Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Օրդֆիլմ» ընկերությունը հանրությանը ներկայացրեց երկու նոր ֆիլմ

«Օրդֆիլմ» ընկերությունը հանրությանը ներկայացրեց երկու նոր ֆիլմ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ընկերությունն արդեն հինգ տարվա պատմություն ունի: Ընկերությունն իր հոբելյանը նշեց դեկտեմբերի 10-ին՝ միանգամից երկու կինոնկարների պրեմիերայով: «Հոգեվարք» խաղարկային և «Լույս առանց աչքերի» վավերագրական ֆիլմերը ներկայացվեցին հանրության դատին:

«Օրդֆիլմ» ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Օրդյանն ընդգծեց, որ ընկերությունn ստեղծելու ճանապարհին բազմաթիվ դժվարությունների է հանդիպել: «Դժվար էր ոչ միայն ստեղծագործական, այլև վարչական, ֆինանսական, տնտեսական առումով: Եղել են տարիներ, որ պարզապես կանգնած ենք եղել փակել-չփակելու խնդրի առաջ, սակայն մենք ուժ գտանք մեր նվիրյալների շնորհիվ և կարողացանք հաղթահարել դժվարությունները: Այսօր «Օրդֆիլմ»-ը բավականաչափ լուրջ առաջընթաց է արձանագրել ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրի կինոդաշտում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հայկ Օրդյանը:

Նրա համոզմամբ՝ կինոընկերություն ստեղծողները երբեք չպետք է հիասթափվեն, որովհետև սկզբնական շրջանն անկանխատեսելի է և հագեցած լուրջ խնդիրներով: «Մենք արդեն աշխատում ենք արտասահմանյան հեղինակավոր ընկերությունների հետ, գտել ենք գործընկներներ, իրականացնում ենք համատեղ արտադրություն»,- հավելեց «Օրդֆիլմ»-ի հիմնադիրը:

«Լույս առանց աչքերի» վավերագրական ֆիլմի հեղինակը Նաիրա Փայտյանն է: Նրա հերոսուհին՝ Նառան, կույր է, և ապրում է իր փոքրիկ աղջկա հետ:

«Ես իմ հերոսներին պատահական եմ հանդիպել: Նառան փորձում է հաղթահարել խոչընդոտներն առանց այլ մարդկանց օգնության: Լավատեսորեն տրամադրված, մեծ ձգտումներ ունեցող մարդ է: Առանց վարանելու երեխա է ունեցել և պահում է նրան մեծ դժվարությամբ: Նա ամեն ինչ անում է իր երեխային արժանապատիվ ձևով պահելու համար»,-նշեց Նաիրա Փայտյանը:

Նրա խոսքով՝ Նառան, իսկապես, լույսը տեսնում է առանց աչքերի: «Աննկարագրելի ներաշխարհի տեր ունեցող մարդ է: Երեխային ցանկացել են խլել նրանից, որովհետև, ըստ էության, կարծրատիպ կա, որ կույր մարդը չի կարող երեխա խնամել, բայց նա խնամում է իր երեխային շատ մայրերից ավելի լավ»,- հավելեց նա:

Միջոցառման ընթացքում «Օրդֆիլմ» ընկերությունը պատվոգրեր հանձնեց բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել ընկերության կայացման գործում, այդ թվում` «Արմենպրես» լրատվական գործակալությանը: 

«Օրդֆիլմը» հիմնադրվել է 2009 թվականի հունվարի 20-ին: Ընկերության առաջնային նպատակն է մեր երկրում նպաստել կինոարտադրությանը, համատեղ նախագծեր իրականացնել թե' հայկական, թե' օտարերկրյա կինո և հեռուստաընկերությունների հետ: Ընկերությունն իրականացնում է նաև հեռուստանախագծեր: Հաղորդումները հիմնականում ունեն մշակութային ու ճանաչողական բնույթ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]