Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանում հակասեմականություն չկա ու չի էլ եղել. Ռիմա Վարժապետյան- Ֆիլլեր

Հայաստանում հակասեմականություն չկա ու չի էլ եղել. Ռիմա Վարժապետյան-
Ֆիլլեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում երբեք չի եղել հակասեմականություն, և այսօր էլ մենք ոչ մի կերպ նման տրամադրություններ չենք զգում: «Արմենպրես»-ի  հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայաստանում հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆիլլերըˋ անդրադառնալով վերջին շրջանում օտարերկրյա մի շարք լրատվամիջոցներում շրջանառվող հոդվածներին, որոնցում Հայաստանն ու հայերը զրպարտիչ կերպով մեղադրվում էին հակասեմականության մեջ: «Ցավոք, հարևաններին չեն ընտրում: Եվ Հայաստանն, ի դեմս Ադրբեջանի, թշնամական հարևան ունի: Այդ ժողովուրդն այնքան է զոմբիացած այն գաղափարով, որ հայերը թշնամի են, որ ամեն ինչին նայում են միայն այդ պրիզմայով: Ես շատ եմ ափսոսում, որ այս պայքարի մեջ են ներքաշվել հրեական համայնքները: Հրեական համայնքը պետք է զերծ մնա քաղաքական հարձակումներից և խաղերից: Ես միշտ ասել եմ և հուսով եմ ապագայում էլ ասել, որ Հայաստանում հակասեմականություն չի եղել: Հրեականության հետ կապված խնդիրներ մենք չունենք»,- ասաց Վարժապետյանը:

Նրա կարծիքով այդ հոդվածները ոչ այլ ինչ են, քան քաղաքական պատվեր, իսկ հոդվածների հեղինակները Իսրայելում բարեկեցիկ կյանքով բնակվող և Ադրբեջանի հովանավորությունը վայելող անպատասխանատու վերլուծաբաններ և շինծու «պատմաբաններ» են, ովքեր վաճառվում են և նենգափոխում իրողությունը:

«Չենք հասկանում, որտեղից է «Զրպարտության դեմ լիգան» նման տեղեկություններ հավաքել: Փոխանակ հետամուտ լինելու իրենց երկրումˋ Ադրբեջանում, տիրող հակասեմականության դրսևորումներին և վերացնելու դրանց պատճառները, այդ լրագրողները, «պատմաբանները» մատնացույց են անում Հայաստանին»,- նշում է Հայաստանում հրեական համայնքի ղեկավարը և հավելում,- «Մենք պետք է աշխարհին մեր տեսակետը հայտնենք, ցույց տանք, որ սա սադրանք է, պրովոկացիա, իրականության նենգափոխում: Եթե մենք ինչ-որ խնդիրներ էլ ունենք երկրի ներսում, ապա ինքնուրույն ենք լուծում մեր խնդիրները: Հայաստանի հրեական համայնքներին չպետք է ներքաշել այդ ինտրիգների մեջ»:

2014 թվականի վերջերից սկսածˋ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին մի շարք օտարերկրյա լրատվամիջոցներˋ haaretz.com, jns.org, The Hill, միակողմանի և կասկածելի տեղեկատվությամբ հոդվածներ հրապարակեցին, ուր Հայաստանը ներկայացվում էր որպես հակասեմական երկիր: Հրապարակումներից հետո անմիջապես առանձին հոդվածով հանդես եկավ Հայաստանի հրեական համայնքի նախագահ տիկին Ռիմա Վարժապետյան-Ֆելլերըˋ հերքելով ապատեղեկատվությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]