Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Մեկնարկեցին կրթության գերազանցության ազգային ծրագրի հանրային լսումները


ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության գերազանցության ազգային ծրագիրը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար: Ծրագիրն իրականացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը՝ համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ: Կարևորելով նախաձեռնության արդյունավետ իրականացումը՝ Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում անցկացվում են հանրային լսումներ, որոնց մեկնարկը տրվեց նոյեմբերի 12-ին Երևանում: Իրադարձությանը մասնակցեցին մտավորականներ և հասարակական գործիչներ:

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ողջունելով հանրային լսումների մասնակիցներին, ընդգծեց, որ մեկնարկում է շատ լուրջ և կարևոր ծրագիր:  «Վստահ եմ, որ ակտիվ հանրային քննարկումներ կունենանք: Շատ երկար է քննարկվել ծրագիրը, և, կարծում եմ, կարող է դրվել հանրային քննարկման: Ծրագիրը մեծ նշանակություն ունի մեր երկրի համար, դրանով է պայմանավորված, որ հանրային քննարկումներն էլ ձևական բնույթ չեն կրում: Կոչ եմ անում, որ բոլորս պատասխանատու վերաբերմունք դրևսորենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մանուկ Մկրտչյանը:

«Այբ» կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը խոսեց ծրագրի պատմության մասին՝ ընդգծելով, որ ապագան ուսուցիչների ձեռքում է: «Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում բարձրանա կրթական որակը: Ցանկանում ենք, որ Հայաստանը ունենա միջազգայնորեն ճանաչված կրթական պլատֆորմ և լավ ուսուցիչների համայնք, որպեզի դպրոցը դառնա գիտելիքների և արժեքների դարբնոց: Ծրագիրը պետական է, սակայն դրանում ներգրավված են նաև միջազգային գործընկերներ»,-նշեց նա:

Մեսրոպ քահանա Արամյանի խոսքով՝ Քեմբրիջի համալսարանը և Լոնդոնի կրթության ինստիտուտն աշխարհի շատ երկրներում են ռեֆորմներ իրականացրել:

«Մենք ցանկանում ենք պատրաստել  ուսուցիչներ, որոնք կփոխեն աշխարհը և կզգան իրենց վրա դրված առաքելությունը: Ծրագրի վրա աշխատել ենք մեկ տարուց ավելի, այն պետական է, այսինքն՝ պետական բյուջեից է ֆինանսավորվելու, կունենանք նաև այլ գործընկերներ»,-պատասխանելով հանրային լսումների մասնակիցների հարցերին՝ նշեց տեր Մեսրոպը:

Նա հավելեց նաև, որ ծրագրի նախաձեռնողները սերտ համագործակցելու են ուսուցիչներ պատրաստող բուհերի հետ, փորձելու են միջազգային ծրագրեր բերել մեր կրթական հաստատություններ:

«Մենք ցանկանում ենք, որ երիտասարդությունն ընտրի ուսուցչի մասնագիտությունը, և այն պահանջարկ վայելի Հայաստանում՝ դառնալով ամենաբաղձալի մասնագիտությունը»,-հավելեց նա:

Ծրագրի նպատակն է կարևորել ուսուցիչների դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն և ձևավորել մրցունակ, առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների համայնք:

Գործընթացն իրականացվելու է մի քանի փուլով: Առաջին փուլում «Այբ» կրթական ծրագիրն անցնելու է միջազգային հավատարմագրման գործընթաց և ստանալու է միջազգային ծրագրի կարգավիճակ: Երկրորդ փուլում վերապատրաստվելու են մանկավարժները: Երրորդ փուլում այդ մանկավարժները մտնելու են դպրոցներ: Ծրագրում ընդգրկված են լինելու 12 ավագ դպրոցներ: Դպրոցների ցանկը կհաստատի ԿԳՆ –ն: Բացի այդ, առաջիկայում լավ ուսուցիչները հնարավորություն կստանան ունենալ բարձր աշխատավարձ:

Առաջիկա տասնամյակում Հայաստանը կունենա միջազգային որակավորում ստացած երկու հազար ուսուցիչ, ովքեր պատրաստ կլինեն իրականացնելու կրթության գերազանցության ազգային ծրագիրը:

 Այս մասին սեպտեմբերի 13-ին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում ուսուցիչների հետ հանդիպմանը նշել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Ցանկացած երկրի ապագան կերտվում է դպրոցում, և ցանկացած կրթական ծրագիր հաջողվում է այն դեպքում, եթե կան համապատասխան որակավորմամբ կադրեր: Դարեր ի վեր ուսուցիչն ունեցել է ամենաբարձր դիրքը հասարակությունում, և այսօր էլ մենք ունենք խնդիր ամրապնդելու այդ դիրքը: Մեր ուսուցիչները պետք է պատրաստվեն միջազգային չափանիշներին համապատասխան: Այդ նպատակով Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը և  «Այբ» կրթական համալիրն սկսում են լայնամասշտաբ կրթական ծրագիր, որն անվանվել է «Կրթության գերազանցության ազգային ծրագիր»: Դրա նպատակն է գրավիչ դարձնել կրթությունը և լավագույն մասնագետների միջոցով ձևավորել ուժեղ կրթական համակարգ, ուր յուրաքանչյուր ուսուցիչ իրեն կզգա որպես առաքելություն կատարող»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել էր ՀՀ նախագահը: Նախագահը վստահեցրել էր, որ կրթության որակի շարունակական բարձրացումը լինելու է պետական կառույցների գերխնդիրը, սակայն կարևորել նաև հասարակության մասնակցությունն այդ գործընթացում

Ծրագրի շրջանակներում կստեղծվի ռեսուրսների հարուստ կենտրոն, որը կաջակցի Հայաստանի ողջ ուսուցչական համայնքին՝ կատարելագործելու դասավանդման բովանդակությունը և հմտությունները, կօգնի ներդաշնակեցնելու տեղական և միջազգային կրթական չափորոշիչները և տեղայնացնելու համաշխարհային լավագույն փորձը Հայաստանում:  




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ