1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԼՂՀ կառավարությունը 350 միլիոն դրամ կտրամադրի վերաբնակեցման ծրագրերի համար

ԼՂՀ կառավարությունը 350 միլիոն դրամ կտրամադրի վերաբնակեցման 
ծրագրերի համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաբնակեցման ծրագիրը ԼՂՀ կառավարության առաջնահերթություններից է: Հենց այդ պատճառով ԼՂՀ իշխանությունները տարեցտարի մեծացնում են վերաբնակեցման համար նախատեսված գումարը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը շեշտում է, որ արդեն երրորդ տարին ԼՂՀ կառավարությունն իրականացնում է վերաբնակիչներին շինանյութ տրամադրելու ծրագիրը:

«Վերջին 3 տարում պետական բյուջեից մեկ միլիարդից ավել գումար է հատկացվել այդ ծրագրին: 2015 թվականին պետական բյուջեով նախատեսված է տրամադրել 350 միլիոն դրամ շինանյութ ձեռք բերելու և այն վերաբնակիչներին հանձնելու համար: Սա շատ կարևոր ծրագիր է, որովհետև նախորդ 10 տարում Քաշաթաղի շրջանում վերաբնակեցված ընտանիքները կարիք ունեն բնակարանային պայմանների բարելավման»,- ասաց Արթուր Աղաբեկյանը` շեշտելով, որ 2014 թ. վերաբնակեցմանն աջակցող կարևոր ծրագրերից է լիբանանահայ համայնքի նախաձեռնած «Արի» ծրագիը, որի շրջանակում այս տարի 50 առանձնատուն կհանձնվի շահագործման:

Վերաբնակեցման առանցքային ծրագրերից մեկն, ըստ փոխվարչապետի, Ազգային վիճակախաղի անցկացումն է: Արթուր Աղաբեկյանի հավաստիացմամբ, արդեն երկրորդ տարին ընթացող ազգային վիճակախաղը բարձր արդյունքներ է ցույց տալիս. հասարակությունն ինքն է աջակցում Արցախի վերաբնակեցմանը` գնելով վիճակախաղի տոմսեր:  

«Արցախի կառավարությունը կարևորում է ազգային վիճակախաղի անցկացմամբ վերաբնակեցման ծրագրի խթանումը: Ավարտին է մոտենում Իշխանաձորում 10 առանձնատան կառուցումը, որի գումարն առաջացել է 2013թ. վիճակախաղի շահույթից: 2014 թ. վիճակախաղի շահույթը նույնպես կուղղվի Իշխանաձորում ենթակառուցվածքների բարելավմանը»,- ասաց Արթուր Աղաբեկյանը` հավելելով, որ Իշխանաձոր համայնքն ունի բնակիչներ ընդունելու եւ նրանց բարեկեցությունը ապահովելու բոլոր ռեսուրսները:

«Իշխանաձոր համայնքում այսօր 240 բնակիչ կա, գործում է գյուղապետարան եւ դպրոց: Գյուղն ապահովված է խմելու ջրով եւ ունի հսկայական տարածքներ բնակարանաշինության համար: Մեր առաջնային նպատակն Իշխանաձոր համայնքում բնակիչների թիվը 1000-ի հասցնելն է»,- ասաց Արթուր Աղաբեկյանը` հավելելով, որ Իշխանաձորի վերաբնակեցումը սերտ կապված է մեկ այլ` Արաքսի ափի վերաբնակեցման ծրագրի հետ: Փոխվարչապետի գնահատմամբ, իրենց առջեւ հավակնոտ եւ պատասխանատու նպատակ են դրել և վստահ են, որ արդյունքը դրական է լինելու:

«Արաքսի հովիտ» ծրագրի ուղղությամբ կառավարությունը շարունակում է ենթակառուցվածքների բարելավումը և բիզնես միջավայրի ձևավորումը` նպատակ ունենալով այդ շրջանում ևս իրականացնել վերաբնակեցման աշխատանքներ:

 «Արաքսի ափի» վերաբնակեցման ծրագրի իրագործումը նոր աշխատատեղեր կբացի: Կառավարությունը նպատակ է դրել 10 հազար հա հող նախապատրաստել հողագործության համար: Մեկ հա-ի համար ներդրված գումարը 400000 դրամ է: Լավ ենք հասկանում, որ այսօր հողօգտագործողն ի վիճակի չէ իր գրպանից այդ գումարը ներդնել եւ էռոզիայի ենթարկված հողը վերամշակել ու հողագործությամբ զբաղվել: Հետեւաբար, պետական ռեսուրսները ներդրվում են ակնկալիքով, որ հողօգտագործողը մեկ հա-ից կստանա մի քանի միլիոն շահույթ եւ հնարավորություն կունենա 10 տարվա ընթացքում վճարելու պետական ներդրումն ու դառնալու հողի սեփականատեր»,- ասաց Արթուր Աղաբեկյանը:

Արդեն երկրորդ տարին Արցախի կառավարությունն իրականացնում է Ազգային վիճակախաղը, որի հասույթն ուղղվում է երկրում վերաբնակեցման ծրագրերի իրականացմանը: Ազգային վիճակախաղում հաղթածները հնարավորություն են ունենում ձեռք բերել «Ղարաբաղ կարպետ» ընկերության գորգեր: Սա նաեւ խթանում է աշխատատեղերի բացումը, քանի որ նախորդ տարվա ընթացքում գործարանը Արցախի մի շարք շրջաններում արտադրամասեր է բացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]