարքը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու Հայրենական մեծ պատերազմին իրենց արժանի ավանդը ներդրած հայազգի մարշալներին, գեներալներին և ադմիրալներին, որոնցից 68-ը վերը նշված բարձր կոչումներին արժանացել են 1940-1945թվականների ընթացքում, իսկ 94-ը` 1946-1997թվականներին:

Հայ ժողովուրդը, Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հետ միասին, մեծ ներդրում է ունեցել պատմական խոշոր նշանակություն ունեցած հաղթանակի գործում: Խորհրդային Հայաստանից պատերազմին մասնակցել է ավելի քան 300.000, ԽՍՀՄ-ից`500.000, իսկ ամբողջ աշխարհից`ընդհանուր առմամբ`600.000 հայ, որոնցից շուրջ 200.000-ը զոհվել է մարտերում:

Փետրվարի 23-ին, որը ԽՍՀՄ-ում նշվում էր որպես Զինված ուժերի եւ ռազմածովային նավատորմի օրը, «Արմենպրես»-ն ազդարարում է շարքի մեկնարկի մասին` ներկայացնելով հայերի սխրանքի ու փառքի պատմությունը` թվերով:

«Արիության համար» և «Մարտական ծառայությունների համար»`  66 հազարից ավելի հայորդի

ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության Գլխավոր կադրերի վարչության պարգևատրման բաժնի 1947թվականի նոյեմբերի 1-ի տվյալներով`«Արիության համար» և «Մարտական ծառայությունների համար» մեդալներով պարգևատրվել են 9 միլիոն 284 հազար 199 մարդ, որոնց թվում` ռուսներ`6 միլիոն 172 հազար 976, ուկրաինացիներ`1 միլիոն 710 հազար 766, բելառուսներ`311 հազար 105, հրեաներ`160 հազար 772, հայեր`66 հազար 802, վրացիներ`49 հազար 106, ադրբեջանցիներ`36 հազար 180 մարդ և այլն:

ԽՍՀՄ հերոս 106 հայորդիներ 

Խորհրդային Միության հերոսի կոչում շնորհվել է 106 հայորդիների, որից`4-ին Խորհրդաֆիննական պատերազմում, 101-ին`Հայրենական մեծ պատերազմում և 3-ին` հետպատերազմյան շրջանում: Ընդ որում` ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը և 47-րդ գրոհային ավիագնդի հրամանատար, օդաչու, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանը վերը նշված բարձր կոչմանը արժանացել են կրկնակի անգամ (պատերազմի տարիներին այդ բարձր պատվին արժանացել է 115 մարդ, որոնց թվում չկան ոչ ադրբեջանցիներ, ոչ վրացիներ):

Փառքի շքանշանակիրներ 

Հայրենական մեծ պատերազմում կատարած սխրանքների համար 27 հայորդիներ պարգևատրվել են Փառքի շքանշանի 3-րդ, 2-րդ և 1-ին աստիճաններով (Փառքի շքանշանի 1-ին աստիճանով պարգևատրվել է ընդամենը 2500 մարդ) ու դարձել Զինվորական փառքի շքանշանի լրիվ ասպետներ, որոնց իրավունքները ԽՍՀՄ Գերագույն  խորհրդի նախագահության 1967 թվականի սեպտեմբերի 6-ի հրամանագրով հավասարեցված են Խորհրդային Միության հերոսների արտոնություններին:

Սոցիալիստական աշխատանքի հերոսներ 

Պատերազմի տարիներին գիտության և արդյունաբերության բնագավառում կատարած նշանակալի ծառայությունների համար 12 հայորդիների շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում. ՄԻԳ կործանիչ ինքնաթիռների գլխավոր կոնստրուկտոր, ինժեներատեխնիկական զորքերի գեներալ-գնդապետ Արտեմ Միկոյանին, Հրթիռամիջուկային վահանակի ստեղծման գլխավոր կոնստրուկտոր Սամվել Քոչարյանցին և Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին այդ բարձր կոչումը շնորհվել է կրկնակի անգամ:

Կյանքի գնով սխրանքի ասպետներ 

ԽՍՀՄ պաշտպանության նախարարի հատուկ հրամաններով իրենց կյանքի գնով արտակարգ սխրանքներ կատարած 6 հայորդիների անունները առհավետ գրանցվել են իրենց ծառայած զորամասերի ստորաբաժանումների անձնակազմերի ցուցակներում:

Մարշալներ եւ ծովակալներ 

Հետպատերազմյան տարիներին բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանին 1955թվականին շնորհվել է Խորհրդային Միության մարշալի կոչում, նույն թվականին ծովակալի կոչում է շնորհվել Հովհաննես Իսակովին, 1975թվականին Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում է շնորհվել Համազասպ Բաբաջանյանին, իսկ 1980թվականին ինժեներական զորքերի մարշալի կոչում է շնորհվել Սերգեյ Ագանովին, որը պատերազմի տարիներին սակրային վաշտի հրամանատարից հասել էր բանակի ինժեներական զորքերի շտաբի պետի պաշտոնին: Հայ ծովային սպաներից փոխծովակալի (վիցե-ադմիրալ) կոչում է շնորհվել 4, իսկ դեր-ծովակալի (կոնտր-ադմիրալ) կոչում`6 հայորդիների:

Նրանք նաեւ որոշումներ կայացնողներ էին

Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայ զորավարներից մեկը եղել է ռազմաճակատի, 3-ը`բանակի, 5-ը`կորպուսի, 22-ը`դիվիզիայի, 25-ը`բրիգադի, ավելի քան 100-ը`գնդերի հրամանատարներ: Հայ գեներալներից 3-ը եղել են ռազմաճակատի ռազմական խորհրդի անդամ, 2-ը`ռազմաճակատի հրետանու հրամանատար, 3-ը`ռազմաճակատի վարչության պետ, 2-ը`ռազմաճակատի գլխավոր վիրաբույժ և այլն:

Պատերազմի տարիներին հայ ժողովրդի մեծանուն զավակները մարտնչել են բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորամասերի կազմում: Հայորդի զավակները ամենուրեք բարձր են պահել հայ ժողովրդի պատիվը, հարստացրել նրա մարտական փառապանծ ավանդույթները և իրենց արժանի ավանդը ներդրել աշխարհի առաջադեմ մարդկության ոխերիմ թշնամի ֆաշիզմի դեմ տարած պատմական հաղթանակում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ