Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանը կհիմնանորոգվի 2015 թվականին


ԳՅՈՒՄՐԻ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դեկտեմբերի 5-ին աշխատանքային ացով Շիրակի մարզում էր: Այցի շրջանակներում նախարարը այցելեց Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի մասնաճյուղի Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան, հանդիպեց թանգարանի աշխատակիցների հետ, ծանոթացավ մասնաճյուղում առկա խնդիրներն:

Թանգարանը հիմնադրվել  է 1984 թվականին, սակայն այսօր այն չի գործում՝ ունի հիմնանորոգման լուրջ  խնդիր: Թեև կառույցը  2003 թվականին «Լինս»-ի հիմնադրամի միջոցներոցներով վերանորոգվեց, սակայն, տարածքի ստորգետնյա ջրերի պատճառով այն շատ շուտ կրկին անմխիթար վիճակում հայտնվեց՝ չնայած այս հանգամանքին, որ թանգարանի աշխատակիցներին հաջողվում է ոչ միայն պահել ու պահպանել այն արժեքավոր նյութը, որ ունի թանգարանը, այլ նաև թանգարանային ֆոնդը համալրել նորերով. այս պահին թանգարանն ունի ընդհանուր 3 հազար նմուշ, այդ թվում` քանդակագործի հետմահու ցուցադրվող 30  դիմակ և 13 քանդակ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Սոնա Հարությունյանը, շենքի վերանորոգման նախագիծ կար դեռ 2013 թվականին, սակայն այդ աշխատանքները հետաձգվեցին: 

ՀՀ մշակույթի նախարարին ու թանգարանի աշխատակիցներին թանգարանի հիմնախնդիրը լուծելու խոստում տվեց Շիրակի մարզպետը: Ֆելիքս Ցոլակյանը թանգարանում Հասմիկ Պողոսյանին տեղեկացրեց, որ թանգարանի հիմնանորոգման աշխատանքները կընդգրկվեն ՀՀ կառավարության Շիրակի մարզի հրատապ խնդիրների լուծման  2015 թվականի ծրագրում:

«Այս պահին թանգարանը վերանորոգելու հիմնաքարը դրվեց՝ 2015-ին այն կվերանորոոգվի և կգործի նորացված, բայց հինը  չմոռացված ցուցադրությամբ»,- նշեց Սոնա Հարությունյանը՝ ավելացնելով, որ շենքը այս անգամ ստորգետնյա ջրերից պաշտպանելու համար կկիրառվի դրենաժային համակարգ:

«Հաջորդ տարի նախատեսել ենք վերանորոգել այս թանգարանը, որի համար կպահանջվի մոտ 45 մլն դրամ: Կստեղծվեն այն պայմանները, որ թանգարանը լիարժեք գործի, ինչը շատ կարևոր է»,- նշեց Շիրակի մարզպես ֆելիքս Ցոլակյանը:

«Շիրակի մարզպետը խոստացավ, որ կառույցի վերանորոգման աշխատանքները 2015 թվականին  կընդգրկվեն մարզի հրատապ լուծում պահանջվեղ խնդիրների ծրագրում, և դա շատ կարևոր է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ թանգարանը անցած տարվանից ունի ոչ միայն իր հին մշտական ցուցադրությունը, այլ նաև արխիվային մեծ ցուցադրություն, որը թանգարանին նվիրաբերվել է Մերկուրովի ժառանգների կողմից: Կարծում եմ, որ այստեղ կտեղափոխվեն նաև աշխատանքներ այլ ֆոնդերից և թանգարաններից, և այս պարագայում, Երևանից կբերվեն  մշակութային արժեքներ»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հասմիկ Պողոսյանը:

ՀՀ մշակույթ ի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ Մերկուրովի թանգարանում մշակույթի ոլորտում ունեցած ներդրման ու զարգացման, ինչպես նաև երկարամյա արդյունավետ գործունեության համար ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով պարգևատրեց Ս. Մերկուրովի տուն-թանգարանի վարիչ Արշակ Մանուկյանին:

Արմենուհի Մխոյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ