Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» գրքի հիման վրա հոլիվուդյան ֆիլմի պրեմիերան` դեկտեմբերի 31-ին

Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» գրքի հիման վրա հոլիվուդյան 
ֆիլմի պրեմիերան` դեկտեմբերի 31-ին

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժանրը` դրամա, պետությունը` ԱՄՆ, բյուջեն` հինգ միլիոն դոլար, անձնակազմը` պրոֆեսիոնալ եւ աշխարհահռչակ:

Սա IMDB.com կայքում վերջերս հայտնված համառոտ նկարագրությունն է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» գրքի հիման վրա նկարահանված «Իթաքա» ֆիլմի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Իթաքա» ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորը հոլիվուդյան գերաստղ Մեգ Ռայանն է, իսկ պրոդյուսերը` Թոմ Հենքսը, կկայանա տարեվերջին` դեկտեմբերի 31-ին ԱՄՆ-ում:

The Hollywood Reporter-ը ֆիլմն ընդգրկել է տարվա հարյուր ամենասպասված ֆիլմերի ցանկում: Ըստ ամսագրի, դրանում լուրջ դերակատարություն է ունեցել ոչ միայն Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունը, այլեւ դերասանական կազմը, որ բավական հզոր է: Բացի ռեժիսուրայից, Ռայանը ֆիլմում կմարմնավորի հերոսի մոր կերպարը: Ֆիլմում խաղում են նաեւ Մելանի Գրիֆիտը, Սեմ Շեփարդն ու Լուիս Ռոբբինսը:

Սա Ռայանի ռեժիսորական առաջին աշխատանքն է: Դերասանուհին պատմել է, որ վաղուց էր երազում ֆիլմ նկարահանելու մասին, սակայն վերջին շրջանում առավելագույն ուշադրություն դարձնում էր ոչ թե կարիերային, այլ ընտանիքին: The Guardian-ին Ռայանը խոստովանել է, որ Սարոյանի վեպն իրեն հուզել է եւ ցանկացել է ֆիլմով զրուցել ամերիկացի դեռահասների հետ, գրքի հերոսի օրինակով նրանց սովորեցնել լինել ազնիվ եւ վեհանձն:

Ֆիլմ նկարահանելու մասին հայտարարությամբ Ռայանը հանդես էր եկել նախորդ տարվա հունվարին: Հունիսի կեսին Թոմ Հենքսը հայտարարեց, որ միանում է Ռայանին, քանի որ գաղափարը նրան ոգեւորել է եւ նա ցանկանում է Սարոյանի գրքի նոր էկրանավորման մեջ ունենալ դերակատարություն:

«Richmond magazine»-ին տված հարցազրույցում Ռայանը նշել է, որ Ռայան-Հենքս զույգը հրաշալի է աշխատել: Նա աշխատանքային մթնոլորտն անվանել է «ընկերական»` հավելելով, որ նկարահանման ամեն օրը լի է եղել նոր բացահայտումներով, անակնկալներով եւ զգացմունքների տարափով: «Իմ առջեւ կային մարտահրավերներ: Մեկ բան է  ֆիլմում նկարահանվել, մեկ այլ բան է` ղեկավարել նկարահանման ամբողջ ընթացք: Սա հրաշալի էր: Ես սիրեցի այդ ընթացքը»,- ասել է Ռայանը:

Ֆիլմում Մարկուսին մարմնավորում է Ռայանի որդին`Ջեքը: Դերասանուհին պատմել է, որ իր համար արտառոց էր նկարահանման տաղավարում աշխատել որդու հետ: Նա շեշտել է, որ գրքում առկա հարաբերություններն ու գաղափարները շատ կարեւոր են ժամանակակից սերնդի համար:  Ֆիլմն արժանացել է նաեւ ԱՄՆ հայ համայնքի հավանությանն ու գնահատականին: Մասնավորապես, նախորդ տարվա դեկտեմբերին կայացած հայկական դրամատիկ արվեստի միության (ADAA) նախաձեռնած մրցանակաբաշխությանը ներկայացվել են «Իթաքա» ֆիլմի նկարահանումների ընթացքում արված լուսանկարները: Համայնքի անդամներն ու մրցանակաբաշխության կազմակերպիչներն իրենց շնորհակալությունն են հայտնել Ռայանին եւ Հենքսին` նշելով, որ այս նախաձեռնությունը շատ կարեւոր է ոչ միայն ամերիկահայերի այլեւ ամբողջ ախարհի հայերի համար: Ավելի ուշ, Ռայանն իր բլոգում շնորհակալություն է հայտնել ամերիկահայերին` շեշտելով, որ ուրախ է այդ աջակցության եւ վստահության համար:

«Մարդկային կատակերգություն» վեպի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքում Երկրորդ Համաշխարհային Պատերազմի օրոք։ Քաղաքի նախապատկեր է ծառայել Սարոյանի հարազատ Ֆրեզնոն։ Հոմեր Մակաուլեյը 14-ամյա տղա է, որը մեծանում է անհայր ընտանիքում Կալիֆորնիայի Իթաքա քաղաքում երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Հոմերի ավագ եղբայրը՝ Մարկուսը, հեռացել է տնից պատերազմում կռվելու համար, և Հոմերը զգում է տան տղամարդու դերը ստանձնելու անհրաժեշտությունը։ Դրամ վաստակելու նպատակով՝ տղան աշխատանքի է անցնում փոստային հեռագրային գրասենյակում, որտեղ ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում զինվորների մահվան մասին հեռագրեր հասցնել սպանվածի հարազատներին։ Չնայած սրան` Հոմերը շարունակում է իր առօրյա կյանքը՝ հաճախելով դպրոց և եկեղեցի, շփվելով ընկերների և ընտանիքի անդամների հետ։ Դաստիարակությունը և բնածին բարու ու չարի զգացումները տղային ստիպում են մնալ հույսերով լի և ազնվաբարո անձնավորություն։ Վեպը գրված է Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ հույս ներշնչելու համար։



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]