Ստեփանակերտ և Վալանս քաղաքների միջև Բարեկամության հռչակագիր կստորագրվի
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Վալանս քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի միջև կստորագրվի Բարեկամության հռչակագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտաքին գործերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի հետ հանդիպման ժամանակ ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
Հանդիպման ընթացքում Նիկոլա Դարագոնը տեղեկացրել է, որ նոյեմբերի 17-ին Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի ներկայությամբ տեղի ունեցած պաշտոնական ընդունելության ժամանակ հայտարարել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակին անդամակցելու իր որոշման մասին:
Շնորհակալություն հայտնելով Նիկոլա Դարագոնին այս նախաձեռնության համար` նախարարը վերջինիս է փոխանցել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի` Վալանս և Ստեփանակերտ քաղաքների միջև Բարեկամության հռչակագիր ստորագրելու առաջարկին պաշտոնական համաձայնությունը:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Բուրգ Լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն, Վալանսի փոխքաղաքապետ Անի Կուլակսեզյան-Ռոմին, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:
Նույն օրը ԼՂՀ մշակույթի նախարարը, Բուրգ լե Վալանսի և Վալանսի քաղաքապետերը ներկա են գտնվել Բուրգ լե Վալանս և Շուշի քաղաքների միջև ստորագրված Բարեկամության հռչակագրից բխող մշակութային փոխգործակցության շրջանակներում կազմակերպված «Արցախի ձայներ» խմբի համերգին` Բուրգ լե Վալանսի Ռոնի թատրոնի դահլիճում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում