1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՆՓԱԿ-ում ներկայացվում են Լյուսի Աբդալյանի «Օդ» տենչող դիմանկարները

ՆՓԱԿ-ում ներկայացվում են Լյուսի Աբդալյանի «Օդ» տենչող դիմանկարները

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորարար փորձարարական արվեստի կենտրոնի ցուցասրահում բացվեց նկարչուհի Լյուսի Աբդալյանի «Օդ» խորագրով անհատական ցուցահանդեսը: Լիբանանում ծնված, Կանադայում մեծացած և Նյու Յորքում որոշ ժամանակ բնակված նկարչուհին արդեն հինգ տարի հիմնականում աշխատում է Հայաստանում:

«Արմենպրես»-ը հանդիպեց նկարչուհու հետ ցուցահանդեսի բացման նախօրեին. նա հանդիպման եկավ ուղիղ օդանավակայանից՝ Նյու Յորքից ժամանելուն պես, ուր նա գտնվում էր խաղարկային ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար:

«Ցուցահանդեսին ներկայացված են 9 աշխատանքներ` 9 կին, 9 պատմություն, 9 կյանք, որոնց ես եմ մարմնավորել: Սակայն դա նարցիսիզմ չէ, ուղղակի յուրաքանչյուր այդ դերով ես ցանկանում էի ինձ նոր բան սովորեցնել և հոգրբանորեն ազատել ինքնս ինձ: Ցուցահանդեսի համար նկարել եմ աղջիկների, ովքեր իրենք իրենց են փնտրում, խեղդվում են կապանքների մեջ և ազատություն են տենչում: Ժամանակ կար, երբ ես զգացում ունեի, թե իբր խեղդվում եմ ջրի մեջ և կողքիս կան այլ մարդիկ, ովքեր ևս կարիք ունեն օգնության: Սակայն ինչպե՞ս օգնես ուրիշին, երբ ինքդ խեղդվում ես, և մինչև օդ չառնես՝ չես կարողանա մյուսներին օգնել», - ասաց Լյուսի Աբդալյանը: 

«Երբ ՆՓԱԿ-ից ստացա ցուցահանդեսի առաջարկը, արդեն ունեի պատրաստի հավաքածու, սակայն այդ աշխատանքները շատ կարճ ժամանակ հետո գտան իրենց տերերին, և, բարեբախտաբար, գալիք ցուցահանդեսին ունեի պատրաստվելու երեք ամիս: Այդ իսկ պատճառով վերջին երեք ամիսը ոչ մեկի ցույց չեմ տվել դրանք», - ծիծաղելով հավելեց Լյուսին:

Նա մասնագիտությամբ երաժիշտ-դաշնակահար է, ով երբեք չի սիրել գործիքը և նույնիսկ բարձրագույն կրթություն ստանալուց հետո հրաժարվում է մոտենալ դրան, քանի մանկուց երաժշտությանը նախընտրում էր նկարչությունը: Այսօր Լյուսի Աբդալյանի աշխատանքները տեղ են գտնում հայազգի գործարարների հավաքածուներում, ԼԻբանանում, Նյու Յորքում, Շվեյցարիայում, Վատիկանում Հայաստանի դեսպանատանը, Քոֆի Անանի հիմնադրամի գրասենյակում:

«Նյու Յորքում չեմ կարող ստեղծագործել. այնտեղ տեղեկատվական հոսքը այնքան մեծ է, որ դու չես կարողանում մի պահ կանգ առնել և արտաբերել քո մեջ կուտակվածը: Այստեղ ես կատարյալ հանգիստ եմ, օրերով կարող եմ տանից դուրս չգալ և ստեղծագործել: Իհարկե, այստեղ ինձ վրա օտարի պես են նայում, նույնն էլ օվկիանոսի այն կողմում է: Սակայն, ապրելով  Հայաստանում, ես գիտակցում եմ իմ առաքելությունը. սա իմ երկիրն է, և այն, ինչ կարող եմ օտարին տալ, նախընտրում եմ տալ իմ ազգին», - ասաց նկարչուհին:

Ցուցահանդեսին ներկայացված են կանացի լայնամասշտաբ դիմանկարներ, որոնց կատարման ոճում նկատվում է ճապոնական անիմեի ոգին:

«Նկարում եմ միայն դիմանկարներ: Շատ եմ սիրում մարդկանց, ինձ շատ է գրավում մարդու էներգիան, հոգին: Մանկուց ինձ գրավել է ճապոնական մշակույթը, մի ճապոնացի ընկերուհի ունեմ, ում գծանկարները ոգեշնչում են ինձ: Իսկ մանուկ հասակում, հայկական դպրոցում երեխաները ինձ ծաղրում էին «ճապոնացի» անվանելով»,- նկատեց արվեստագետը` հավելելով. «Մենք չենք գիտակցում թե որքան բախտավոր ենք՝ լինելով հայ և ապրելով Հայաստանում: Մենք բախտավոր ենք՝  հրեաների պես օրհնված ազգ ենք, քանի որ հենց Արարատ լեռան վրա պետք է Նոյի տապանը կանգ առներ: Մենք եղանք առաջին ազգը, ով ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն: Այդ առումով մեզ առավելապես անհրաժեշտ է հոգևոր սնունդը. առանց դրա մենք չենք կարողանա գոյատևել: Ցուցահանդեսին ներկայացված նկարների շարքում մի նկար ունեմ, որտեղ պատկերել եմ ինձ` հոգևորականի հանդերձանքներով, ինչով ցանկանում եմ ասել, որ յուրաքանչյուրս կարող ենք լինել մեր հոգևոր ուսուցիչը: Միայն այսպես մենք կկարողանանք դեպի լավը փոխել ինքներս մեզ՝ արդյունքում էլ մեր շրջապատը կբարեկարգվի»:

Առաջին անգամ նկարչուհու աշխատանքները հանրության առջև ցուցադրվել են Կալիֆորնիայի ժամանակակից արվեստի սրահում, որտեղ նա հրավեր էի ստացել մասնացելու խմբակային ցուցահանդեսի: Ցուցասրահում սահմանված նվազագույն գնով ներկայացված երկու աշխատանքները շատ արագ վաճառվեցին, ինչը զարմացրեց առաջին հերթին հեղինակին: Դրանից հետո Լյուսի Աբդալյանի աշխատանքները հայտնվել են ԱՄՆ այլ ցուցասրահներում, Հոնգկոնգում, Հայաստանում:

Լյուսի Աբդալյանի՝ «Օդ» խորագրով անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: Լուսանկարները` Անահիտ Մինասյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]