1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ավետիս Ահարոնյան. հայոց պատմության հայտնին և հայ գրականության անհայտը

Ավետիս Ահարոնյան. հայոց պատմության հայտնին և հայ գրականության անհայտը

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավետիս Ահարոնյանը շատերիս համար հիմնականում հայտնի է որպես քաղաքական գործիչ և Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի նախագահ: Հենց նա է Հայաստանի կողմից ստորագրել Սևրի հաշտության պայմանագիրը: Սակայն անվանի գործիչը, մոտ քառասուն տարվա քաղաքական գործունեությանը զուգահեռ հեղինակել է ժամանակին տասը հատորով տպագրված պատմվածքներ և հիշողություններ: Խորհրդային համակարգն ամենայն մանրամասնությամբ աշխատել է ջնջել նրա գրական ժառանգությունը:

Բանասեր Վարդան Գրիգորյանի հետ «Արմենպրես»-ի զրույցն այն մասին է, թե ինչպես «Ավետիս Ահարոնյան. Հայոց ազատասիրության և տառապանքի տարեգիրը» գրքի հեղինակը, ով մոտ 20 տարի ուսումնասիրել է գրողի ստեղծագործությունը, գերվեց նրա գեղարվեստական ժառանգությամբ և ինչպիսի խոչընդոտներ հաղթահարեց:

-Ինչու՞ որոշեցիք Ձեր գիտական աշխատանքը նվիրել Ավետիս Ահարոնյանի գրական ժառանգությանը:

-Վերակառուցման տարիներին, ավարտական շրջանում, ասպիրանտուրա դիմելիս պրպտումների մեջ էի, թե ինչ թեմա ընտրեմ, որը մեր իրականության համար դեռեևս անծանոթ լիներ: Ուղղությունը տարավ այն գործիչների ճանապարհով, որոնք մերժվել էին խորհրդային գաղափարախոսության հետևանքով: Այս հեղինակների թվում Հակոբ Օշականն էր, Լևոն Շանթը, նաև Ավետիս Ահարոնյանը: Մասնավորապես ինձ գրավեց այդ մարդու հանդեպ չափազանց խորհրդավոր վերաբերմունքը:

-Ո՞րն էր Ավետիս Ահարոնյանի խորհրդավորությունը:

-Գորբաչովյան վերակառուցման տարիներից սկսել էին գրել ժամանակին մերժված գրողների մասին: Թերթերից և ամսագրերից գտնում էի պատառիկներ Ահարոնյանի մասին` որպես գրողի, արձակագրի, պոետի և դրամատուրգի: Պարզվեց, որ նրա գործերը հրատարակվել էին տասը հատորով: Այդ իսկ պատճառով 1991թ. ասպիրանտուրա ընդունվելիս ընտրեցի Ավետիս Ահարոնյանի թեման: հետո բոլոր նոր ընդունված ասպիրանտներին իր մոտ հրավիրեց ՀՀ ԳԱԱ նախագահ երջանկահիշատակ Վիկտոր Համբարձումյանը, ով բոլորին հերթով հարցնում էր, թե որ բնագավառներից են, ինչ նորություն են պատրաստվում մտցնել իրենց ոլորտներ, և երբ հերթը հասավ ինձ ու հպարտորեն ասացի, որ Ավետիս Ահարոնյանի թեման եմ ընտրել, նա ինձ զարմացած հարցրեց. «Իսկ Ձեր ուժերը կբավե՞ն»: Պարզվեց, որ նա ոչ միայն ծանոթ էր Ավետիս Ահարոնյանի անվան հետ, այլև քաջատեղյակ էր:

-Ինչպիսի՞ դժվարությունների էիք հանդիպում`փնտրելով այն, ինչը գրեթե ոչնչացված էր:

-Սկսեցի քրքրել ակադեմիական գրականագիտությունը, և պարզվեց, որ Ավետիս Ահարոյնանի մասին ոչ մի տեղ նյութ չկա, իսկ այնտեղ, որտեղ նույնիսկ հիշատակություն կար, համապատասխան էջը գրքից խնամքով պոկված էր: Կարդալով Վահան Տերյանի հայտնի հոդվածը «Հայ գրականության գալիք օրը»՝ կգտնեք այսպիսի մի միտք. «Ավետիս Ահարոնյանի գրականությունը չէ մեր վաղվա գրականությունը»: Դա ավելի գրգռեց իմ հետաքրքրությունը: Սակայն Ազգային գրադարանի հատուկ արխիվներում կարողացա ծանոթանալ բազում հետաքրքրի տեղեկությունների Ահարոնյանի գործունեության մասին: Ասպիրանտուրա ընդունվելուս տարիներին երկրում բավականին ծանր սոցիալական և քաղաքական իրավիճակ էր, և այդ ֆոնի վրա անհրաժեշտ էր զբաղվել նաև գիտական աշխատանքով: Մի թեհրանաբնակ հայից պարզեցի, որ Իրանում վերահրատարակվել է Բոստոնում նախատպագրված Ահարոնյանի տասհատորյակը: Այն գրված էր դասական ուղղագրույամբ: Ինձ հաջողվեց ձեռք բերել այդ հատորները, Իրանից ստացա: Մեկ շնչով կարդացի այդ տասը հատորը:                                   

-Եվ ինչո՞վ է յուրահատուկ Ավետիս Ահարոնյանի գրականությունը:

-Կարդալով իրեն՝ ավելի էր մեծանում ներքին վախս, և ավելի պարզ էի հասկանում Վիկտոր Համբարձումյանի խոսքերը: Իրականում, Ավետիս Ահարոնյանին մոտենալը բավականին բարդ գործ է, այնքան, որ քանի կարդում ես՝ հասկանում ես, թե որքան խորը, չափազանց ազգային գրող է, համամարդկային, և մեծ հումանիստ: Այդ իսկ պատճառով վախենում էի գրիչ վերցնել, որ հանկարծ սխալ բան չգրեի: Նա հանդիսանում էր Րաֆֆու հոգևոր աշակերտը: Այսպիսի գրական ճոխ լեզու Րաֆֆուց հետո մենք չենք ունեցել՝ այդքան հարուստ բառապաշարով: Նա եզակի գրողներից է, ով անդրադարձել է ազատագրական պայքարին, թուրք-քրդական ջարդերին, իրեն կարդալուց նույնիսկ արյան հոտն եմ զգացել:

Իր ազատագրական շրջանի պատմվածքներով նա լավ հայտնի էր արևմտահայ ընթերցողին, իր գործերը կենդանության օրոք նույնիսկ թարգմանվել էին այլ լեզուներով: Դեռ տակավին երիտասարդ` 1898-1901 թ. արժանացել էր ֆրանսիական ակադեմիայի մրցանակին: Գաղտնիք չէ, որ ցարական կառավարությունը հետապնդում էր ազատամիտ մտավորականներին: Ձերբակալված Ահարոնյակի մասին քննիչը ասել էր հետևյալը. «Եթե պատկերավոր խոսենք Դաշնակցության և դրա գործիչների մասին, ապա առաջին տեղում պետք է դնել կազմակերպիչներին, այնուհետև ֆիդայիների շարանը, իսկ ամենավերևում, արծվի պես թևերը փռած, կանգնած է Ավետիս Ահարոնյանը, որի փետուրներից արյուն է ծորում. ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ»: Սա եղել է քննիչի եզրակացությունը, որը բեկման ենթակա չէր: Եվ Ֆրանսիայի դաշնակցականները կարողանում են այնպես անել, որ նրան կենդանի թողնեն և ազատ արձակեն: Բանտից ազատվելիս նա պայման է դնում, որ մենակ դուրս չի գա և իր հետ պետք է ազատվեն մի քանի հոգի ևս, այդ թվում` նաև Ավետիք Իսահակյանը:

-Դուք նշեցիք գրողի`ժամանակին տպագրված տասհատորյակի մասին, դրանք արևելահայերեն վերահրատարակվե՞լ են:

-Մեզ հասանելի է միայն իննսունականներին տպագրված «Խավարի մեջ» երկհատորյակը, թեպետ հույս կա, որ հաջորդ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նրա «Ազատության ճանապարհի» շարքը կներառվի պետական աջակցությամբ հրատարակվելիք գրականության ցանկում:

-Իսկ ու՞մ համար է նախատեսված Ձեր գիրքը: Ո՞ւմ այն առավել հետաքրքիր և օգտակար կլինի:

- Ես գրել եմ գիտահանրամատչելի ոճով և փորձել եմ զերծ մնալ գիտական նեղ տերմինաբանությունից: Այն հասցեագրել եմ առաջին հերթին ուսուցիչներին, քանի որ միջին դասարանների ծրագրում կան Ահարոնյանի սիմվոլիստական ոճի պատմվածքները, օրինակ` ցեղասպանությանն առնչվող «Աքաղաղը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]