Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայերին աշխարհի հետ կապող կամուրջներից մեկն եմ դառնում. Եսայի Ալթունյան

Հայերին աշխարհի հետ կապող կամուրջներից մեկն եմ դառնում. Եսայի Ալթունյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Genealogy»-ի անդամ լինելով՝ հայերին աշխարհի հետ կապող կամուրջներից մեկն եմ դառնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց երգիչ Եսայի Ալթունյանը, ով «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի առաջին մասնակիցն է:

«Նախ և առաջ, շատ հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը: «Genealogy»-ի անդամ լինելն իմ մեջ հզորության զգացողություն է առաջացնում. կարծես անցյալն ապագային, երկինքը՝ երկրին կապող օղակ լինեմ: «Genealogy»-ի անդամ լինելով՝ հայերին աշխարհի հետ կապող կամուրջներից մեկն եմ դառնում: Նաև աշխարհով մեկ երաժշտության միջոցով սեր և լավատեսություն տարածող կամուրջն եմ»,-նշեց երգիչը:

«Genealogy» խմբի առաջին մասնակից Եսային ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը: «Ես Եվրոպայի հայերին եմ ներկայացնում՝ մարդու իրավունքների և խաղաղության աշխարհամասից: Եվրոպահայերի անունից մարդասիրության և խաղաղության կարևոր ուղերձ եմ ուզում հղել: Կցանկանայի, որ աշխարհի բոլոր մարդիկ գիտակցեին, որ հայերը միշտ ավելի վեր են բարձրանալու, որպեսզի երգեն, պարեն և խինդ ու երջանկություն տարածեն»,-հավելեց նա:

Եսայի Ալթունյանն իր թովիչ ձայնով գերել է ողջ Եվրոպան: Նա նաև երգահան է, դաշնակահար և դերասան: Եսայիի համար երաժշտությունը մարդկանց և նրանց սրտերը միավորելու միջոց է, համամարդկային լեզու, խաղաղության կոչ, որն ուրախությամբ է լցնում մարդկանց սրտերն ու հոգիները: Երգիչ Եսային օրեր առաջ հարցազրույց էր տվել «Արմենպրես»-ին: Ֆրանսիայում բնակվող և մեծ ժողովրդականություն վայելող երգիչ Եսայի Ալթունյանը հայ երկրպագուների պակաս չունի: Բազմաթիվ անվանի ֆրանսիացի կատարողների համար երգեր գրած Եսային Հայաստան է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի անմեղ զոհերին նվիրված իր նոր՝  «Je n'oublie pas» («Չեմ մոռանա») երգը ներկայացնելու:

«Իմ ընտանիքն ինձ պատմել է այն մասին, թե ինչ է եղել 1915 թվականին, և ինձ փոխանցել է այդ ցավը, որը ես խորությամբ եմ զգում: Պետք է մի բան անեի 100-րդ տարելիցի համար, և ես 1,5 միլիոն հայ զոհերի հիշատակին նվիրված երգ գրեցի: Չեմ մոռանա այն, ինչ եղավ: Իմ նախնիներն էլ են ցեղասպանությունից փրկվել: Թուրքերը պետք է ներողություն խնդրեն մեզնից, իմ երգում ես ասում եմ, որ չեմ մոռանա: Ինձ համար շատ կարևոր է այս երգը: Այն ոչ միայն հայերի, այլև այլազգիների համար է, որպեսզի նրանք իմանան, թե ինչ եղավ հայ ժողովրդի հետ»,-մեզ հետ զրույցում նշել էր երգիչը:

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց մրցույթին ներկայացնել նոր ձեւաչափ: Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը՝ ստեղագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա եւս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձեւավորվող խումբը կկրի «Genealogy» անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն:
Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]